Եվ այսպես, Ռուսական Առաջին ալիքը ավարտեց "ՄԱԳՈՄԱԵՎ" ութ սերիանոց գեղարվեստական կինոնկարի ցուցադրումը: Համբերատար նայեցի մինչև վերջ,հույսով,որ գոնե մեկ անգամ լիարժեք ֆիլմում կներկայացվի Առնո Բաբաջանյանի կերպարը: Ցավոք, հույսերս չարդարացվեցին: Ութ սերիաներում անընդմեջ հնչեց Բաբաջանյանի երաժշտությունն ու երգերը: Ֆիլմում հանդիպում ենք Պախմուտովային, Դոբրոնրավովին, Էնտինին,Գորոխովին,Օբրազցովային,Նեստերենկոյին, Սոտկիլավային... Ավելի լավ է չթվարկեմ: Առնոյի մասին հնչում են անհեթեթ տեքստեր:
Ասենք Մուսլիմը վերջում ասում է Ինձ համար գրել են նոր երգ... Եվ այդ երգը՝խոսքը "Мир на двоих" "Աշխարհ երկուսի համար" երգի մասին է,հնչում է ֆիլմի վերջում,ասես սիրո խոստովանություն Թամարա Սինյավսկայային,հենց այն Սինյավսկայանին,Ադրբեջանի ժողովրդական արտիստուհուն,ով թելադրել էր սցենարի բոլոր մանրամասները և ինքն էլ հաստատել դերակատարներին: Իդեպ,համացանցում բազմիցս նշվում էր,որ Մագոմաևի հարազատները,մասնավորապես եղբայրը, դժգոհ են ֆիլմից,ուր աղավաղված են Մուսլիմի կյանքի շատ դրվագներ և դեմքեր:Սակայն ադրբեջանական օլիգարխ Արազ Ագալորով-Թամարա Սինյավսկայա զույգը արեց ամեն ինչ,որպեսզի Առնո Բաբաջանյանի անունը լինի միայն մեկ դրվագում,մոտ 30 վարկյանանոց,առանց անունը նշելու: Վրացի մի դերասան կարծես թե խաղում է Բաբաջանյանին,որին հարցաքննում են ՕԲԽՍՍ կոչվող հիմնարկում: Ընդամենը այսքանը:Պատկերացնում եմ հայր և որդի Արազ և Էմին Ագալարովները ինչքա են լցրել Ռուսական Առաջինի ղեկավարների գրպանները:
Մնում է միայն դիմել մեր կինոգործիչներին,մեր օլիգարխներին,Առնո Բաբջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ՝նրա որդուն՝Արա Բաբաջանյանին: Կարծում եմ ժամանակն է նկարահանել ֆիլմ Առնո Բաբաջանյանի մասին: Ոչ թե վավերագրական,այլ լիամետրաժ գեղարվեստական:Եվ պարտադիր չէ,որ դա սերիալ լինի:Չմոռանանք,որ 2021 թվականի հունվարին պիտի նշենք նրա ծննդյան 100-ամյակը: Բայց ֆիլմը պիտի նկարահանեն գիտակ մարդիկ,որպեսզի չկրկնվի Արամ Խաչատրյանի մասին նկարահանած "Սուսերով պարը" ֆիլմի պատմությունը,ուր նույնպես աղավաղված էին շատ փաստեր:Բավական է բազմացնել անտաղանդ,ապաշնոր սերիալներ:Եթե նույնիսկ դրանք մեր դասականներն են ժամանակակից հայցքով ընթերցված: Թեմաները շատ-շատ են:Մեծանուն հայերը նույնպես,ում մասին մենք պարտավոր ենք ստեղծել ֆիլմեր և փոխանցել ապագա սերունդներին:
Պետք է լուրջ մտածել նաև իմ առաջարկի մասին: Կազմակերպել Դիլիջանում Առնո Բաբաջանյանի անվան էստրադային երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոն: Իմ ընկերներից մեկը այսօր իր էջում բացասական կարծիք հայտնելով խորհրդային էստրադայի մասին գրել էր,որ եթե Առնո Բաբաջանյանը ապրեր արտասահմանում նա կլիներ աշխարհահռչակ կոմպոզիտոր: Իմ պատասխանում ես գրեցի,որ ,նախ շատ կուզենայի,որ մերօրյա երգիչ-երչուհիները լինեին խորհրդային տարիների երգիչների պես պրոֆեսիոնալ և աշխատասեր: Խոսքս նաև մեր սովետահայ երգիչների մասին էր: Եվ հետո Առնո Բաբաջանյանը ունեցե՛լ է համաշխարհային ճանաչում: 1973 թվականին նա նույնիսկ ճանաչվել է աշխարհի լավագույն կոմպոզիտոր:
Մենք պարտավոր ենք,որքան հնարավոր է շատ ցուցադրել,անդրադառնալ,կատարել,ներկայացնել,խոսել մեր մեծանուն հայրենակիցների՝ արվեստագետների, գիտնականների,գրողների,մարզիկների մասին,որպեսզի չընդատվի սերունդների կապը:Նրանց բանակը ահռելի մեծ է,սակայն վերջին 30 տարվա մեջ նրանցից շատերը մոռացության են մատնվել: Մոլորակը այս կորոնավիրուս կոչվածի հետևանքով ասես ուզում է թարմացվել և ասես սեղմել է ՌԵՍՏԱՐՏԻ կոճակը:Ռեստարտն անհրաժեշտ է նաև մեր մշակույթում:
P.S.Այս հոդվածի վերջում կա մի տեսանյութ,որն ասես Մագոմաևի խոստովանությունը լինի: Սա Վլադիմիր Մոլչանովի հաղորդումից է Ռեն TV հեռուստաընկերությունում 1999 թվականին: Դիտեք այն: