26.07.2023
Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունից 8 ամիս անց ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանն ամուսնացել է։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի թղթակցին ասել են գյուղի բնակիչներից` նշելով նաեւ, որ նա չի ապրում այն տանը, որտեղ սպանությունն է տեղի ունեցել, այլ ապրում է քրոջ տանը։
«Հրապարակ»֊ը կապ է հաստատել Սեւակ Մելիքսեթյանի հետ, նա նշեց, որ այդ հարցին չի պատասխանում։
Ապա նշեց, որ այն տանը չի ապրում, որտեղ սպանությունն է տեղի ունեցել, սակայն դա իր տունն է, այնտեղ գնում֊գալիս է։
Այս գործով կալանքի տակ են Արկադի եւ Վրույր Բարսեղյանները։
Նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։