top of page

«Որդուս անունը Մոնթե է լինելու...»


Ինչ-որ մի պահի, երբ մեքենան իջնում է լեռնալանջի ասֆալտով, կամ կիրճի գլխով անցնող ոլորանին, անսպասելի, անակնկալ, առանց զգուշացնելու՝ Ղարաբաղը ներխուժում է քո տարածք: Այդ պահը միայն պատահականորեն կարող է համընկնել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի հայտնվելուն: Այն կապ չունի նաև գծված ու չգծված, ճանաչված ու անճանաչում սահմանների հետ:


Ղարաբաղը սկսվում է այնտեղ, ուր կրծքիդ, ձեռքի ափը զգուշորեն դնելու պես, հանկարծ զգում ես արցախյան ոգու ծփանքը:


Զարմանալի հանդարտություն ունի իր մեջ այս երկիրը: Այն սկսվում է նրա ժայռոտ գագաթներին ու լեռների անտառածածկ մարմիններում, տարածվում է խոնավ դաշտերի կանաչ բերրիության մեջ, թանձրանում է նրա քաղցր թթաստաններում և ամբարվում է ճյուղերն արմատների պես՝ երկինքները խրած պտղաբեր այգիներում: Այդ հանդարտության մեջ, երբեք չերևալով ամբողջությամբ, աննկատ, անորսալի շարժումներով, օձի պես հանգիստ ու վտանգավոր, իր լոգանքն է ընդունում պատերազմի մառախուղը: Դու գիտես՝ բավական է մի անզգույշ շարժում, և այդ փափուկ օձը ակնթարթարեն վերածվելու է պողպատե շառաչուն հանդերձանքով վիշապի, և մառախուղը դառնալու է քարեղեն…


Այս պատերազմը, դրան ծնունդ տվող, դրա շուրջ ծավալվող քաղաքական ու տնտեսական իրողությունները վերլուծում են գրեթե բոլորը: Դրանք գործնական ու կարևոր վերլուծություններ են, անշուշտ: Սակայն ինձ համար այս ամենի մեջ ամենակարևորը ոգին է: Նորից ստիպված եմ կրկնել՝ ես ռոմանտիկ «ախցիկ» չեմ, ես խիստ պրագմատիկ մարդ եմ, շախմատիստ, տնտեսագետ– վերլուծաբան, և ասում եմ՝ այս պատերազմի մեջ ամենազարմանալին, հաղթանակի ամենալուրջ գրավականը, մեր անխոցելի, չսպառվող առավելությունը ոգին է:

Յուրաքանչյուր արցախցի գիտի որ պատերազմն արթուն է, անգամ եթե ոչ մի կրակոց չկա, և ինքն էլ է արթուն ու պատրաստ: Իսկ արհավիրքի ամենաթեժ պահին նա ապրում է անբացատրելի, տարօրինակ մի ոգևորություն, որ սահմանակից է, խորթ թող չհնչի՝ երջանկությանը. ողջ լինելու երջանկությանը, հաղթելու երջանկությանը, իրենց ծնողներին, եղբայրներին, զավակներին, անպարտելի, հզոր տեսնելու երջանկությանը: Ես լավ հասկանում եմ այս զգացողությունը, որի աղբյուրն, ի դեպ, ճշգրտորեն ու հիանալի ձևակերպել է իմ կուռքերից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգը. Եթե կյանքումդ չես գտել մի բան, որի համար կարելի է մեռնել, ապա ի՜նչ արժեք ունի կյանքդ»:

…Երկար, հոգնեցուցիչ, բացառիկ լեցուն աշխատանքային օրը ավարտվել էր արդեն, և մենք գնում էինք մարտունեցի Առուստամյան Նաիրիենց տուն՝ խորոված ուտելու: Նաիրին, ժպտերես, ծիծաղկոտ Նաիրին, ում մտերիմները «Նաիրիկ» են ասում, որ դեռևս պատանի, անչափահաս, մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին: Մարտունու հերոսական «Երրորդ պաշտպանականի» հին ու նոր տղաները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել իրենց լեգենդար հրամանատար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի կենդանի գոյության հետ: Մենք՝ Ղարաբաղի ոգով արբած…


Սեղան ենք նստում Նաիրիկենց տանը: Այն նուն տանը, որի նկուղում առաջին պատերազմի օրերին հրետակոծությունից ապաստան էին գտել Նաիրիկի հայրն ու մայրը, իրենց հարևանների հետ: Գրադի արկը մտել էր տան պարսպի դարպասով, ապա մտել էր նկուղու դռնով և սպանել էր այնտեղ պատսպարված 9 հոգուն էլ. տանտերերին՝ Նաիրիկի ծնողներին և նրանց հարևաններին: Տան միակ արու զավակը՝ տակավին անչափահաս Նաիրին այդ ժամանակ մարտի դաշտում էր, մի քանի կիլոմետր այնկողմ: Մեք վայելում ենք ուրախ ու աշխույժ խոսքուզրույցը, մենք վայելում ենք ղարաբաղյան հիանալի խորովածը, հեռախոսս զանգում է.


- Հը, ո՞նց է Ղարաբաղը»,- հեռուներից գալիս է Լևոնի ձայնը…

- Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք, ի՞նչ կասես»,- ասում եմ ես:

Սիրով՝ ձեր Արիանա


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page