top of page

Ո՞ւմ փողերով են Հայաստանում 5 մլրդ դոլարանոց միկրոքաղաքներ կառուցում

23 июн. 2023 г.
2 мин. чтения

23.06.2023

Ուշադրություն գրավեց «Economy of Armenia» («Հայաստանի էկոնոմիկան») տելեգրամյան ալիքի տարածած տաղեկությունը, որ Երևանում իրագործվում է քաղաքաշինական ամենախոշոր նախագիծը՝ անկախության վերականգնումից ի վեր, որի համար 5 միլիարդ դոլարի ներդրում է արվել:


Խոսքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում շուրջ 140 հա մակերեսի վրա «Դեֆանս հաուզինգ» անվանումով թաղամասի մասին է, որի շինարարությունն արդեն իսկ մեկնարկել է: Ըստ ներկայացվող գովազդային նյութերի՝ 8 տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել 116 բնակելի շենք՝ 45 հազար բնակչի հաշվարկով, երեք դպրոց, մի քանի մանկապարտեզ, բիզնես-կենտրոն, մարզասրահ, բուժկենտրոն, հիմնել պուրակներ ու անտառաշերտ և այլն, և այլն և այդպես շարունակ: Մի խոսքով, Երևանի թաղամասերից մեկում նախատեսվում է մի ամբողջ միկրոքաղաք կառուցել:


Հատկանշական է, որ այս միկրոքաղաքի կառուցման մասին առաջիններից մեկը հենց «Հայկական ժամանակ»-ն է գրել: Բայց ինչպե՞ս է գրել: Երևանի ավագանու 2022թ. հոկտեմբերի 18-ի նիստին ընդառաջ, որտեղ դեռ պիտի այդ նախագիծը հաստատվեր, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթն ընդարձակ հոդված է հրապարակում, հիմնականում դրական, եթե կուզեք՝ «նյու-վասյուկիական» շեշտադրումներով: Բայց դա ի՞նչ էր, ազդանշան Երևանի ավագանուն, թե որքան արա՞գ հաստատեն ներկայացված նախագիծը, թե՞ որ հաստատելու ժամանակ ավելորդ հարցեր չտան:


Ավելին, միանգամից ուշադրություն է գրավում ներդրման ծավալը՝ 5 միլիարդ դոլար: Որտեղի՞ց նման միջոցներ: Այդ ո՞վ է այդ էքստրա-«Կորեյկոն», այդ թաքնված միլիարդատերը, որի մասին մինչև հիմա ոչ մեկը ոչինչ չգիտեր և մեկ էլ՝ հո՛պ, 5 միլիարդ դոլարի ներդրում՝ 45-50 հազար բնակչությամբ մի ամբողջ թաղամաս կառուցելու բիզնեսում:


Թվում է, հայ մուլտիմիլիոնատերերն ու միլիարդատերերը հայտնի են բոլորին: Բայց ոչ մի նման անուն այս նախագծի հետ չի շոշափվում: Ուստի հարցը մնում է բաց. ո՞վ է կամ ովքե՞ր են ներդրողները ու որտեղի՞ց նրանց 5 միլիարդ դոլար:


Առավել ևս, արժեր, ինչպես ասվում է՝ առճակատ տեսնել այդ ներդրողներին հասկանալու համար, թե ովքե՞ր են բիզնես-ռիսկի այդ չեմպիոնները, որ ահռելի կարողություն են ներդնում բացարձակապես անկայուն քաղաքական, տնտեսական և անգամ՝ գոյաբանական խախուտ վիճակում գտնվող երկրում:


Մյուս հարցադրումը ավելի շուտ մտազուգահեռական (ասոցիատիվ) է, քանզի վերջին անգամ միլիարդ բառը լրահոսում շրջանառվեց Հայաստան կոկայինի ահռելի խմբաքանակ ներկրելու և ներկրման՝ երրորդ երկրում կանխված փորձի աղմկահարույց պատմության հետ կապված: Հիշեցնենք, այս տարվա մայիսին Հայաստան ներկրվել էր մոտ 1 տոննա կոկային, ապա իտալական նավահանգիստներից մեկում հայտնաբերվել էր Հայաստան ուղարկվող 2,7 տոննա կոկայինի խմբաքանակ, որոնց համախառն սևշուկայական արժեքը գնահատվեց 1 միլիարդ եվրո:


Հիմա էլ՝ 5 միլիարդ դոլար: Բայց պարզ է, չէ՞, որ նման ահռելի գումարների հետ կապված «շարժերը» չեն կարող լինել առանց իշխանությունների՝ առնվազն իմացության, եթե չասենք՝ մասնակցության կամ անմիջական ներգրավման պայմաններում:


Ինքնին հետաքրքիր է «5 միլիարդ դոլար» արտահայտությունը ևս: Հիշեցնենք, որ այդ արտահայտությունն էր շրջանառվում, կապված այն խոսակցությունների հետ, թե Ալիևը Արցախը հանձնելու դիմաց 5 միլիարդ դոլար է առաջարկում: Արցախը գործնականում հանձնել են Ալիևին: Ո՞ւ...


Այդ որտեղի՞ց այդ «5 միլիարդ դոլարը»: Ո՞վ է կանգնած այս գրանդիոզ կառուցապատման ծրագրի ետևում, ո՞վ է դրա իրական ներդրող-մուլտիմիլիարդատերը, գուցե Նիկոլ Փաշինյա՞նը կամ նրա հետ ուղղակիորեն փոխկապակցված ա՞նձ: Եվ որտե՞ղ են նրանք գտել այդ միջոցները. Մոնտե-Քրիստոյի՞, թե՞ 40 ավազակների քարանձավում: Այդ ո՞ր արաբական ջինին են շշնջացել. «Սիմ-սիմ, բացվի՛ր»:


Արթուր Խայթ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page