top of page

Նոր հոկտեմբերի 27 էր նախապատրաստվում. վարչապետի աշխատակազմում ակնարկում են Ռուսաստանին

  • 4 нояб. 2023 г.
  • 2 мин. чтения

04.10.2023

Չնայած Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մանրամասներ չի հաղորդում երեկվա հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանում ահաբեկչության փորձ է կանխել, Կառավարության ներկայացուցիչներն արդեն այն համեմատում են Հոկտեմբերի 27-ի հետ։


«Այն հեղաշրջման հերթական փորձն էր», - այսօր պնդել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։


«Բացահայտված «Հյուսիսային տերևաթափ» կոչվող ահաբեկչական ակտի պատվիրատուների մոտ, սակայն, բացակայում է գիտակցությունը, որ հյուսիսային քամին այլևս անզոր է Հայաստանում տերևաթափ անելու համար, քանզի Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, իսկ հիբրիդային պատերազմում մեր հաղթաթուղթը ժողովրդավարությունն է»,-նշել է Չախոյանը: Թե ինչ տեղեկություններ ունի նման պնդումների համար և որտեղից, Տարոն Չախոյանը չի մանրամասնել։ Մինչ այդ ԱԱԾ-ն լռություն է պահպանում և դեռ չի նշում՝ ովքեր էին երեկ ձերբակալվածները, և ով էր այն քաղաքացիական անձը, ում, ըստ իրավապահների, նրանք պատրաստվում էին կյանքից զրկել։ ԱԱԾ մամուլի ծառայությունից փոխանցում են, որ նախաքննական գաղտնիք է, արդեն հրապարակված հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն:


Առայժմ միայն հաղորդվել է, թե հայտնաբերվել է հանցավոր խումբ, որ 2023 թվականի ընթացքում նախապատրաստում էր պայթյուն իրականացնել, զավթել պետական շինություններ՝ քաղաքացիական անձի կյանքից զրկել՝ նպատակ ունենալով կազմալուծել իշխանության մարմինների գործունեությունը:


ԱԱԾ հրապարակած ձայնագրության մեջ ձայնը փոխած տղամարդիկ քննարկում են նաև պայթուցիկը մեքենայի տակ հարմարեցնելու հնարավորությունը:


ԱԱԾ հրապարակած տեսանյութում երևացող թղթերի գրություններում, որ, ըստ ծառայության, գործողությունների պլանավորումն են ներկայացնում, երևում է նաև «ԱԺԲ ակտիվիստներ» արտահայտությունը: Այս կապակցությամբ Ազգային ժողովրդավարական բևեռի մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանն ասում է՝ առաջիկայում հայտարարության կտարածեն:

Հարցին, թե քննարկում է ընթանում պատասխանի վերաբերյալ, խոսնակն ասաց. - «Ճիշտն ասած՝ այդքան լուրջ վերաբերվելու հարց չի, որ քննարկվի կամ ոչ։ Խորհուրդը հայտարարություն կանի, մենք ԱԱԾ-ի այդ նկարած կինոյին այդքան էլ լուրջ չենք վերաբերվել»։


Հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի այգում 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակի օրը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդոք նման ոճրագործություն կարո՞ղ է կրկնվել, նշել էր, որ նման վտանգ տեսնում է: Սիմոնյանը ևս մանրամասներ չէր հայտնել։


Վերջին մեկ ամսում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պետական ահաբեկչության կանխման արդեն երկրորդ փորձի մասին։ Սեպտեմբերի վերջին հաղորդվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն է «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» հասարակական կազմակերպության անդամների հետ ծրագրել բռնությամբ զավթել իշխանությունը։ Բազեյանը, մասնավորապես, մեղադրվում է վարչապետ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, նա չի ընդունում մեղադրանքը։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page