top of page

ՌԴ-ն արդեն պաշտոնապես է ընդունում, որ ռուսական զորքն Արցախում խաղաղապահ չէ

04.08.2023



ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական բրիֆինգում Բաքվին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Նա անմիջապես ավելացրել է. «Իհարկե, շատ բան կախված է նաև քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Եվ այս դեպքում լարվածությունը կարելի է հանել, և դրա համար մենք աշխատում ենք կողմերի հետ»։ Այսինքն, ապասշրջափակման նրա կոչը Բաքվին պարտադրող չէ, այլ կապակցված է ինչ-ինչ հանգամանքների:


Զախարովան մանրամասնում է. «Չնայած ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների առաքումը համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմը ակտիվորեն միացել է լուծման որոնումներին եւ մշտական կապեր հաստատել երկու կողմերի հետ»։


Իր ստահոդ մեթոդաբանությամբ Զախարովայի պես հին ու ծանոթ այս ՌԴ ԱԳՆ դիմում-մեկնաբանությունը, այդուհանդերձ անդրադարձի կարիք ունի:


Ա/ Ըստ 2020 նոյեմբեր 9-ի հրադադարի համաձայնության, Բերձորի միջանցքը 5 կմ լայնությամբ արտատարածքային, այսինքն Բաքվին չենթարկվող գոտի է (2020 փաստաթուղթ, Փաշինյան 2023 օգոստոս 1): Բեռների տեղափոխումը, այդ թվում ռազմական նշանակություն ունեցողներինը, վերաբերում է միայն ՀՀ եւ ԱՀ՝ իբրեւ առաքիչ/ստացողների, ինչպես նաեւ ՌԴ, իբրեւ տեղափոխման անվտանգության երաշխավորի իրավասությանը: Բաքուն ներկայացնող մարմինների հետ համաձայնեցման կոչերը, կամ այլ նախապայմանները անթույլատրելի են:


(Ա) կետի անտեսումը որեւէ այլ պետության կամ միջազգային մարմնի կողմից կարելի էր վերագրել խնդրին անտեղյակության: Բայց երբ նման կոչեր է անում նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրող եւ պայմանավորությունների երաշխավոր Ռուսաստանը, դա բոլորովին այլ բան է նշանակում:


Դա նշանակում է, որ Բ/ ՌԴ հրաժարվում է 2020 նոյեմբերի 9-ին ՀՀ եւ ԱՀ հանդեպ ստանձնած երաշխավորի իր պարտավորություններից։ Այլապես ՌԴ զորախմբին կարգադրված կլիներ ապահովել բեռների անցումը դեռեւս Շուշիի խաչմերուկում եւ թույլ չտալ Արցախի շրջափակումը նաեւ Հաքարիի «պետական սահմանին»:


Մի գուցե Մոսկվան, ձեռքերը լվանալով, միջանցքի հարցում չեզոքության դիրք է ընդունում: Ամենեւին ոչ: Եթե Մոսկվան Բաքվին հորդորում է բացել միջանցքը, ընդսմին կողմերին դրա համար կոչ է անում ինչ-որ հավելյալ փոխզիջումների գնալ, նշելով, որ որեւէ բեռ միջանցքով պետք է անցնի հատկապես Բաքվի թույլտվությամբ, դա նշանակում է, որ Գ/ Մոսկվան միջանցքը հանձնում է Բաքվի իրավազորությանը, այսինքն չի ճանաչում դրա արտատարածքային կարգավիճակը:


Ընդ որում, 2020 նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայկական կողմերի առջեւ երաշխավորի պարտավորությունները վայր դրած (Բ) ռուսական կողմի արցախյան զորակազմն այլեւս խաղաղապահ չէ, քանի որ չի գործում նոյեմբերի 9-ի թղթի շրջանակում։ Իսկ եթե ռուսական զորակազմն այլեւս խաղաղապահ չէ, ուրեմն օկուպացիոն զորք է, որի միակ գործառույթը Դ) Բաքվի հետ համաձայնեցված՝ հայկական ուժային կառույցների զսպումն է իբրեւ միջանցքի հանդեպ հայկական իրավազորությունը (2020 նոյեմբեր 9-ի փաստաթուղթ) իրականացնելու միջոցի։


Որոնք են հայկական կողմերի առջեւ 2020 թվականի հրադադարի թղթով ամրագրված ռուսական պարտավորություններից ՌԴ հրաժարման արդարացումները: ԱԳՆ հայտնի հայտարարության նախաբանում ասված է, թե Փաշինյանի կողմից Ղարաբաղն այսպես կոչված ազերբայդժանի մաս ճանաչելը «փոխեց այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև փոխվել է տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դրությունը»: Որքանով սա կարելի է հիմնավոր համարել:


ա/ Իր խաղաղապահ պարտավորություններից Ռուսաստանը փաստացի հրաժարվել է Փասինյանի հայտարարություններից շատ ավելի վաղ, դեռեւս 2020 թվականին, թույլատրելով, իսկ իրականում պարտադրելով (Ա.Հարությունյան, 2023) հայկական հողերի օտարումը եւ մարդկանց պատանդառումը:


բ/ ՌԴ ԱԳՆ նույն հայտարարության մեջ նշվում էր, թե «Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինի․․․ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ (sic!) համալիրի խստիվ կատարումը»։ Բայց չէ որ «պայմանները փոխվել են»՝ ողջը որն է։ Ողջը Մեղրիի միջանցքն է, մնացածը մի կողմ:


գ/ Եթե նույնիսկ պատճառը ազերբայդժանի տարածքային ամբողջականության ճանաչումն է. կա՞ն արդյոք սահմանադրական կարգով ստորագրված փաստաթղթեր՝ Ղարաբաղն հարեւան երկրի մաս ճանաչելու եւ եռակողմ թղթերը չեղարկելու մասին։


ՌԴ ԱԳՆ եւ նրա խոսնակի այս հայտարարությունները նշանակում են, որ ռուսներն իրենց սեւ գործը շատ ավելի շուտ են կատարելու, ի հեճուկս այն հայերի հույսերի, որ նրանք Արցախում մնալու են մինչեւ 2025 թվականը։ Այն է՝ իրենց ագենտ Նիկոլի առաջնորդությամբ Բերձորի միջանցքը Բաքվի լիարժեք վերահսկողությանը հանձնելուց հետո արդեն հայերի զինաթափումը եւ ջարդերի սպառնալիքով դուրսմղումը 2000-ամյա մայր հողից։


Կրեմլի հիմնական նպատակն այլ է՝ ինքզինքն ապահովագրել գալիք մեղադրանքներից ցեղասպանական իրադարձության նախաշեմին։ Այսպիսով, ԱՄՆ-ից հետո (Քրիստինա Քվին, 2023) Ռուսաստանը նույնպես տալիս է ցեղասպանության հրահանգը, մերժելով Արցախի բնիկ մեծամասնության՝ իր հայրենիքում հազարամյա ազգային պետական կյանքը շարունակելու իրավունքը։ Մեր անելիքները պետք է բխեն այս իրողությունից:


Комментарии


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page