«Հայ լեզուն տունն է հայուն». լիբանանահայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, ուսուցիչ Մուշեղ Իշխանի հայտնի խոսքը վաղուց թեւավոր արտահայտություն է դարձել:
Ընդհանրապես տուն հասկացողությունը նրա գրականության մեջ իմաստավորվում է խոհափիլիսոփայական, խորհրդանշական արժեքներով: Դա հատուկ շեշտադրված է: Մեր գրականագետները Մուշեղ Իշխանի պոեզիան գնահատում են որպես արեւմտահայ գրական ավանդույթների շարունակություն: Սփյուռքի գրականությունը տարբեր ուղղություններով է զարգացելՙ ֆրանսահայ, ամերիկահայ, բայց արեւմտահայ դասական գրականությանն առավել հարազատ մնաց Մերձավոր Արեւելքի հայկական գաղութը, ու նախ եւ առաջՙ Մուշեղ Իշխանը:
Լրացավ բանաստեղծի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանի առիթով Հայաստանի գրողների միությունը սեպտ.ի 24-ին կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթ: Հնչեցին Արթուր Մեսչյանի երգերից: Պատահական չէ, որ Մեսչյանը Մուշեղ Իշխանի բանաստեղծությունների ու հատկապես նրա «Տառապանք» ժողովածուի քերթվածների հիման վրա է երգեր գրել: «Տառապանք» ժողովածուն համամարդկային հույզեր ու զգացողություններ է ամփոփում: Բանաստեղծական մյուս շարքերում մենք տեսնում ենք սփյուռքահայ պոետինՙ ազգային էությամբ. «Տառապանքը» նրա պոեզիայի բարձրակետն է:
Ինչ վերաբերում է Մուշեղ Իշխանին ընդհանրապես, ապա նա իրավամբ Սփյուռքի ոչ թե լավագույններից մեկն է, այլ լավագույն բանաստեղծը, թեքեյանական դպրոցի շարունակողը, մտավորական, մանկավարժ»,- նշեց գրականագետ, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը : Նա հիշեց, թե ինչպես 1981-ին, երբ պատրաստվում էր սփյուռքահայ պոետների բանաստեղծությունների ժողովածուն, Մուշեղ Իշխանի ստեղծագործություններն էլ են ներառվել: Գլավլիտ կոչվածը մերժել է ու ժողովածուից հանել Մուշեղ Իշխանին: Գիրքը կազմողները դիմել են ՀԿԿ կենտկոմի քարտուղար Կառլեն Դալլաքյանին: Նա ավելի բարյացակամ է գտնվել: Պայմանավորվել ենՙ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները կտպագրվեն, բայց նրա նկարը կհանվի գրքից: Այս զիջումով գիրքը հրատարակվել է, ու սովետահայ ընթերցողն առաջին անգամ ծանոթացել է Մուշեղ Իշխանի պոեզիային: Այնուհետեւ 1987-ին Վազգեն Գաբրիելյանի հեղինակած գասագրքով պոետը մտել է դպրոցական ծրագիր: Իսկ 3 տարի հետո Վազգեն Գաբրիելյանը կազմել է Մուշեղ Իշխանի ստեղծագործությունների ընտրանինՙ առաջին անգամ առանձին գրքով:
Գրականագետ Սերժ Սրապիոնյանի գնահատմամբՙ Մուշեղ Իշխանը բանաստեղծական առաջին իսկ գրքով հեղաշրջում արեց: «Մանկություն չունեցող մարդիկ» ծառուկյանական բնութագիրը Մուշեղ Իշխանինն է: Բայց նա որպես բանաստեղծՙ որոնեց ու գտավ իր մանկությունը, իր չապրած մանկությունը: Մեկ տարեկան էր, երբ մորը կորցրեց, երեք տարեկանումՙ հորը, դրանից հետո ամբողջ 40 տարի մայր չտեսավ, բայց որոնեց-գտավ հայի կեցության գաղտնիքը: Որեւէ մեկը «Տուները» չի երգել հայ պոեզիայում, բացի Մուշեղ Իշխանից: Օջախ, տուն, կեցության հիմք. սրանք հայտնաբերել է Մուշեղ Իշխանը»,- վերլուծեց Սերժ Սրապիոնյանը:
