top of page

Պուտինին ու Էրդողանին շատ ավելի բան է միավորում, քան մեզ թվում է

11.07.2023



Ռուս-թուրքական հարաբերություններում վերջին օրերին տեղի ունեցածը ոգեւորել է Հայաստանի հատկապես ռուսապատկան շրջանակներին։ Հիշեցնենք, որ Էրդողանը Ուկրաինա վերադարձրեց Ազով գնդի հրամանատարներին, հայտարարեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցության եւ Կիեւին սպառազինության մատակարարումների մասին, խոստացավ իր ռազմանավերով ապահովել «ցորենի միջանցքը», եթե Ռուսաստանը չհամաձայնի երկարաձգել ցորենի գործարքը, արտոնեց Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս ամենը միջազգային եւ ռուսական մամուլում գնահատվեց որպես ապտակ Պուտինին։


«Թուրքիան թեքվում է դեպի Արեւմուտք, հատում է կարմիր գծերը, Ռուսաստանը կարող է կոշտացնել իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ», ասում են հայ «փորձագետները», իսկ մեկը նույնիսկ հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք տեղափոխել Հայաստան, որպեսզի Թուրքիան չպայթեցնի տարածաշրջանը։ Հասանք։ Թաքուն հույսը, որ ռուսները կարող է «հանկարծ հասկանան», թե թուրքերն իրականում ինչ նենգ մտադրություններ ունեն, չի մարում արդեն 100 տարուց ավելի, թեեւ այդ հարյուր տարին՝ Հայաստանի 9/10-րդի կորուստը, 2․5 միլիոն հայկական կյանքերը, թվում է բավական էր «հանկարծ հասկանալու» Հայաստանի հարցում ռուս-թուրքական հարաբերությունների էությունը։


Այդ հարաբերությունների ծիրում Հայաստանը ցանկացած տարբերակում դատապարտված է ոչնչացման, ինչպես նկարագրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը։ Ընդ որում, իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկը Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքի միջուկային ռմբակոծությունն է, ինչն ամրագրված է Կրեմլի «դոկտրինում» դեռ խորհրդային ժամանակներից։


Կրեմլը կուլ է տվել ապտակները, Պեսկովի բերանով այդ մասին պարզ հայտարարելով, իսկ Էրդողանն իր մոտ է կանչել Պուտինին բանակցությունների համար։ Կրեմլի համար կենսական խնդիր է գորշ ներմուծումը, որն իրականացնում է Թուրքիայի միջոցով եւ ապահովում իր տնտեսության եւ մասնավորաբար ռազմարդյունաբերական համալիրի քիչ թե շատ գործարկումը։ Եթե իրավիճակը պարզեցնենք հայ փորձագետներին ընկալելի աստիճանի, Մոսկվան կուլ կտա ամեն ինչ այդ խողովակը պահելու համար։


Պուտինին ու Էրդողանին շատ բան է միավորում, սկսած անձնական հատկանիշներից, վերջացրած նրանով, որ նրանց ռեժիմների կայունությունն ու անվտանգությունն ապահովում է ԱՄՆ-ն՝ «կրկնակի զսպման» իր քաղաքականության շրջանակում՝ Պուտինի եւ Էրդողանի ռեժիմները հարմար ու էժան նյութ են ամերիկացիների ծրագրերի համար։ Իսկ ռուս-թուրքական «հակադրամիասնության» կամ, ինչպես Լավրովն էր ասել՝ սիներգիայի հիմքը Հայաստանն ու հայկական խնդիրներն են։ Հայաստանը գոյութենական խնդիր է այս երկու երկրների համար։ Սա՝ խնդիրների ընդգրկումն ու խորությունը լավ պատկերացնելու համար։


Սա Հայաստանի դատապարտվածության նկարագրությո՞ւն է։ Ամենեւին։ Բնության մեջ միակողմանի կախվածություն չի լինում, հայկական քաղաքական մշակույթի ծնունդ Ռուսաստանի ու հայկական տարածքների վրա Մոսկվայի ստեղծած ժամանակակից Թուրքիայի ճակատագիրը կախված է Հայաստանից, քանի որ իրավունքը հայկական կողմում է։ Այստեղից էլ՝ Հայաստանի հանդեպ ռազմական ու քաղաքական ահռելի ճնշումը, որն իրագործվում է թե դրսից, թե ներքին բազմահազար ագենտուրայի՝ իշխանաընդդիմադիր քաղաքական դասի, մամուլի եւ քաղաքագիտության 99 տոկոսի քայքայիչ գործունեությամբ եւ հայկական իրավունքների ոչնչացմամբ։


Խնդիրը իրավունքի ուժի, սեփական դերակատարության գիտակցման եւ մտածողության մեջ է։ Ագենտուրայի խնդիրը դա թույլ չտալն է Նիկոլի բարձր առաջնորդությամբ։ Հայերը դատապարտված են շատ շուտով տնօրինելու Ռուսաստանի ու Թուրքիայի ճակատագիրը հայկական իրավունքների հիմքով։ Հակառակն անէությունն է։


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page