9 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ-ՊԵԿԻՆ
Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, եւ ավելի երկար, քան Յանցզի գետը: Այդ գրությունն է Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական սարքավորումների արկղերի վրա:
Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության պատրաստակամության մասին հավաստիացրել է նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին իր պատասխանի մեջ, նշելով. «Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար»:
Չինացիները համագործակցությունը կնքում են խորհրդանշական գրառումով, թերեւս այն քաղաքակրթական ներդաշնակության համատեքստում, որի մասին դեռեւս նախորդ տարի մայիսին Չինաստանի նախագահը խոսել էր Պեկինում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Այդ հանդիպմանը Սի Ծինպինն անդրադարձել էր հայկական հարցին եւ ակնարկել դրանում Չինաստանի հնարավոր աջակցության մասին: Չինաստանի նախագահը խոսել էր հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի մասին, նշելով, թե Պեկինը հաստատակամ է պատմության այդպիսի էջեր թույլ չտալու հարցում:
Հայաստանի հանդեպ Պեկինի հետաքրքրության, նաեւ հայկական պետականության ֆունկցիոնալ ահռելի դերակատարման մասին է վկայում եւ այն, որ Չինաստանը Երեւանում կառուցում է եվրասիական ռեգիոնում մեծությամբ իր երկրորդ դեսպանատունը:
Ընդ որում հատկանշական է, որ այդ դեսպանատունը կառուցվում է մի վայրում, ոտեղից բացվում է տեսարան դեպի Արարատը, եւ ինչպես չինացիներն են ամրագրում՝ հայերի Արարատը:
Արարատի հարցն անշուշտ լոկ հայկական հարց չէ, կամ հայկական հարցը իր աշխարհքաղաքական նշանակությամբ լոկ հայերի հարցը չէ, եւ դա լավ են հասկանում բոլորը:
Պեկինը նոր աշխարհակարգի արտարապետության հիմնական հավակնորդներից է եւ Հայաստանի ու հայկական հարցի հանդեպ հետաքրքրությունն այդ պարագայում գործնականում անխուսափելի է: Միաժամանակ, դա իհարկե նշանակում է Հայաստանի հարցում կոշտ մրցակցություն, որը Երեւանին տալու է հնարավորություն, բայց ամենեւին ոչ Պեկինի բարյացակամության կամ հետաքրքրվածության դափնիների վրա հանգստանալու: Այդ հետաքրքրությունը Երեւանի համար հնարավորություն է, միաժամանակ ուժային կենտրոնների բարդ մրցակցության միջավայրում աշխատելու պատասխանատվություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