Նախարարին չննադատողը

11.09.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ վայր է դնում իր մանդատը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հակասություններ ունենալու պատճառով: Այդ հայտարարությանն ի պատասխան հնչում են երկու տեսակի մեկնաբանություններ: Իշխանության ընդդիմախոսներն ասում են՝ ավելի լավ է, թող նախարարը հրաժարական տա, իսկ կողմնակիցները տարակուսում են՝ ի՞նչ է նշանակում, պատգամավորը հրաժարվում է մանդատից՝ նախարարի հետ տարբեր հայացքներ ունենալու պատճառով: Ես համաձայն չեմ ո՛չ հրաժարականի կոչի, ո՛չ էլ տարակուսանքի հետ:


1/ Արայիկ Հարությունյանի հրաժարականը ոչ մի հարց չի լուծի, որովհետեւ Հայաստանն այս իրավիճակում չի կարող ավելի լավ ԿԳՄՍ նախարար ունենալ: Կարեւորը նախարարի անձը չէ, այլ այն գաղափարական հիմքը, որից ելնելով նա աշխատում է: Իսկ այդ հիմքը հեղափոխությունն է, որը ենթադրում է հետեւյալ կանխադրույթը. հայ ժողովրդի պատմությունը սկսվել է 2018 թվականի ապրիլից՝ այն, ինչ արվել է դրանից առաջ, առնվազն սխալ էր, իսկ հիմնականում՝ հանցագործություն: Դա ոչ միշտ է ուղղակիորեն ասվում, բայց հիմք է ծառայում թե՛ հայեցակարգերի եւ թե՛ կադրային քաղաքականության համար: Հենց որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ հեղափոխությունն ավարտվել է, որ ներքին թշնամիներ այլեւս չկան, որ հեղափոխությունը պետական կրոն չէ եւ «Իմ քայլի» պատգամավորները դրա առաքյալները չեն, այդ պահից սկսած հնարավոր կլինի ունենալ ԿԳՄՍ ավելի լավ նախարար, կամ նույն Արայիկ Հարությունյանը կսկսի այլ կերպ աշխատել:


2/ Պատգամավորի՝ մանդատը վայր դնելը, որը պայմանավորված է նախարարի հետ հակասություններով, իսկապես, զուտ դասագրքային քաղաքագիտության տեսանկյունից, տարօրինակ է: Իրոք որ, հնարավոր չէ պատկերացնել, որ Միացյալ նահանգներում հանրապետական կոնգրեսմենը կամ սենատորը ցանկանա հրաժարվել իր մանդատից այն հիմնավորմամբ, որ համաձայն չէ վարչակազմի որեւէ անդամի կամ թեկուզ իր կուսակցությունն այժմ ներկայացնող ԱՄՆ նախագահի հետ: Նա հանդես կգա Կոնգրեսի ամբիոնից ու լրատվամիջոցներով եւ անխնա կքննադատի այդ պաշտոնյաների, իր կարծիքով, սխալ քայլերը:

Իսկ հիմա պատկերացրեք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հրապարակավ քննադատի ԿԳՄՍ քաղաքականությունը: Ի՞նչ է իրեն սպասում: Նրան կմեղադրեն հեղափոխության գաղափարներին դավաճանելու մեջ, կկանչեն Սայաթ-Նովա փողոց եւ այնտեղ «վտիկ» կանեն, հնարավոր է նաեւ վարչապետն իր մոտ կանչի եւ պահանջի կողմնորոշվել, թե քաղաքական ո՞ւմ թիմից է նա: Իսկ «ֆեյսբուքյան պարտակտիվը» կհայտնաբերի նրա կապերը նախորդ կոռումպացված իշխանության հետ: Պարզ է, որ Արսեն Ջուլֆալակյանին այդ ամենը չի կարող վախեցնել: Բայց, խելացի մարդ լինելով, նա հասկանում է, որ իր քննադատությունն իրավիճակի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Եվ այդ պատճառով է, հավանաբար, ցանկանում հրաժարվել պատգամավորական մանդատից:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ» թերթի խմբագիր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան