24.01.2024
Բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Պարույր Սևակը սիրված և հարգված էր ժողովրդի կողմից։ Սակայն Մոսկվայի, երկրի իշխող վարչակարգի ու գրական շրջանակի հասցեին հնչեցրած իր սուր արտահայտությունների համար նա մի շարք թշնամիներ էր ձեռք բերել։
«Նրա կյանքի վերջին օրերն ամենադժվարն էին։ Պատկերացրեք հիասթափված մարդ` չափազանց տխուր աչքերով։ Հենց այսպիսին էր Սևակը նաև այն չարաբաստիկ օրը, երբ ավտովթարի ենթարկվեց», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։
Պատճառները, որոնք մեծ պոետին այդքան հիասթափեցրել էին, շատ էին` նախանձը, Մոսկվայի ճնշումը, գործընկերների կողմից հասկացված չլինելը։
Ինչպես այրեցին Սևակի գրքերը
Ականատեսները հիշում են, որ Գրողների միությունում ընթանում էր հերթական համագումարը` պոետի մահվանից մի քանի օր առաջ։
Ընդմիջման ժամանակ անծանոթ մարդիկ մոտեցան Սևակին և հայտնեցին, որ «Եղիցի լույս» ժողովածուի ողջ տպաքանակը հրատարակչությունից դուրս է բերվել բակ և այրվել։ Խորհրդային գրաքննությունը համարել էր, որ այս գրքում հեղափոխության կոչ է թաքնված։
«Սևակը սկսեց հայհոյանքներ հնչեցնել բարձր ատյանների ներկայացուցիչների հասցեին։ Բոլորը հասկանում էին, որ դա վերջին կաթիլն էր պոետի համար», — ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` գրեթե ոչ ոք չմոտեցավ պոետին նրան աջակցելու համար, այնպիսի տպավորություն էր, կարծես բոլորը վախենում էին նույնիսկ մի բառ ասել` Սևակի գործերին մասնակից չդառնալու համար։ Սակայն նա միշտ արդարության կողմնակիցն էր. միայնակ դեմ էր դուրս եկել խորհրդային և ադրբեջանցի պրոֆեսոր Զիա Բունիաթովի հոդվածին։
Բունիաթովը հրապարակել էր ազգայնական բնույթի մի գործ, որտեղ Հայաստանի արևելյան մասում գտնվող բոլոր հայկական հին հուշարձանները ալբանական էր անվանել։ Դրա համար նրան նկատողություն էր արել Սևակը` գիտականորեն ապացուցելով նրա պնդումների սուտ լինելը։
«Նա դիմել էր խոսքով, իսկ նրանք` դանակով», — նշեց Գրիգորյանն ու ավելացրեց, որ հենց արդարությունը և ճշմարտությունն ասելու համար Սևակը մի շարք թշնամիներ էր ձեռք բերել։
Ավտովթար
1971 թվականի հունիսի 17-ին հարազատ գյուղից տուն վերադառնալիս Պարույր Սևակը և նրա կինը` Նելլի Մենաղարիշվիլին, ավտովթարի ենթարկվեցին և մահացան։ Ականատեսները հիշում են, որ երբ Սևակին Երևան բերեցին, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը վշտից գլուխը կորցրել էր ու ասում էր` սա ինքնասպանություն է։ Ավելի ուշ շատերը, այս վարկածը հիմք ընդունելով, գրում էին, որ Սևակի համար միայն ինքնասպանությունը կարող էր ելք լինել ստեղծված իրավիճակից։
«Սևակը նոր էր ավտոմեքենա վարել սովորում և առաջին անգամ հայտնվեց նման իրավիճակում։ Ես կարծում եմ, որ ավտովթարը տեղի ունեցավ ինչպես նրա ծանր հոգեվիճակի, այնպես էլ վարել չիմանալու հետևանքով», — ասաց Գրիգորյանը։
45 տարի անց մեծ պոետի մահվան պատճառ դարձած ավտովթարի իրական հանգամանքներն այդպես էլ չպարզվեցին։ Ոմանք պնդում են, որ դա ինքնասպանություն էր, մյուսները, ինչպես և Գրիգորյանը, վստահեցնում են, որ դա դժբախտ պատահար էր, իսկ ուրիշներն ընդհանրապես կարծում են, որ մեծ բանաստեղծին սպանել են։
コメント