Մոսկվայի ուղերձը Բաքվին ու Անկարային՝ «Всё идёт по плану»

09.08.2022

Ռուս-թուրքական վերջին համաձայնությունները որոշ հարցերում այնքան նշանակալի են, որ Անկարային «քարտ բլանշ» է տրվել՝ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ


«Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում», սա Ռուսաստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին Ռեջեփ Էրդողանի հայտարարությունն է՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից անմիջապես հետո, որը Թուրքիայի նախագահը հնչեցրել է օդանավում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։


Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներն անցյալ շաբաթ Սոչիում ավելի քան չորս ժամ բանակցեցին։ Պուտինի հետ հանդիպումը սկսելիս էրդողանը շեշտել էր. «Մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում։ Ես այստեղ ներառում եմ էներգետիկ համագործակցության հարցերը, հացահատիկի արտահանման հարցերը Սեւ ծովում, զբոսաշրջությունը, տարածաշրջանային հարցերը: Մեզ համար կարեւոր է ահաբեկչության դեմ պայքարը տարածաշրջանում։ Այսօր աշխարհը հետեւում է Սոչիի բանակցություններին»: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը չէր բացառել, որ Պուտինն ու Էրդողանը «մտքեր փոխանակեն Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետ կապված»։


Անկարան հստակ աջակցում է Ուկրաինային, ավելին, Թուրքիան ընդգծված դատապարտել է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժելու եւ լայնածավալ պատերազմ սկսելու համար, սակայն Էրդողանը հմտորեն առաջ է տանում իր խաղը՝ Ռուսաստանի հետ, չմիանալով արեւմտյան պատժամիջոցներին: Ավելին՝ Անկարան հանդես է գալիս միջնորդի դերում, եւ ինչպես երեւում է՝ այդ դերում Էրդողանը Պուտինին բավական հարմար է։ Պուտինը Սոչիի բանակցությունների մեկնարկին շնորհակալություն հայտնեց Էրդողանին ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը լուծելու համար, եւ առհասարակ, Էրդողանի անձնական դերակատարության համար. «Ձեր անմիջական մասնակցությամբ եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջնորդությամբ ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը Սեւ ծովի նավահանգիստներից լուծվել է»:


Սիրիայում ռուս-թուրքական տարաձայնություններն ակնհայտորեն չեն խոչընդոտում տնտեսական ոլորտում ռուս-թուրքական բազմավեկտոր համաձայնությունների կայացմանը: Ռուս-թուրքական վերջին բանակցությունների ավարտին Պուտինն ու Էրդողանն ընդունեցին համատեղ հայտարարություն:


Ողջունելով հյուրին՝ Պուտինը հարկ համարեց նշել, որ նախորդ տարի Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացել է 57 տոկոսով, իսկ այս տարվա մինչեւ մայիս ամիսը՝ նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի։ Նա բարձր գնահատեց Թուրքիայի դերը ռուսական գազի՝ Եվրոպա արտահանման համար. «Ի տարբերություն մյուս գազատարերի՝ «Թուրքական հոսքը» աշխատում է անխափան, ռիթմիկ եւ առանց խոչընդոտների»։


Պաշտոնական հայտարարություններում Պուտինն ու Էրդողանը չանդրադարձան Հարավային Կովկասին եւ ԼՂ-ում ստեղծված լարվածության թեմային: Սակայն բանակցություններից հետո Անկարայից հնչած հայտարարությունները հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, ռուս-թուրքական համաձայնություններն այլ հարցերում այնքան նշանակալի են, որ Անկարային «քարտ բլանշ» է տրվել Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցնելու հարցում:


Դրա առաջին «ծիծեռնակը»՝ Էրդողանի «ուղերձն» էր օդանավից: Անկարան հստակ Բաքվի կողքին է՝ իր թեզերով հանդերձ. «Ադրբեջանը չի ուզում, որ այնտեղ ապօրինի որեւէ զինված տարր գտնվի», գումարած այս ամենին, Բաքու-Անկարա տանդեմը Հայաստանից ակնկալում է՝ «հնարավորինս արագ իրագործել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»: Նույն է ակնկալում նաեւ Մոսկվան: Բնականաբար՝ Արցախում հայկական կողմի զոհերի մասին ոչինչ չի խոսվում, իսկ «Ադրբեջանի դեմ սադրանքների» մասին Բաքուն ու Անկարան որեւէ առիթ բաց չեն թողնելու:


