Նա իր քիթը սիրում էր այնպես, կարծես իր փիլիսոփայական երկրորդ կեսը լիներ


Ուրախ-տխուր մարդը. տարիներ անց այսպես պիտի անվանեին կինեմատոգրաֆիայի կենսագրության մեջ մտած դերասանին։ Աչքերի մեջ պահած ողբերգական կյանքի ցավն ու տառապանքը՝ Ֆրունզիկը կերտեց թատերական եւ կինո այնպիսի հումորային ու դրամատիկ կերպարներ, ինչպիսիք էին Հ. Պարոնյանի Պաղտասար աղբարը, Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետի» Մերկուցիոն, «Հին օրերի երգը» ֆիլմի փոստատար Նիկոլը, Գառնիկը՝ «Խոշոր շահումից» եւ ուրիշներ։ Դերասանական հաղթարշավը սկսեց Գյումրիի տեքստիլ կոմբինատի թատերական խմբի ներկայացումներով՝ խաղալով մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ 1945—1946 թթ. Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիան ավարտելուց հետո ընդգրկվեց թատրոնի հիմնական խմբի կազմում։ Երեք տասնյակից ավելի հաջողված դերեր ունենալուց հետո 1954 թ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն եկավ՝ Շիրվանզադեի «Նամուսի» բրուտագործ Հայրապետին մարմնավորելու։ Մայր թատրոնի բեմում մնաց մինչեւ 1978 թ.՝ անձնավորելով 20—ից ավելի կերպար։


Հայրը՝ Մուշեղը, դեմ էր որդու՝ դերասանի մասնագիտությանը։ Երազում էր, որ մի օր Ֆրունզը հայտնի գեղանկարիչ պիտի դառնա։ «…Ինչպե՞ս բացատրեմ, որ իմ հայրը, ով երբեք որեւէ թանգարանում չի եղել, չի տեսել մեծ վարպետների նկարների անգամ կրկնօրինակը, երազում էր, որ ես նկարիչ դառնամ։


…Գալիս էր տուն, հանձնարարություն տալիս, ես էլ արագ—արագ կատարում էի ու շտապում թատրոն, ուր սպասում էին իմ դերերը, որոնց ես համարում էի իմ հարազատները։ Նրանց մեջ ես ջանում էի այնպիսի կերպարներ ստեղծել, որոնք կկարողանային ինչ—որ ձեւով ժողովրդիս մեջ բարություն ու սեր ներշնչել»։ Մկրտչյան ընտանիքի ներսում կատարվող տարաձայնություններն ու հուշերը մի օր էկրան բարձրացան Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ինքնակենսագրական ֆիլմում։


«Գեդինը մդնիս Արմեն տղա… Հերդ քեզի բերել է, օր էրթաս բեմի վրա կապիկություններ էնե՞ս։ Այ տղա, թո՛ղ էդ դերասանությունը, մի՛ էրա, մի՛ էրա»,–որդու հետ զրույցի ժամանակ նախատինքի խոսքեր էր ասում Ռուբենը, ով ֆիլմում Ֆրունզի հոր՝ Մուշեղի կերպարն էր մարմնավորում։ Հետագայում, իհարկե, Ֆրունզին հաջողվեց իր դերասանական տաղանդով նվաճել հոր սիրտը. «Տեքստիլ կոմբինատի թատերական ներկայացումներից մեկը գաղտնի դիտել էր։ Եկա տուն, մտածեցի՝ էլի մի ապտակ կհասցնի։ Բայց, ի զարմանս ինձ, մեղմ շշնջաց. «Կթողնի՞ս էսօր մեծ դերասանի ոդների տագը պառգիմ»։


Մհեր Մկրտչյանին վերաբերող ուշագրավ իրեր են պահվում դերասանի Գյումրիի հուշատուն—թանգարանում։ Ցուցասրահներում ներկայացված անձնական իրերը, լուսանկարներն ու բեմական հագուստներն ամբողջական պատկերացում են տալիս Ֆրունզիկ Մկրտչյանի անձնական կյանքի ու արտիստական ուղու մասին։ Մահճակալը, ռադիոն, ֆոտոխցիկը, գրամեքենան, հեռախոսը, մայրիկի կարի մեքենան… Մկրտչյան ընտանիքի կենցաղավարությանը պատկանող ցուցանմուշների հիմնական մասը թանգարանին նվիրաբերեց Ֆրունզիկի թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը։ Այս մասի հուշային ցուցանմուշներից խորհրդանշական են հատկապես փղերը, դրոշներն ու բանալիների հավաքածուն։


Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Զինվորն ու փիղը» ֆիլմում, որտեղ Ֆրունզիկը զինվորի դերն էր մարմնավորում, կոչ էր անում վերջ տալ պատերազմներին՝ նշելով, որ մարդկությանը պետք են փղեր, ոչ թե պատերազմներ։ Հավանաբար, այստեղից է, որ հաճախ իրեն համեմատում էր փղի հետ, որն ըստ նրա՝ կնճիթով տիեզերքից վերցնում է երջանկությունը եւ շատրվանի նման սփռում մարդկանց վրա։ Պատմում են, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայա փղի կողքին կանգնելիս հումորով ասում էր. «Վերջապես կա մի քիթ, որի կողքին ես չեմ ամաչում»։ Նա իր քիթը սիրում էր այնպես, ասես այն իր փիլիսոփայական երկրորդ «ես»—ն էր. «Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»։ Քթի թեմայով արված հետաքրքիր ծաղրանկար մի օր Ֆրունզին նվիրեց Վարդան Աճեմյանը, որն այժմ ցուցադրվում է թանգարանի առաջին հարկի կինոդիտումների սրահում։


Բանալիներ էր հավաքում։ Ուր գնում՝ առնվազն մեկ բանալիով էր վերադառնում, ասում էր՝ մի օր այսպես գտնելու է նաեւ իր աշխարհի բանալին։ Թատրոնի հարդարանքի սեղանի վրա դրված դրոշները խորհրդանշում են այն երկրները, որտեղ դերասանը «Պաղտասար աղբար» է խաղացել։ Պարգեւներ, նվերներ, հեռագրեր ու նամակներ։ Սրահի մյուս հատվածը, որտեղ ցուցադրված է նաեւ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի՝ Ռուբենի բոլոր դժբախտությունների պատճառ դարձող «անեծք» կոմոդը, «Նվագախմբի տղաների» Դմբուզ Արսենի երաժշտական գործիքն ու «01—99» ֆիլմի անբան Գարսեւանի տակառիկը, ներկայացնում է դերասանի՝ կինոյում ու թատրոնում ունեցած գործունեությունը։


Հետաքրքրականն այն է, որ այստեղ կարելի է տեսնել ոչ միայն մեծ արտիստին պատկանող իրերն ու բեմական հագուստները, այլեւ լսել նրա մասին ուշագրավ պատմություններ։ Ասում են՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմի պրեմիերայից հետո «օյինբազ» երաժիտների ծիծաղաշարժ ու սրամիտ կերպարները ժողովրդի կողմից այնքան սիրով էին ընդունվում, որ շատերի մասին նույնիսկ երգիծապատումներ էին պտտվում։ Գյումրեցիները, օրինակ, մինչ օրս պատմում են. «80–ական թվերին, օրըմ Ֆրունզը կմտնի խանութ, կալբասի գին կհարցնե։ Աշխատողը գինը կըսե, որն ահագին թանգ կեղնի։ Ֆրունզը թե՝ «Հա՜յ, հա՜յ, էս ինչ թանկություն է…»։ Խանութչիկը կըսե՝ «Հըբը, ախպեր ջան, վախտին օր Ցոլակ Դարբինյանի տեղը ըսեիր, խո ըսպես չէր էղնի»։


Մինչեւ հիմա խոսում են այն մասին, որ «Հին օրերի երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Նիկոլն իսկապես կերել է Հայաստան մայրիկին հասցեագրված հերթական «սեւ» թուղթը։ Բանն այն է, որ երբ նրան մի անգամ հարցրել են՝ երբեւէ հարբած դեր խաղացել ես, պատասխանել է. «Միայն «Հին օրերի երգը» ֆիլմում, երբ «սեւ» թուղթն էի ուտում»։


ԼԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան