top of page

Նա այժմ երկնքից տեսնում է, թե այս աշխարհն ինչու է էսպես ծուռ. Գալյա Նովենցի ծննդյան օրը հիշում ենք

դերասանուհուն, ով հանճարեղ մարմնավորեց տառապող հայ կնոջ կերպարը



01.07.2023

«Ես խոսելու եմ առանց գերադրական մակդիրների. դրանք կարող են նսեմացնել արժեքը: Նաեւ չեմ կարող երկար չխոսել, որովհետեւ ես խոսքի մարդ չեմ, ճառ ասել չեմ կարող: Գալյան թե՛ իր անձով, թե՛ իր արվեստով խղճի մարմնացում էր: Մենք նույն կուրսում ենք սովորել, նա մեր քույրն էր հիսուն եւ ավելի տարի: Այո, նա իր արվեստով բերում էր խղճի գաղափարը, հայ կնոջ խղճի գաղափարը: Նա ներքին տարերքի դերասանուհի էր…»:


Հենրիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


1985 թ., Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն, որին մասնակցում է 40 երկիր: Խորհրդային Միությունը մրցութային երկու ֆիլմ էր ներկայացրել՝ Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդեսը» եւ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն»: Երկուսն էլ գնահատվում են բարձր, սակայն «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը շարունակում էր ծափահարել: «Հայ դերասանական արվեստի պատմության ընթացքում,- գրել է կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը,- Գալյա Նովենցը միակն էր, որ Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում «Մեր մանկության տանգոն» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի հատուկ՝ «Կանացի լավագույն դեր» մրցանակի: Այդ օրերի իտալական մամուլը գրում էր, որ Հայաստանը իտալացիներին թվում է շատ նեապոլիտանական, իսկ խիզախ մոր կերպարն ստեղծած Գալյա Նովենցը հիշեցնում է Աննա Մանյանիին…»:


Առաջին եւ վերջին հայ դերասանուհին, որին հաջողվել է արժանանալ այս մրցանակին:


Գալյա Նովենցի առաջին դերը կինոյում Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ում էր՝ էպիզոդիկ, քրդուհու դերը: Այս ֆիլմին հաջորդում են շատ այլ ֆիլմեր: Բոլոր կինոնկարներում էլ՝ տպավորիչ ու ինքնատիպ մարմնավորումներ, այնուամենայնիվ, դերասանուհին հետագայում առանձնացնելու էր Վենետիկում մրցանակ շահած ֆիլմում Սիրանուշի դերը, որն իրեն դարձրեց այնքան սիրելի ու մեծ ճանաչում բերեց: Ի դեպ, իրողություն է, որ ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչանը նախապես ցանկացել էր այս դերը նույնպես տալ վրաց դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին եւ երբ այդ մասին հայտնել է Գալյա Նովենցին, որն արդեն ծանոթացել էր ապագա ֆիլմի սցենարին ու շատ էր ուզում ինքը խաղալ Սիրանուշի դերում, հուզական այնպիսի պոռթկումով է արձագանքում, որով հիանում է ռեժիսորը եւ այդ դերը տալիս է «էս ծուռ աշխարհի» տաղանդաշատ դերասանուհուն:


Ժամանակներ անց Նովենցն հիշելու էր. «Գիտե՞ք՝ ինձ ինչը շատ օգնեց. նախ ես Գյումրիում ապրել եմ, աշխատել եմ, այդ տարիների ընթացքում շփվել եմ շատ տարբեր խավերի կանանց հետ: Ամեն մի դրվագում ես կարծես… պատահական անուններ եմ տալիս, տեսնում Հասմիկին, մյուսում՝ Սուսանին… Սա ոնց որ Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով…»: Իսկ Սոֆիկո Ճիաուրելին կինոնկարը դիտելուց հետո խոստովանել է. «Այսուհետեւ հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին…»:


Դերասանուհին իր ստեղծագործական կյանքի ընթացքում խաղացել է 25 ֆիլմում, որոնցից առավել հիշատակելի են՝ «Բարեւ, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Նահապետ», «Խաղի վերջը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Գիքոր», «Սիրամարգի ճիչը», «Ճերմակ անուրջներ», «Խնձորի այգին», «Շնչառություն», «Խենթ հրեշտակը»… Եթե փորձենք վերհիշել, ապա նրա բոլոր կերպավորումները ժապավենի սահքով կհայտնվեն մեր հայացքների առջեւ: Այդպես տպավորիչ ու չջնջվող են նովենցյան կերպավորումները: Չջնջվող ու անզուգական, անշփոթելի:


Ասենք, որ ամենատարբեր թատրոններում է աշխատել համաժողովրդական ճանաչում, սեր ու համբավ վաստակած դերասանուհին՝ Կապան, Երեւան, Գյումրի: Նրա համակուրսեցիներն են եղել մեծանուն Արմեն Ջիգարխանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Գուժ Մանուկյանը, իր ամուսին Երվանդ Ղազանչյանը՝ հիրավի տաղանդավորների կուրս, որոնցից յուրաքանչյուրն իր աստղն էր ցոլացնելու հայոց բեմարվեստի երկնակամարում… Նրանք անցել էին Արմեն Գուլակյանի ռեժիսորական արվեստի քուրայով՝ դառնալով այն, ինչ դարձան՝ մեծ ու մեծարելի…


«Կէղնի՞ մի օր վերեւից տեսնեմ, թե էս աշխարհը ընչի ա սենց ծու՜ռ…»…

Որդու՝ շնորհառատ դերասան Ստեփան Ղազանչյանի մահից հետո դերասանուհին, որ կինոյում այնպես շքեղորեն է կերտել հայ կնոջ՝ ընտանիքին եւ իր զավակներին նվիրված մայրական կերպարներ, ճիշտ այդպիսին է եղել նաեւ ընտանիքում, սրտի թելադրանքով մեկնում է Ամերիկա՝ թոռների մոտ: Բայց ամեն ոք չէ, որ հարմարվում եւ երջանիկ է զգում իրեն օտար ափերում: «Օտարությունը սոսկալի ցավ է: Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել,- ճշմարտացել է դերասանուհին,- բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ: Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում նրանց ճակատագրի համար, օտարության դատապասրտված նրանց կյանքի համար: Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը: Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում…»:


Օտարությունից վերադարձած ժողովրդական դերասանուհուն քիչ դերեր էին մնացել խաղալու՝ ընդամենը երեք կերպավորում մայրաքաղաքի երաժշտական կոմեդիայի թատրոնում…


Մեր անխառ սերն ու հոգու խունկը՝ նրա արեւոտ կերպարին:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page