top of page

Պատերազմ տեսած աչքերը

  • 5 апр. 2021 г.
  • 5 мин. чтения

05.04.2021

Ամեն անգամ Երևանից Արցախ մեկնելիս՝ կանգ էինք առնում Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, մոմ վառում: Դիտավորյալ ընտրում էինք մեծ մոմեր, որոնք մինչ մենք տեղ կհասնեինք , անընդմեջ կվառվեին: Վառում էինք մեր մոմերը ու մտքներումս ինքներս մեզ խոստանում անպայման ետ վերադառնալ:


Գևորգ Նիկոլյան


Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Գևորգ Նիկոլյանը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է դարձել Ստեփանակերտից Երևան վիրավոր զինվորների տեղափոխման գործողություններին: Գևորգը զուգընթաց նաև մասնակից է եղել Երևանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող բժշկական միջամտություններին:


- Երբ հեռուստացույցով լսեցի, որ պատերազմ է սկսվել, անմիջապես հասկացա, որ պետք է մեկնեմ առաջնագիծ: Արդեն պատրաստվում էի գնալ շտապօգնության կայան կամավորագրվելու՝ առողջապահության նախարարությունից զանգահարեցին և ասացին որ, կամավոր հիմունքներով պետք է մեկնեմ Արցախ,- պատմում է ապագա բժիշկը և հպարտությամբ հավելում, որ այդ օրերին գրեթե բոլոր բժիշկներն ու քույրերը պատրաստակամ են եղել առաջնագիծ մեկնել: Նույնիսկ կային, որ վիճում էին , թե ո՞վ է գնալու , կամ ինչու՞ է այս կամ այն բժիշկը, բուժքույրը երկրորդ անգամ գնում, իսկ ինքը՝ ոչ:


- Այդ օրերի ապրումներս թերևս դժվար կլինի բառերով արտահայտել,- ասում է Գևորգը և իրազեկում,-: Երբ հասանք Ստեփանակերտ, ամեն ինչ խառնվել էր իրար, անկազմակերպ էինք , քանի որ պատերազմը անակնկալի էր բերել բոլորիս : Սակայն կար մեկ զգացողություն, որը հստակեցնում էր իրադրությունը: Դա այն գիտակցումն էր, որ այդ ծանրագույն պահին դու այն մեկն ես, ում կարիքը կա ռազմի դաշտում, որ ինչ-որ մի զինվոր քեզ է սպասում, որ դու իրեն պետք ես:


Այնպես է պատահել, որ օրական երկու անգամ գնացել-եկել ենք: Մինչև հինգ-վեց զինվոր տեղափոխել ենք՝ կախված ստացած վնասվածքների ծանրության աստիճանից: Եղել են վիրավոր զինվորներ, որոնց մի կերպ ենք համոզել մեզ հետ հիվանդանոց գալ,-շարունակում է պատմել Գևորգը և հատկանշում այն փաստը, որ վիրավոր զինվորներից և ոչ մեկը չի մտածել իր մարտական դիրքը լքելու մասին:


- Նրանք, ովքեր քիչ թե շատ ի վիճակի էին շարունակել մարտը, մեզ խնդրում էին բժշկական միջամտությունը տեղում կատարել, որպեսզի կարողանային շարունակել իրենց կռիվը: Շատ դեպքերում էլ խնդրում էին հեռու չտանել, որպեսզի կարողանային ետ վերադառնալ: Ըստ նրանց՝ թեկուզ և վիրավոր վիճակում ընկերներին թողնելը դավաճանության նման մի բան էր: Մենք՝ բուժանձնակազմս, հոգեբանորեն շատ ծանր վիճակում էինք: Մինչ Երևան հասնելը ճանապարհին շատ հաճախ բառ չէինք փոխանակում միմյանց հետ: Զգում էինք, թե ինչպես տղաները ավելի շատ էին տանջվում իրենց դիրքերն ու մարտական ընկերներին թողնելու ապրումներից, քան մարմնական վերքերից : Նրանց միտքը դեռ կռվի դաշտում էր, ընկերների հետ: Մեր տղերքը կյանքի գնով պահում էին հող հայրենին,-պատմում է բժիշկը:


