top of page

Նա այժմ երգում է երկնքում՝ Աստծո համար. Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը հիշում ենք մեր հրեշտակին

01.06.2024



«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար…»:


Ամենայն հայոց կաթողիկոս ՎԱԶԳԵՆ Ա


Հավանաբար նաեւ նրանց տունն էր լցվել հրեշտակների բազմությամբ, երբ մանկան առաջին ճիչով իր լույսաշխարհ գալն էր ազդարարել Հաբեթ եւ Վերոնիկա ամուսինների՝ ճակատագրի շողացող աստղը ճակատին ծնված Սվետլանան. նա սերում է երաժիշտների գերդաստանից՝ մորական կողմից լեհահայ պապը՝ Իոսիֆ՝ Հովսեփ Տոմաշեւիչը, երգել է Ախալցխայի թատրոնում, դասեր տվել, ստեղծել մի քանի երգչախմբեր, եղել է Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնը մշակել Իտալիայում, համերգներով հանդես եկել Միացյալ Նահանգներում, որոնց թվում՝ նաեւ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» աշխարհահռչակ օպերային թատրոնում: Մեծահամբավ Ֆյոդոր Շալյապինը չի թաքցրել հիացմունքը իր գործընկերոջ նկատմամբ. «Տոմաշեւիչը բարձրացող աստղ է իր բաս ձայնով…»:


Հայաստանի ապագա սոխակի տատը՝ Ելենան, եւս երաժիշտ էր՝ դաշնակահարուհի, հայր Հաբեթը՝ ծնունդով էրզրումցի, սիմֆոնիկ նվագախմբի կազմում բաս փողային գործիք էր նվագում, մայրը նույնպես օժտված էր երաժշտական կարողություններով: Երաժիշտ էր նաեւ նրա եղբայր Դավիթը՝ դաշնակահար եւ ակորդեոնիստ: Ինքը՝ Սվետլանան, որ հետագայում հայացնելու էր իր անունը՝ դառնալով Լուսինե, Շուշան տատի հետ հաճախ էր գնալու եկեղեցի, լսելու հոգեւոր երգեր: Եվ դպրոցահասակ տարիքից երգելու էր տանը, հարեւանների հարկի տակ, դպրոցում, ընկերուհիների մոտ, որտեղ պատահեր: Ասել է թե՝ նախախնամությունն այդպես էր կամեցել՝ ապրել երգով:


Հետո, երբ ընտանիքով տեղափոխվում են Երեւան, ուսանում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ ավարտում մայրաքաղաքի մայր երաժշտանոցը: Ցանկությունն էր՝ երգել Մայր տաճարի երգչախմբում եւ այդ նպատակով ռուսախոս երգչուհին խնդրում է իր առաջին ուսուցչին՝ Հրանտ Գեւորգյանին, թույլ տալ իրեն այնտեղ երգելու: Ուսուցիչը չէր կարող մերժել աստվածային ձայնով օժտված իր սանին եւ դիմում է Վազգեն Ա կաթողիկոսին:


Պատասխանը բացասական էր: Գեւորգյանը ելք է որոնում եւ գտնում է՝ Կոմիտասի «Տեր ողորմեայի» բառերը գրում է ռուսերեն տառերով, որպեսզի Լուսինեն կարողանա սովորել: Եվ առաջին ելույթը Մայր տաճարում. Վեհափառն հիացած էր, երգչախմբին անդամագրվելն՝ ապահովված: Այնուհետեւ նվիրյալ ուսուցչի եւ ամուսնու՝ Խորեն Պալյանի շնորհիվ երգչուհին կատարելապես յուրացնելու էր մայրենին ու գրաբարը, նվիրվելու հայ հոգեւոր երաժշտությանը՝ որպես առաքելության: Նրա եզակիությունը հայ երաժշտական մշակույթի ծիրում պատմական էր՝ կարողացավ անել այն, ինչ տասնամյակներ շարունակ թվում էր անհնարին. խորհրդային իշխանության պայմաններում Լուսինե Զաքարյանը կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց եւ դարձնել համաժողովրդական: Հոգեւոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային կենարար օդի պես…


Նա գերեց ու գրավեց ոչ միայն հայ, այլեւ օտարազգի ունկնդրի հոգին: Բազմիցս համերգներով հանդես եկավ հայրենիքի սահմաններից դուրս, փառավորապես ներկայացրեց Կոմիտասին, մեր ժողովրդական երգերը, տաղերն ու շարականները:


Պարբերաբար բեմեր բարձրացավ հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Հատուկ իր համար «Վոկալիզը» գրեց Առնո Բաբաջանյանը, հայ եւ այլազգի բանաստեղծները երգեր ձոնեցին, իսկ նրա հոգեթով երգի ձայնագրությունները մտան համաշխարհային երաժշտության ձայնադարան, այդ թվում՝ «Ավե Մարիա» ալբոմ: Ցավոք, վաղ դադարեց աստվածային պարգեւ անզուգական երգչուհու լուսաթաթախ սիրտը՝ ընդամենը 55 տարեկան հասակում:


Միլիոնավոր սրտեր մորմոքացին: Մորմոքաց եւ Ամենայն հայոց վեհափառը. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա… Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ՝ երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել…»:


Լուսինե Զաքարյանի մասին գրքեր են գրվել, մեծանուն շատ դեմքեր սքանչացել են նրա անձով ու արվեստով: «Սուրբ էր,- գրել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:- Այդ սրբությունը ես ընկալում եմ որպես նրա հիմնական գաղտնիքը: Այդպիսի մաքրություն, առավել եւս՝ մեր ժամանակներում… Լուսինեն ավելի մեծ է, քան մեզ թվում է: Մի կողմից վերին աստիճանի ազգային, մյուս կողմից քան-քանի՜ անգամներ մենք համոզվել ենք, թե ինչպիսի զմայլանքով են նրան լսում տարբեր ազգությունների մարդիկ»: Մայր բանաստեղծուհուն՝ Սիլվա Կապուտիկյանին լսենք. «Լռում է նա՝ թվում է դեռ շարունակում է երգել, իսկ երբեմն էլ երգում է՝ ասես լռում է Մադոննայի հրաշալի լռությամբ…»: Բա Պարույր Սեւակի՞ բնութագրումը. «Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ Թորոս Թորոմանյանը»: Մեկ այլ սիրված ու վաստակաշատ արվեստագետ՝ դաշնակահար, ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյան. «Նա պետք է երգեր Օլիմպոսում, աստվածների համար: Հավերժության տարածքում նա կառուցեց իր երգի տաճարը՝ Ձայնը գմբեթի տակ ղողանջող անլռելի Զանգակատան մեջ…»:


Ամփոփենք բանաստեղծ Լեւոն Միրիջանյանի գրառումով. «Հռոմի պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն…»:


Նրա հոգին հիմա երկնքում է, երգում է՝ հմայված հրեշտակների բազմությամբ բոլորված: Եվ անմեռ է այդ երգը՝ ինչպես հավիտենական հոգին..


Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page