top of page

Ով գնացել է, էլի է գնում...

17.02.2021, ԵՐԵՎԱՆ

Գեղարքունիքի մարզից, ինչպես ամեն տարի, այս տարի ևս տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Այս փուլում տեղեկություններ կան, որ Ռուսաստանի հետ ճանապարհները բացվելուն զուգահեռ արտագաղթի տեմպերը մեծանում են։ Գեղարքունիքի համայնքներից ասում են՝ մարդիկ ոչ թե ընտանիքներով են արտագաղթում, այլ սեզոնային արտագնա աշխատանքի են մեկնում։


«Ինչքան Մարտունիում ապրել եմ, գիտեմ մի բան, որ մարտունեցին, մեր լեզվով ասած, խոպանչի ա։ Այսինքն՝ ինքը գնում է արտագնա աշխատանքի, հետ է վերադառնում իր երկիր»,- Lragir.am-ի հետ զրույցում ասում է Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանի համայնքներից Մարտունիից ամենաշատն են գնացել արտագնա աշխատանքի և ամենաշատ թվով մարդիկ են հետ գալիս։ «Այսինքն՝ մենք ինչքան ուղեկցում ենք, հլա մի բան էլ ավելի, պսակվում-մսակվում, կին էլ են բերում հետները։ Մեզ մոտ չկա, որ գնացին ու գնացին, ճանապարհները բացեցին, վայ, փախան»,- հավելում է նա։


Համայնքի ղեկավարի խոսքով՝ նախորդ տարիների համեմատ այս տարի դեռ ավելի քիչ են գնում արտագնա աշխատանքի։ «Ահագին մարդիկ գործ են գտել, սեփական բիզնեսներ կան, մարդիկ ասում են՝ չենք գնում, մենք ի՞նչ ունենք էնտեղ, որ գնանք։ Ով գնացել ա նախկինում, էլի ա գնում, ով հետ էր գալիս, էլի հետ է գալիս։ Բայց որ մեկն ասի՝ չէ, էսի երկիր չէ, քոչենք գնանք, տենց բան չկա մեզ մոտ»,- նշում է Ավետիսյանը։


Ըստ նրա՝ այս օրերին արտագնա աշխատանքի մեկնող մարտունեցիները որպես կանոն աշնան վերջին հետ են գալիս։


Գեղարքունիքում ևս ճգնաժամի հետևանքով մարդկանց սոցիալական վիճակը դժվարացել է։ «Բայց այնպես չէ, որ շատ վատ է։ Ես մեքենաների էն տեղաշարժը, որը հիմա մեր քաղաքում տեսնում եմ, էսօր ահագին խցանումների մեջ եմ ընկել։ Այսինքն՝ մեքենաները կան, շարժը կա, ժողովուրդը կա, խանութներում լիքը մարդիկ կան։ Համեմատած այլ տարիների հետ, որ ճգնաժամ ու պատերազմ է եղել, մարդկանց վիճակը նույնը չէ։ Բոլորի եկամուտներն էլ իջել են, բայց հուսանք, որ լավ կլինի, երկիրը ոտքի կկանգնի»,- ասում է Արմեն Ավետիսյանը։


Քաղաքապետի խոսքով՝ պետք է աշխատանք տանել, որ մարդկանց մեջ հույս արթնանա․ «Մենք առավոտը զարթնելուց ոչ թե պետք է չար լեզուներին լսենք, այլ աշխատենք, աշխատենք։ Յուրաքանչյուրս մեր վրա դրված պարտավորությունները պետք է կատարենք պատշաճ ձևով, այդ ժամանակ կվերականգնվենք։ Իսկ եթե առավոտյան ընկնենք բամբասանքների հետևից, կկործանվենք, պետք է կարողանանք առաջ նայել»։


Գավառի քաղաքապետարանից նույնպես ասացին, որ քաղաքից ընտանիքներով չեն մեկնում Ռուսաստան, պարզապես տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում։ «Քանի որ մեր քաղաքի միշտ էլ արտագնա աշխատանքն է եղել հիմնական զբաղվածությունը, մարդիկ խոպան են գնում, բայց հետ են գալիս։ Մենք մի քանի կազմակերպություններում հարցումներ ենք արել, պարզել ենք, որ գնալու հետ կապված աննախադեպ թվեր չկան։ Իրավիճակը նույնն է, ինչպես ամեն տարի։ Ավելին, եթե նախորդ տարիներին ճանապարհի խնդիր չի եղել, ավելի շատ են գնացել։ Այս տարի հոսքը ավելի քիչ է»,- տեղեկացրեցին Գավառի քաղաքապետարանից։


Ռոզա Հովհաննիսյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page