top of page

Պրիգոժինի զորքը գրավել է Ռոստովի և Վորոնեժի մարզերի հիմնական ռազմական օբյեկտները և շարժվում է Մոսկվա

24.06.2023

Ինչ է հայտնի Երևանի ժամանակով 14:30-ի դրությամբ


✹ Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը գրավել է Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը, մի շարք կարևոր ռազմական օբյեկտներ։ Քաղաքի փողոցներում տանկեր կան։ Պրիգոժինը շտաբում հանդիպեց պաշտպանության փոխնախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ և խոստացավ «արգելափակել Ռոստովը և գնալ Մոսկվա»:


✹ «Վագներ» ՄՌԿ-ն գրավել է Վորոնեժի մարզի մի շարք կարևոր ռազմական օբյեկտներ: Նաև Վորոնեժի մոտ հրդեհ է բռնկվել նավթի պահեստում:


✹ Վլադիմիր Պուտինը կոչ է արել, որում Պրիգոժինի գործողություններն անվանել է «դավաճանություն», ինչպես նաև «հարված Ռուսաստանին»։ Պրիգոժինը պատասխանել է՝ հայտարարելով, որ նախագահը «խորապես սխալվել է» և հրաժարվել է վայր դնել զենքերը։


✹ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել։ Վլադիմիրի շրջանի բոլոր ծառայությունները տեղափոխվել են «հատուկ ռեժիմի»։ Կրասնոդարի երկրամասի ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Վորոնեժի, Լիպեցկի, Տուլայի, Տվերի, Կալինինգրադի մարզերում զանգվածային միջոցառումները չեղյալ են հայտարարվել։


✹ Մոսկվայի մարզում մասամբ արգելափակված են Դոնի, Ուրալի և Ղրիմի ավտոճանապարհները։ Լիպեցկի շրջանի Դոնի մայրուղու վրա նկատել են ռազմական տեխնիկայի շարասյուն, որը շարժվում էր դեպի Մոսկվա։ Սերպուխովի շրջանում արգելափակվել է Օկայի վրայով անցնող կամուրջը։


✹ Ռուսական բանկերը կտրուկ բարձրացրել են փոխարժեքները. դրանցից շատերում դոլարը գերազանցել է 90 ռուբլին, եվրոյինը՝ 100 ռուբլին։


✹ Պատրիարք Կիրիլը «Վագների» մարտիկներին կոչ է արել մտածել: «Երբ թշնամիները բոլոր ջանքերը գործադրում են Ռուսաստանը ոչնչացնելու համար, երկրի ներսում տարաձայնություն սերմանելու ցանկացած փորձ ամենամեծ հանցագործությունն է, որն արդարացում չունի։ Որպես Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ՝ կոչ եմ անում նրանց, ովքեր զենք են վերցրել և պատրաստ են դրանք օգտագործել իրենց եղբայրների դեմ, նորից մտածել։ Ես աջակցում եմ երկրի ղեկավարի ջանքերին՝ ուղղված մեր երկրում անկարգությունների կանխմանը»,- Կիրիլի խոսքերն է մեջբերում Մոսկվայի պատրիարքարանի մամուլի ծառայությունը։

Commentaires


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page