Ներեք մեզ, Մաեստրո, որ Ձեզանից հերոսություն ենք պահանջում, որովհետև իրական հերոսներ չունենք
- YO
- 25 апр.
- 2 мин. чтения
25.04.2025
Այս օրը կրկին կռանում է մեր խիղճը։ Ապրիլի գորշությունն այսօր էլ ծածկում է մեր հոգու լուսամուտները։ Մենք հիշում ենք, մենք ցավում ենք, բայց… մենք դարձյալ Ձեզ ենք նայում։ Ձեզանից ենք սպասում, Ձեզանից ենք պահանջում։ Մաեստրո, ներեք մեզ։
Ներեք մեզ, որ Ձեր աչքերի մեջ, այդ հոգնած ու պայծառ աչքերի մեջ, նայում ենք՝ սպասելով խոսք, երբ խոսքերը վաղուց Ձեր գործերում են, Ձեր ստեղծած մեղեդիների խորշում։ Մենք չենք կարողանում ընդունել՝ ինչ է իրական հարգանքը։ Մենք չենք կարողանում թողնել Ձեզ լռել, երբ արդեն ամեն բան ասել եք։
Ներեք, որ Ձեր 86 տարեկանում Ձեզանից ենք խնդրում այն, ինչի համար Դուք արդեն ողջ կյանքն եք նվիրել։
Ներեք մեզ, որ մեր անզորության պահին դիմում ենք Ձեզ, ո՜չ՝ որպես տաղանդավոր արվեստագետի, այլ որպես փրկչի, որպես զինվորի, որպես վերջին հույսի։
Ձեր վեհ անունը դարձել է մագնիս՝ մեր ցավի, մեր բարկության, մեր խուլ սպասման համար։ Բայց մենք մոռանում ենք, որ Դուք էլ հոգնում եք։ Մոռանում ենք, որ Դուք էլ ունեք իրավունք՝ լռելու։ Որ Դուք էլ մարդ եք՝ փխրուն, զգայուն, երգի մեջ ապրող մարդ։
Ձեր լռությունը մեղեդու պես ազնիվ է։ Այն ոչ թե հրաժարում է, այլ մի այլ կերպ ասված ճշմարտություն։ Ձեր ձայնը մարել չէ՝ այն հանգչում է, ինչպես արևը՝ իր օրվա ավարտին. խաղաղ, մեղմ, բայց միշտ վեհ։
Ներեք մեզ, որ մենք Ձեզանից հերոսություն ենք խնդրում, երբ Դուք վաղուց հերոս եք՝ առանց ճառերի, առանց կոչերի։ Ձեր երաժշտության յուրաքանչյուր նոտան մեր պայքարն է եղել։ Ձեր ստեղծած մեղեդիները մեր հիշողությունն են կրել այն ժամանակ, երբ բառերը ճնշված էին, լռեցված էին, կոտրված էին։
Ներեք, որ Ձեր տաղանդը մեր ազգի խարիսխը դարձած՝ այլևս հանգստի չի արժանանում։ Թիրախ է դարձել մեր սպասումների, մեր հիասթափությունների, մեր ցավի համար։ Դուք մեղավոր չեք, որ մենք միայն Ձեզ ենք տեսնում։ Մեղավոր ենք մենք՝ որ ուրիշին չենք ստեղծել։
Ու թող օրհնվեն բոլոր նրանք, ովքեր երբևէ Ձեզ հնարավորություն են տվել ապրել, ստեղծել, լինել։ Բոլոր նրանք՝ ովքեր Ձեր ծնողներին փրկել են, մի գավաթ ջուր են տվել, մի շնչի իրավունք։ Որովհետև եթե աշխարհն այդ մարդկանց չտեսներ, Տիգրան Մանսուրյանը չէր ծնվի։ Ու մենք չէինք ունենա մի նման լույս՝ որից այսօր դեռ հուսով հայցում ենք մխիթարություն։
Ներեք մեզ, Մաեստրո։ Որ չենք հասկացել՝ լռությունն էլ կարող է աղոթք լինել։
Ներեք մեզ, որ երբեմն միայն Ձեր լռությամբ ենք հասկանում՝ ինչ մեծ է Ձեր ներկայությունը։
Մենք կշարունակենք հիշել։ Մենք կշարունակենք խոնարհվել։
Բայց այժմ՝ ամենից առաջ՝
Ներեք մեզ։