28.01.2024
Այսօր ձյաձ Սամվելի տոնն է, ում տղան աչքի առաջ զոհվել էր, բայց ինքը շարունակել էր կռվել։ Ձյաձ Սամվելն արդեն տանն է. այսօր Եռաբլուրում է, տղայի հետ դեռ կռիվ է տալիս, թե՝ ախր, հակառակ տեղերում պիտի լինեինք։
Այսօր էն հոգևորականների տոնն է, որոնք օրերով խրամատում էին քնում, վիրավորներին օգնում, նաև՝ զենքով առաջ գնում։ Նրանց շարքում էլ զոհեր, անհետ կորածներ կան...
Այսօր «նեգոդնի» տղերքի՝ Հայկի, Բարութի (անունն էդպես էլ չիմացա), Գևի, մյուսների տոնն է, որոնք հոսպիտալի մոտ էին՝ վիրավորների ծնողներին էին օգնում, համոզում, որ մի բան ուտեն, որոնք երկու օրը մեկ Արցախ էին գնում՝ սնունդ, ծխախոտ տանում։
Այսօր դեռ հիվանդանոցներում պառկած վիրավոր տղերքի տոնն է, որոնք թշմանուն «գրավ» են թողել իրենց ձեռք ու ոտքը։
Այսօր պատերազմից ողջ֊առողջ վերադարձած Գագոյի, Գոռի, ձյաձ Լյովի, Հովոյի, Խաչիկի, ձյաձ Աբրահամի, Կարոյի... տոնն է, որոնք հիմա լուռ են, հատկապես այսօր լուռ են։
Այսօր 18֊20 տարեկան էն զինվորի օրն է, որը դեռ կանգնած է սահմանին, որը դեռ սահմանն է պահում... Սահման, որի սահմանները ոչ մեկին պարզ չեն։
Շնորհավո՜ր, տղե'րք։ Կներեք մեզ։
Կարինե Հարությունյան
Comments