Պատերազմական թեժ օրերի դեպքերով տպավորված, Գևորգը կիսվելով մեզ հետ , վերհիշում է , թե ինչպես ամեն անգամ ապշել է զինվորների կամային դրսևորումներից:


- Քուն հասկացողությունը չկար, այո, այո , ուղղակի չկար,- նկարագրում է այդ օրերը Գևորգը ու շարունակում,- : Մի անգամ հիվանդանոցում հերթապահությունը հանձնելուց հետո գնացի Ստեփանակերտ : Ծանր այրվածքային վիրավորում ստացած զինվորներ պիտի տեղափոխեինք: Հոգնած էի, ճանապարհին աչքերս իրենք իրենց փակվում էին : Զինվորներից մեկի աչքից չվրիպեց իմ հոգնած լինելը և կարեկցանքով հարցրեց ՝ բժիշկ,ինչպե՞ս ես : Հանկարծակիի գալով պատասխանեցի, որ լավ եմ: Նա համառորեն ինձ փորձում էր ներքաշել զրույցի մեջ:


- Տեսնում եմ, որ չեք քնել գիշերը, քնեք էլի,- թախանձագին ասաց նա: Ապշելու բան էր: Դեռ անփորձ, կյանք չտեսած ղինվրները կյանքի իմաստը բովանդակող օրինակներ էին դարձել , այսպես նրանք իրենց կերպարներում անձնուրացություն ու հայրենասիրության էին մարմնացնում: 18 տարեկան առյուծասիրտ այդ տղաների մեջ աննկարագրելի ուժ կար,- իր հիշողությունների կծիկը ետ տալով տպավորված նշում է Գևորգը:


- Պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանում կորոնավիրուս հիվանդությունը ավելի էր ուժգնանում: Պատահում էր, որ առաջանում էր մահճակալային խնդիրներ, բայց որոշումը մեկն էր ՝ եթե կար ազատ մահճակալ, ուրեմն այն վիրավոր զինվորինն էր: Հիվանդներից շատերը հրաժարվում էին բուժումը հիվանդանոցում անցկացնել ու նախընտրում էին այդ ամենը տան պայմաններում կազմակերպել, որպեսզի չզբաղեցնեն ազատ մահճակալները,- տեղեկացնում է Գևորգ Նիկոլյանը:


- Հայոց ազգը մի զարմանալի հատկանիշ ունի, օրհասի պահին


բռունցքվում է ,- ասում է նա,-: Մենք այդ օրերին առավել միասնական ու համախմբված էինք , քան երբևէ: Սահմանում կռվող հայ մարտիկը պատրաստ էր անմահանալ հանուն հայրենիքի: Իսկ թիկունքում ողջ ազգն էր, որ օր ու գիշեր ջանասիրաբար հանգանակություն էր հավաքում( գումարի, հագուստի, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների տեսքով), որպեսզի սատարի իր զինվորին: Տղերքը առաջնագծում էին մարտնչում, ազգը՝ թիկունքում:


- Վիրավոր զինվորներին տեղափոխելիս՝ ճանապարհին ժամանակ առ ժամանակ կանգ էինք առնում, որպեսզի ջուր և ուտելիք գնենք նրանց համար,- մտաբերում է Գևորգը,-: Մեր հայրենակիցները տեսնելով շտապօգնության մեքենան ՝ արագորեն գալիս էին դեպի մեզ ու կամենում օգնություն ցուցաբերել: Օգնում էին ինչով կարող էին, բենզին էին տալիս, ուտելիք, ջուր:


Այն հարցին , թե պատերազմի ժամանակ երբևէ եղե՞լ է պահ, որ բժիշկը զղջացել է իր ընտրած մասնագիտության համար, նա այսպես պատասխանեց.


- Փոշմանել եմ միայն մի բանի համար, որ ավելի շուտ չեմ ընդունվել բժշկական համալսարան ,ավելի բարձունքում չէի, որ ավելին կարողանայի անել: Խուճապ չի եղել, բայց վախ եղել է: Դա էլ այն բանի համար, որ գիտես, զինվորի կյանքը քեզ է վստահված և դու սխալվելու իրավունք չունես: Այդ պահին դու ես և որոշում կայացնողը և գործողություն կատարողը: Եթե քեզ կորցնես, պարզ է, կձախողվի: Պետք է հնարավորինս սառը դատես, որպեսզի խնդիրների լուծումը ճիշտ լինի:


Բժիշկ լինելը մասնագիտություն չէ, այլ ՝ պատիվ,- հպարտորեն հավելում է Գևորգը:


- Ի դեպ,եղբայրս էլ է մասնակցել մարտական գործողություններին,- նշում է նա ու շարունակում,-: Եղբայրս ռազմիկ էր , ես՝ սպիտակ բանակի ներկայացուցիչ: Ամեն անգամ , երբ գնում-գալիս էի , նաև եղբորս համար էի մտահոգ , որպեսզի նրանից լուր իմանամ: Ամեն օր սպասում էի, որ մի տեղից կզանգահարեն և կասեն՝ եղբայրդ այստեղ է: Եղել է դեպք, երբ զանգել և անուն են ասել, գնացել եմ, ինքը չի եղել: Աշխարհով մեկ եմ եղել, բայց միևնույն ժամանակ կոտրվել եմ: Մեկ տան տան ճրագ էլ հանգեց:


- Հոկտեմբերի վեցն էր, հայտնվել էինք ռմբակոծությունների տակ,- շարունակում է պատմել Գևորգը,-: Մեքենայում վեց վիրավոր կար: Զինվորներից մեկը ծանր վնասվածքներ էր ստացել, երկար սպասել չէինք կարող: Որոշեցինք գնալ Գորիսի հիվանդանոց: Չգիտեմ պատահականություն էր, թե ճակատագիր , գտա եղբորս՝ վիրավորում ստացած: Երկու օր մնացի , որպեսզի խնամեմ: Բայց և անհանգիստ էի , որ չեմ գնում առաջնագիծ : Անցավ երկու օր, գնացի ու այն համոզումով, որ ավելի շատ զինվորների կարողանամ օգտակար լինել : Ես միշտ ասում եմ՝ 44 անգամ վերածնվել եմ:


-Պատերազմը իմ կյանքում շատ բան փոխեց,- ասում է Գևորգը,- : Ես հասկացա , որ եթե կա խնդիր , ուրեմն կա և լուծում: Նպատակը ուժ է ծնում՝ խնդիրները հաղթահարելու ճանապարհին: Այդ օրերին պաշտոն հասկացողություն չկար, բոլորս հավասար էինք , հնարավոություններն էին տարբեր: Վստահորեն կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք: Պատերազմի ավարտից հետո գնացել եմ Վարդենիս, Սիսիան Գորիս,- շարունակում է իր միտքը Գևորգ Նիկոլյանը,-: Զինվորների տրամադրվածությունը մարտական էր, ու սա գալիս է ասելու, որ հաղթել ենք : Իսկ հետոյի մասին բոլորովին խոսք չկա, որ հաղթելու ենք : Ամենքի մտքում ու սրտում մեկ ցանկություն է ՝ կորցրածը ետ բերելու ցանկություն: Ավաղ , ամեն ինչ կարելի է վերադարձնել, բացի զոհված հերոսներից: Մարդկային կյանքը անվերադարձ է: Իսկ ինչ վերաբերում է հողին, գույքին, հավատացած եմ, ամենը ետ կբերենք : Ես իմ ժողովրդին առողջություն եմ մաղթում ու սա ոչ միայն ֆիզիկապես , այլև հոգեպես: Եթե կա հոգեբանական առողջություն , կլինի նաև՝ մարմնական: Նոր հաղթանակի օրը անպայման կգա,- ահա այս խոսքերով մեզ հետ իր զրույցը վերջացրեց ապագա բժիշկ Գևորգ Նիկոլյանը:


Հեղինակ՝ Սիլվա Վարդերեսյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page