top of page

Ով է իրականում եղել Կոմիտասը և ինչպիսին է եղել հայկական երաժշտությունը. ի գիտություն մոլորյալների

  • YO
  • 17 мая 2023 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 17 мая 2023 г.

17.05.2023

Հատված կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի «Կոմիտաս» գրքից


«Դարեր շարունակ հայ ժողովուրդը վերաշինում էր իր քաղաքները, գյուղերը, տաճարները, հերկում հողը, և դարեր շարունակ օտար նվաճողները ավերում էին շեները, սփռում հուր, արցունք ու արյուն:


Հայաստանը մի խաչմերուկ էր Արևմուտքի ու Արևելքի միջև և հազվադեպ էր տեսնում խաղաղ օրեր: Պետականությունը կորցրած, օտարի՝ քոչվոր արյունարբու ցեղերի լծի տակ գտնվելով՝ երբեմն անխուսափելիորեն աղավաղվում էր բուն հայկական մշակույթը՝ բնավորությունը, ծեսը, երգը, խոսքը, կենցաղը, հասարակական հարաբերությունների օրենքները, նախշը, տարազը, մտածողությունը և այլն: Երբեմն արդեն չէին հասկանում՝ որն է հայկականը: Նույնն էր երաժշտության պարագայում. վաղ միջնադարից սկսած՝ հայ երաժշտության վրա ազդել էին բյուզանդականը, պարսկականը, արաբականը, հետո՝ տաճկականը, ընդհանրապես ընդհանուր արևելյան երաժշտությունը:


Երբ եկավ Կոմիտասը, ամենուր, բացի բուն հայկական երգերից, հայերեն բառերով հնչում էր ամեն ինչ, քաղաքներում հայերեն բառերով երգում էին եվրոպական մեղեդիներ կամ ռուսական ռոմանսներ, քրդական, տաճկական, արաբական, պարսկական եղանակներ և այլն։ Կամ էլ հայկական երգերն էին աղավաղում. օրինակ՝ Կոստանդնուպոլսում որոշ հոգևորականներ հարուստ ամիրաներին դուր գալու համար հայ եկեղեցական երգերը երգում էին թուրքականի նման՝ կլկլոցներով, ծանրաբեռնված զարդարանքներով: Այնինչ հայ երգը պարզ է ու չափավոր՝ իր կառույցով, ճիշտ հայկական մշակույթի մյուս տեսակների նման։ Եթե հայկական երգում կան զարդեր, ապա դրանք արված են շատ զուսպ ու չափավոր և որ ամենակարևորն է՝ տեղին ու տրամաբանված։ Նայեք հայկական եկեղեցական տաճարին և զարդարված մզկիթին, ճիշտ այդպիսին է երաժշտական մտածողության տարբերությունը:


[...] Այն դեպքում, երբ միջոցներ չէին «ճարվում» Կոմիտասի գրառած երգերը հրատարակելու համար, աջ ու ձախ տպագրվում էին աղավաղված եղանակներ՝ հայ երգի անվան տակ: Թվում էր, թե Կոմիտասի արած գործերից հետո պետք է դադարեին աղավաղումները, սակայն պարզվեց հետագայում, որ դրանք երբեք չեն դադարելու... միշտ էլ լինելու են գոռոզ ու տգետ մարդիկ, որ ապականելու են ազգային երաժշտությունը, որ, ցավոք, Կոմիտասի մահից հետո էլ հայ երաժշտության անվան տակ հնչելու են ընդհանուր արևելյան խճողված անհասկանալի ու գռեհիկ կլկլոցներ»:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page