Այնուհետեւ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին կոչ արեց՝ «հրաժարվել նոր սադրանքներից»: Անկարայում գումարված Դեսպանների 13-րդ համաժողովում Չավուշօղլուն ասել է. «Պատերազմի ավարտից հետո Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքեր է գործադրում: Հիմա մենք խոսում ենք ոչ թե Ադրբեջանի գրավյալ տարածքների, տեղահանվածների, փախստականների եւ կոնֆլիկտի մասին, որը կարող է վերսկսվել ցանկացած պահին, այլ տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության մասին: Մենք վերստին Հայաստանին կոչ ենք անում զերծ մնալ նոր սադրանքներին մասնակցելուց»: Ապա, Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարան անկեղծ է Հարավային Կովկասում կարգավորման ու բարիդրացիության հաստատման հարցում. «Հայաստանի հետ փոխադարձաբար նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են քննարկումները: Իհարկե, այս գործընթացը մենք առանձին չենք դիտարկում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա գործընթացից ու մեր վերջնական նպատակը համարվող ողջ տարածաշրջանում կարգավորման ու համագործակցության հեռանկարից: Վերջին օրերին տարածաշրջանում առաջացած լարվածությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչքան փխրուն է ներկայիս խաղաղությունը»: Չավուշօղլուն կրկին հիշեցրել է՝ «Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ»:

Անկարայից ինտենսիվ հայտարարությունների շարքը շարունակել է Թուրքիայի նախագահը՝ նույնպես ելույթ ունենալով Դեսպանների համաժողովում: Ըստ ermenihaber.am-ի, Էրդողանը նշել է, թե ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, եւ իրենք մեծ ջանք են գործադրում, որ «այդ պատմական հնարավորությունը չկորսվի»: «Մինչեւ այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարեւոր ճանապարհ ենք անցել Կովկասում տեւական խաղաղության գործընթացում: Հատուկ ներկայացուցիչների միջոցով Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի կողմից զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի եւ Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը:


Մոսկվա-Անկարա բանակցություններից երեք օր անց՝ օգոստոսի 8-ին, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում, վերահաստավել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը»:


Արցախում լարվածության ֆոնին Հայաստանում ռուս խաղաղապահների «օբուդսմենային» հայտարարությունների հիմքով ձեւավորված դժգոհությունից մի քանի օր անց ՌԴ ՊՆ-ն սկսել է «հաստատել» Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը: Ինչ խոսք՝ մեծ փոփոխություն եւ «առաջընթաց» է…


Սակայն, ընդհանուր առմամբ, Մոսկվայի, Անկարայի ու Բաքվի ակնկալիքները հայկական կողմից ակնհայտորեն բավարարման փուլում են: Անցյալ շաբաթ կառավարության նիստում հատկապես ուշագրավ էին Փաշինյանի հետեւյալ խոսքերը. «Ես այսօր պաշտոնապես ասում եմ՝ այսօր Ադրբեջանը հենց մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթեւեկություն իրականացնել դեպի Նախիջեւան: Եթե բառացի եւ տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նախիջեւանի հետ: Ադրբեջանի ամենարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան, եւ մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջեւան հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում մենք կարող ենք դա ապահովել: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ իրենք գան, ասեն՝ ուզում են հատել, այդ կապը հաստատել, եւ մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի: Բայց էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է, եւ դա, բնականաբար, պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Ապա նա հավելել էր. «… պարոն Աբազյան, պարոն Բադասյան, ես ձեզ հանձնարարում եմ եւս մեկ անգամ, այս հրապարակային հայտարարությունն անում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը՝ նաեւ Իջեւանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում: Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն, եւ, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթեւեկության անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք»:


Փաշինյանի նշյալ հայտարարությունից ընդամենը 4 օր անց, սակայն մեկ այլ հետաքրքրական իրադարձություն տեղի ունեցավ: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը «պարզաբանեց» Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի` «Իրանի հետ սահմանի երկայնքով հսկողության ուժեղացման պատճառները»։ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ռուս սահմանապահները անցակետ են տեղակայել, ստուգում են Ագարակից Մեղրի գնացողներին։ «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջեւ 1992-ին:


Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Բացի այդ, արձանագրվում են ծայրահեղական եւ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021թ. Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալի՝ զենքով, նռնականետներով եւ մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից: ՀՀ անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության եւ այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ անձանց եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման եւ հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու համար՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի եւ այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման եւ խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- ասվում էր Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության տարածած հայտարարության մեջ։

Վերոնշյալ հայտարարության բովանդակային մասը մի կողմ թողնելով՝ կարող ենք եզրակացնել, որ ռուսների կողմից Ագարակից Մեղրի մեկնողների ավտոմեքենաների ստուգումը, թերեւս, միջանցքի ամբողջական հսկողությունը ռուսական ՖՍԲ-ի կողմից վերցնելու նախապատրաստական աշխատանքների մեկնարկն է, որի մասին պաշտոնական Մոսկվան ռուս-թուրքական վերջին բանակցություններից հետո ազդարարեց, ուղերձ հղելով Բաքվին ու Անկարային՝ «Всё идёт по плану, не надо волноваться»:


Այլ կերպ ասած՝ ռուսական կողմը Սյունիքը վերցնում է հսկողության տակ, իսկ ՀՀ իշխանությունների շարունակական հայտարարությունները՝ «Հայաստանը երբեք միջանցքի հարց չի քննարկել եւ չի քննարկելու», գործնականում ոչինչ չեն նշանակում։


ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ»

լլլլ.jpg