Մուշեղ Իշխանը չունի Սիամանթոյի բորբոքուն ոճը, Դանիել Վարուժանիՙ աշխարհներ հայտնաբերելու կարողությունը, բայց ունի իշխանական իր աշխարհը: Այդ աշխարհում կա տան գաղափարը, կարեւոր չէՙ խրճիթ է, թե՞ պալատ. այն պարունակում է նաեւ մայրականություն: Մայրերգու հզոր բանաստեղծներ ունենքՙ Շիրազ, Իսահակյան, բայց մայրական խոհական ապրումըՙ ոչ ցուցադրական, Մուշեղ Իշխանի պոեզիայում է: «Մայրս թաղվեցավ հայ հողի մեջ, հողն ալ քիչ մը անուշցավ». Սերժ Սրապիոնյանը սա գյուտ է համարում: Աստվածաշնչյան իմաստնության խորհրդանիշ, հողի մեջ փիլիսոփայության, կատարելության գաղտնիքի հայտնաբերում. Մուշեղ Իշխանի հայտնագործությունն է: Մոր կարոտը խոր նստած է նրա մեջ: Որպեսզի հողը դառնա իմաստուն, խոհական, որպեսզի հողի համար պայքարես, պետք է այն պարունակի մոր նշխարները. Մուշեղ Իշխանի համոզմունքն է:
Իսկ որդիական նրա կարոտը նախապատմություն ունի: Մուշեղ Իշխանն ապրել է երկատված ճակատագրով: Նրա հորեղբայրը զավակներ չի ունեցել, այդ պատճառով էլ Մուշեղին են որդեգրել: 1930-ականներին Մուշեղի իսկական մայրը եղբոր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Իհարկե, բանաստեղծն ընտանեկան այս գաղտնի պատմության մասին ոչինչ չգիտեր: Եվ միայն1960-ականներին, երբ Մուշեղ Իշխանն առաջին անգամ գալիս է Հայաստան, իմանում է ճշմարտությունն ու հանդիպում մորը. 30 տարի հետո, երբ հայտնի գրող ու մանկավարժ էր: Կուտակված սերն ու կարոտը, տասնամյակների չասված խոսքերը բյուրեղանում են ու հորդում նրա բանաստեղծական տողերից այնքան խորունկ ու նուրբ, զգայուն ու անպաճույճ երանգներով:
Նրա բանաստեղծական շարքերում տեսնում ենք նաեւ թափառող քնարական հերոսին, աշխարհի հոգսն իր ուսերին առած, Մասիսը չտեսած ու կարոտած մարդուն: «Ես Մասիսը չտեսա». գրում է Մուշեղ Իշխանը: Նրա տողերում ահեղ ընդվզում, բողոք չենք տեսնում, փոխարենը մարդկային մեծ ողբերգության ազդեցիկ ուժն ենք զգում: Պարզ ձեւակերպում, որը ողբերգական պատմություն է պարունակում ՙասված մեկ բերանից, բայց եղեռնազարկ մի ամբողջ ազգի անունից:
Մուշեղ Իշխանի 100 ամյակը լրացավ, բայց մենք նրան պարտք ենք. գրեթե չգիտենք նրան: Չենք ճանաչում Մուշեղ Իշխան բանաստեղծին, դրամատուրգին, վիպասանին, հրապարակախոսին, մանկավարժին: Նրա ամբողջական կերպարը դեռ ներկայացված չէ: Մուշեղ Իշխանին դեռ ընկալում ենքՙ ամենաշատը որպես 20-րդ դարի սովորական բանաստեղծի: Այնինչ նա եվրոպական բանաստեղծության հետ չափվող մեր արեւմտահայ պոեզիայի շարունակողն է:
ՆԱԻՐ ՅԱՆ
ԱԶԳ