top of page

Մոնթեի խճճված կյանքն ու միակ սերը

18 февр. 2020 г.
2 мин. чтения

Հայաստանի ու Արցախի պատմության մեջ հավերժ կմնա Մոնթե Մելքոնյանի անունը: Նա մարդկային լավագույն արժեքները մարմնավորած հրամանատար էր, որ գիտեր հավասարի պես վարվել զինվորների, վեհանձն կերպով՝ գերիների հետ: Արցախյան հերոսամարտի նվիրյալն այսօր կդառնար 62 տարեկան։


Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում 1957 թվականին ծնվեց Մոնթեն: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն ծնողների հետ ճամփորդեց աշխարհի 41 երկրում: Ճամփորդություններից շատ բան սովորեց, բայց նրա կյանքը շրջադարձ ապրեց երկու կարևոր իրադարձությունից հետո, երբ իմացավ իր ով լինելը և այցելեց իր պապերի երկիր:


Մի անգամ ուսուցչուհին նրան հարցրեց՝ ի՞նչ ազգություն ունես: Մոնթեն անմիջապես պատասխանեց, որ ամերիկացի է: Ուսուցչուհին էլ, թե՝ ամերիկացի լինելով՝ պետք է նաև ազգություն ունենաս: Մոնթեն շտապեց տուն և իր ազգային պատկանելության մասին հարցրեց ծնողներին: Հայ էր: Ավելորդ ժամանակ չկար. Մոնթեն սկսեց ծանոթանալ՝ ովքե՞ր են հայերը, և որտե՞ղ են ապրել իր պապերը:


Նա այս հարցադրումներով այցելեց պապերի երկիր` այժմյան Թուրքիա: Սկզբում չէր հասկանում, թե ինչու են իրենք այդքան հեռու ապրում հայրենիքից: Հարցի պատասխանը ստացավ հայրենիքի պատմությունն ուսումնասիրելուց հետո։


Մոնթե Մելքոնյանը սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում՝ հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժնում: Նա ուներ բացառիկ ընդունակություններ, 4 տարվա ծրագիրը յուրացրեց երկուսուկես տարում: Մոնթեն տիրապետում էր 7 լեզվի: Բուն կրթական պրոցեսներից դուրս Մոնթեն զբաղվում էր նաև հայանպաստ գործունեությամբ: Նա հիմնեց «Հայ ուսանողների միությունը», կազմակերպեց Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ:


Մոնթեն առաջին անգամ Հայաստան է այցելել 1990 թվականին: Մոտ մեկ տարի նա զբաղվեց գիտական աշխատանքով, հետո իմացավ Շահումյանում լարված դրության մասին ու «Ավո» կեղծանվամբ մեկնեց Արցախի հյուսիսային դարպաս:


Ղեկավարեց Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից է Օմարի լեռնանցքի նվաճումը։


1993 թվականի հունիսի 12-ին հերոսն ընկավ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:


Հասարակ ժողովրդից մինչև զինվոր ու հրամանատար սիրում էին Մոնթեին: Տեղեկություն կա, որ մարտունեցիները չէին թողնում` Մոնթեի դին այնտեղից տանեն. Մոնթեն նրանցն էր:


Մարտական ընկերներից Սլավիկ Հայրապետյանը մի առիթով պատմել է, որ Մոնթեն շրջում էր կարկատած հագուստով, իսկ նոր բաճկոնները բաժանում էր զինվորներին: Իսկ գերիների հանդեպ հատուկ ուշադրություն էր պահանջում:


«Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց. «Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում»։ Ասեցի․ «Ավո, ի՞նչ կերակրել»։ Ասեց․ «Պետք է 3 անգամ կերակրել»։ Ես էլ, թե` Ավո, կարո՞ղ է պատահի՝ մի հատ էլ լողացնենք, ասեց` այ ճիշտ ես ասում, նաև լողացրու»,- պատմեց Սլավիկ Հայրապետյանը:


Մոնթեն չէր սիրում երկու բան՝ երբ իրեն շողոքորթում էին և ալկոհոլային խմիչքներ էին օգտագործում: Երկու դեպքում էլ այդ մարդկանց անվանում էր «էշ»: Դա Մոնթեի ամենավատ բառն էր: Մոնթեի մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանը կարոտով ու ժպիտով է հիշում Մոնթեի հետ պատահած դեպքերից մեկը.

— Դու ո՞վ ես։

— Ես հրամանատարն եմ։

— Դուն էշ ես։

— Դու ո՞վ ես։

— Ես հրաձիգն եմ։

— Դուն էլ ես էշ։

Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր, ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։

— Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես»:


1983 թվականին Մոնթե Մելքոնյանը հեռախոսով սեր խոստովանեց Սեդային: Ու այդ օրվանից նրանք անբաժան եղան: Նա մինչև օրս էլ հիշում է իր հերոսին: Սեդան որդի ունի. առանց վարանելու տղան կնքվեց Մոնթե անունով:

ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page