top of page

Նիկոլայ Առաջին ցարը Այվազովսկուն ասում էր. «Ես ցամաքի թագավորն եմ, դու՝ ծովերի...»

  • YO
  • 12 июн. 2023 г.
  • 3 мин. чтения

12.06.2023

Կը թվի, որ մենք՝ հայերս արեւապաշտ ըլլալե առաջ եղած ենք լուսապաշտ։ Անշուշտ ո՛չ արեւապաշտությունը եւ ո՛չ ալ լուսապաշտությունը մեր ազգային մենաշնորհն է։


Թե՛ լույսը, թե՛ արեւը՝ երկուքն ալ պաշտված են հնդեվրոպական եւ այլ հին ժողովուրդներու կողմե ու տարածված՝ աշխարհով մեկ։ Հին աշխարհի մէջ, անկախ արեւապաշտութենեն, գոյություն ունեին առանձին լույսի աստվածություններ, որոնցմե պետք էր որ անկախաբար ծնած ըլլային երկինքի լուսատուները։


Օրինակի համար, հելլեններուն մէջ լույսի աստվածությունը Թեան էր, որմե ծնած էին՝ Հելիոսը (արեւը), Էոսը (Արուսյակը) եւ Սելենէն (լուսինը)։


Հին կտակարանի Ծննդոց բաժնին մէջ Աստված առաջին օրը լույսը կը ստեղծե եւ չորրորդ օրը միայն երկնային մարմինները (արեւ, լուսին եւ աստղեր) կը ստեղծե առանձին՝ անկախ լույսեն։ Հնդեվրոպական մշակույթներու մեջ լույսի աստվածությունը ի հայտ կու գա Միհր, Մհեր, Միթրա, Միթրու, Միթրաս եւ այլ անուններու տակ։ Ըստ միթրայիզմի առասպելաբանության, Միհրը ծնած է Աղի ծովակին մեջ, ուր անհիշելի ժամանակներեն հսկա ժայռ մը կար։ Երկինքեն լույս մը կիջնե, կը զարնվի անոր, կը հղացնե զայն, եւ որ մեկը ծնի Միհրը՝ իբրեւ փրկիչ։


Համաձայն Մովսես Խորենացիի հաղորդած տեղեկության, Աղի ծովակը նույն ինքն Վանա լիճը պետք է ըլլա։ Հատկանշական է, որ (միշտ ըստ դիցաբանության) Միհրը կը ծնի մեկ անգամեն իբրեւ պատանի՝ աջ ձեռքին սուր (ուժը), իսկ ձախին՝ ջահ (լույսը), որոնց միջոցով պիտի լուսավորե միջոցը եւ երկրի վրա կարգ ու կանոն հաստատե։ Այս բովանդակությամբ բազմաթիվ բարձրաքանդակներ հասած են մեզի հռոմեական ժամանակաշրջանեն։ Նույն ժամանակաշրջանեն մեզի հասած են նաեւ այլ բովանդակությամբ լույսի աստվածության նվիրված բարձրաքանդակներ, ուր Միհրը խավարի խորհրդանիշ ցուլը կը սպաննե փրկելու համար աշխարհը չարեն։ Քրիստոնեութենեն առաջ լույսի պաշտամունքը լայն տարածում ուներ Հայաստանի մեջ։ Ներկա Հայաստանի մեջ ցարդ հայտնաբերված են երկու հելլենիստական տաճարներ (մեկը Գառնիի, իսկ մյուսը՝ Արտաշատի մեջ). երկուքն ալ, ըստ մասնագետներու, պետք է որ նվիրված ըլլան լույսի աստված Միհրին։ Սուրբ Էջմիածնի տաճարի խորանին տակ հայտնաբերված ատրուշանը եւս կը համարվի Միհրի պաշտամունքին նվիրված տաճարի մնացորդ։


Վերադառնանք բուն խնդրին։ Խոսքը Այվազովսկիի, իբրեւ յուրահատուկ գեղարվեստական արժանիք, լույսի շռայլորեն, նրբորեն եւ գեղեցկորեն կիրարկած ու դրսեւորած ըլլալու մասին է։ Լույսի կողքին, շատ խոսված ու գրված է նաեւ այս արվեստագետի ծովասիրության (ջրապաշտության) մասին։ Այո՛, ան փոքր հասակին պաշտամունքի աստիճան սիրած ու «մտերմացած է» ծովուն հետ ու կյանքը կապած՝ ծովանկարչության։ Սակայն այս մեկը եւս, լույսի նման, ընդոծին բնույթ ունի ու անթեղված՝ ազգային մշակութային արմատներու մեջ։ Հայը, սկսյալ նախնադարեն, եղած է նաեւ ջրապաշտ։ Ջրապաշտության լավագույն վկաները Հայաստանի տարածքին հայտնաբերված ջուրի պահապան այն վիշապաքարերն են, որոնք կու գան հազարամյակներու խորերեն ու կը հասնին մինչեւ մեր օրերը՝ իբրեւ Վարդավառի տոն։ Այվազովսկիի ծովանկարչությունը պիտի չունենար այն հմայքն ու դերը արվեստի պատմության մեջ, եթե ան տարերայնորեն չսիրեր եւ գեղեցկորէն չներդաշնակեր իրարու ջուրն ու լույսը, որոնց համար կըսե. «Թեեւ ծովը իմ կյանքն է, սակայն գործերուս լավագույնները անոնք են, որոնք կը զատորոշվին լույսի ուժով»։ Այդ գեղագիտական ԼՈՒՅՍԻ ՈՒԺՈՎ է, որ Այվազովսկի ծովը պատկերեց օրվան բոլոր պահերուն, տարվան բոլոր եղանակներուն, եղանակներուն ամենաթեժ ու ամենահանգիստ բոլոր փուլերուն։ Ան նույնիսկ պատկերած է արեւի խավարումը եւ կամ արեւի ու լուսնի ցոլացումները՝ ջուրի վրա, նույն կտավին մեջ նույն պահուն։ Եվ բնավ պատահական չէ, որ առիթով մը Նիքոլայ Ա ցարը Այվազովսկիին ըսած ըլլա. «Ես ցամաքի թագավորն եմ, իսկ դուն՝ ծովերու»։ Նույնիսկ, ըստ ոմանց, Այվազովսկին «Պոսեյտոն» կտավին մեջ ինքզինք պատկերած է իբրեւ ծովերու աստված։


Այվազովսկիի ստեղծագործական թիրախը ծովու եւ անոր տարերքի պատկերումն էր լույսի ուղեկցությամբ, իր ամենակատաղի դրսեւորման մեջ իսկ։ Անոր ծովանկարներու մեծամասնությունը ալեկոծ ու խռովահույզ տեսարաններ են, որոնց մեջ հաճախ կը հայտնվին նավաբեկյալներ, որոնք կենաց մահու պայքար կը մղեն բնության տարերքի դեմ։ Անոնք թեեւ տագնապահար են եւ ծովամույն ըլլալու անդոհանքը կÕապրին, սակայն տեղե լույս մը կը նշմարվի հանկարծ՝ իբրեւ գոյատեւման հույս։ Այվազովսկիի կարգ մը ստեղծագործություններուն մեջ ծովու տարերային կատաղանքները, որքան ալ ահռելի ըլլան ու անզսպելի, այնուամենայնիվ սարսափազդու չեն, այլ վեհ են, ներշնչող եւ հաճախ ըլլալ—չըլլալու տագնապներու մեջ կեռեւեփին։ Ըլլալ—չըլլալու գոյատեւելու տագնապները կը շարունակեն ուղեկցիլ մեզի՝ ազգային մեր ծննդոցեն ի վեր։ Հայ միջնադարյան մանրանկարչական կերպարներու տագնապահար արտահայտությունները այնքան ուժեղ են արտահայտիչ եւ բնորոշ, որոնք ազգային «ճակատագիր» կը թվին ըլլալ, որոնցմե զերծ չէր կրնար մնալ Այվազովսկիի նման գերզգայուն բնազդի տեր հանճարը։


Այվազովսկիի՝ արվեստներու հանդեպ ունեցած բացառիկ սերն ու ակնածանքը, անոր հայրենասիրությունը, մարդասիրությունն ու նույնիսկ կրոնասիրությունը լոկ խոսքի սահմաններուն մեջ չեն մնացած, այլ ան բազմիցս գործով ապացուցած ու ինքզինք հաստատած է իբրեւ ազգային պատկանելիության հարց ունեցող, գործնապաշտ եւ հանձնառու արվեստագետ։ Այնուամենայնիվ, այս տվյալները չէին, որ զինք դասեցին աշխարհի քանի մը լավագույն ծովանկարիչներու շարքին, այլ՝ իր դրսեւորած ըլլալ–չըլլալու տագնապը, բնության անսանձ տարերքի գեղագիտական ուժն ու հատկապես լույսի աստվածային էության դրսեւորումնե՛րն են ու կը մնան իր գեղարվեստական գլխավոր արժանիքները, որոնք կու գան իր ցեղային արմատներեն (թեկուզ ենթագիտակցաբար) ու հրաշալիորէն կը բացվին իր փառահեղ ծովանկարչության վրա։


Իր արմատներուն հավատարիմ մնացած այս ստեղծագործողին մասին գրած (մեզի ծանոթ) արվեստաբաններեն երկուքն են (Նիքոլայ Պարսամով եւ Նիքոլայ Նովուսպենսքի) միայն, որոնք Այվազովսկիի մեծությունն ու ինքնատիպությունը կը կապեն նաեւ «Հայ ժողովուրդի հինավուրց մշակույթի եւ ազգային բնավորության գիծեր»—ուն հետ։ Արվեստագետին ազգային ծագումնաբանությունը չի հետաքրքրեր մյուսները։ Անոնց համար կարեւորը արդյունքն է՝ համամարդկային գեղագիտական արժեքը եւ ոչ թե աղբյուրը։


Իսկ եթե մենք ազգային նկարագիր եւ ինքնատիպություն պիտի փնտրենք Այվազովսկիի ստեղծագործություններուն մեջ, ապա պիտի նշմարենք, որ անոր գեղարվեստական գերագույն արժանիքները կը բխին ազգային մշակութային իր արմատներեն եւ ապա միայն կը տարածվին համամարդկային ոլորտներու վրա։ Ասոնք իրենց բնույթով ավելի հայկական են ու ազգային, քան՝ իր շոշափած ազգային թեմաներն ու կերտած հայկական կերպարները։


Մովսէս Ս. ՀԵՐԿԵԼԵԱՆ

Արվեստագետ, դոկտոր, Պէյրութ

Թ. Խ.

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page