31.05.2023

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալիս, եթե այն չենք կապում մեր օրերի ու այսօր ապրող հայության անվտանգության հետ։
Աժ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ասել է. «Այսինքն՝ ոչ թե պետք է ասենք ցեղասպանություն է եղել, և դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել և կարևոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ։
Ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից։ Մենք պետք է դա կապենք այսօրվա մեր անվտանգության հետ»։
Հիշեցենք Զարեհ Սինանյանին, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը հենց այդ կարգախոսով էլ առաջնորդվել է՝ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանությունները կանխելու համար։ Թուրքիան չի ընդունել, ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը, և Հայաստանն աշխարհին ներկայացել է որպես համաշխարահային արդարադատության մեղքերը մատնանշող, արդարադատությունը մերկացնող երկիր։ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը միշտ խեղճացրել է Թուրքիային, ժամանակ առ ժամանակ նրան անհարմարություններ պատճառել, մինչդեռ այսօր ՀՀ իշխանությունները Թուրքիայի բերանում 10 մետրանոց լեզու են դրել։
Նախկինում Հայաստանի ու Արցախի գլխին նոր ցեղասպանության վտանգը կախված չի եղել։ Մեր կարգախոսն ավելի շատ ուղղված է եղել ամբողջ աշխարհում ցեղասպանությունների վտանգը չեզոքացնելուն՝ մեր արդար պահանջը մատնանշելով։ Հայաստանը հենց այդ համատեքստում էլ ընկալվել է՝ որպես իր ժողովրդի հետ կատարված ցեղասպանության ու այդ փաստը ժխտելու դեմ պայքարի առաջամարտիկ՝ աշխարհում նոր ցեղասպանությունները կանխելու նպատակով։
Հիմա, երբ օրվա իշխանության օրոք, ոչ թե աշխարհի ուրիշ մի անկյունում, այլ հենց Հայաստանում ու Արցախում հայ ժողովրդին սպառնացող նոր ցեղասպանության ահագնացող վտանգի պայմաններում այդ նույն իշխանության ներկայացուցիչը խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման ոչ ինքնանպատակ լինելու մասին՝ հորդորելով այն կապել այսօրվա հետ, այսօր մեզ սպառնացող ցեղասպանության հետ։
Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք։