top of page

Ռուսաստանից ուղղորդվող, հայ հանրության ուժերը ջլատող ընդդիմություն կոչվող խմբակներն ու մեր ապագան

24.06.2023

Այն, որ 2018 թվականի ապրիլին լարած թակարդը պարպել է՝ բոլորին է պարզ: Թակարդի օտար լարողները, թշնամու դրածո թավշյաները, վերջիններիս հենարան ռուսապատկան «ընդդիմությունը», արտախորհրդարանական պնակալեզ «արեւմտամետները» եւ, իհարկե, թալակի հալած պանրիկը միաբերան կլլած մանդատատու զանգվածները՝ բոլորը հասկանում են, որ «Նիկոլից հետոն» արդեն տիրում է:


Նիկոլից հետոն ընթացքի մեջ է հակառակ նրան, որ բուն հերոսը իշխանական հարթակին կանգնած դեռ պտտում է ճաքած ձայնապնակը, իսկ իբր հայկական, բայց իրականում 99%-ով օտար մեդիայի լվացած բոլորիս ուղեղներում ծվարել են բյուրավոր վիրուսակիր նիկոլիկներ:


Նախքան մոտալուտ գալիքին անդրադառնալը, հայացք նետենք ներկային:


Հայաստան պետություն, որպես ինքնիշխանության գեթ փշրանքի կրող, գոյություն չունի: Կա 2018-ին լիակատար օտար կառավարման տակ անցած անորոշ կարգավիճակով եւ տարածքով մունիցիպալ միավոր՝ յուրատեսակ «մեծ Արցախ»:


Քվազի-պետության գործառույթները երկուսն են. ՔՊ իշխանության երկարաձգումը եւ ԿԳՄՍՆ քայքայիչ օրակարգը:


Չկա նաեւ Հայաստան երկիր, որպես որոշակի էթնոսին պատկանող հող, ու խնդիրը կադաստրի թուղթը չէ: Էթնոսը, ցեղը ինքը չկա: Էթնիկ նույնացման հիմնական պարագա պատմությունը, հավատամքը, լեզուն, այբուբենը, ավանդույթը՝ բոլորը մնացորդային բեռ են հայտարարված («մենք չպետք է ծառայենք պատմությանը» ©Փաշինյան) եւ պաշտոնապես հերթագրված են արագ ոչնչացման ԿԳՄՍՆ խողովակով: Մեր ցեղի եւ երկրի կողմնակի ընկալումը կարելի է տեսնել Եվրախորհրդարանում հունիս 13-ին ԵՄ ԱԳ ավագ հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ արցախյան խնդրի անդրադարձում: Իսպանացու անաչառ հայացքով Հայաստան եւ հայ ազգ Կովկասում այլեւս գոյություն չունի:


Եթե այդպես է, արդյոք սա վերջն է: Իրոք, ազգապահպան, ազգային պետական որեւէ բովանդակությունից ի սկզբանե զուրկ սերժառոբ-նիկոլական «Մերժիր» մանիպուլացիան միտված էր դավադիր պատերազմի եւ դրանում՝ ռազմական անհաջողությանը անհամաչափ, «հավիտենական» հռչակվելիք պարտության:


Անշուշտ, հանուն պետության եւ ազգի հետագա կազմալուծման եւ երկրի տարածքային մասնատման: 2013-2015 թվականներին օտար հատուկ ծառայությունների ընդերքում մշակված ծրագրերը այս հանգրվանն էին նախատեսում:


Այդուհանդերձ, ագենտուրային օպերատիվ խմբակում տիրող խանդավառ տենդն ու զառանցագին շատախոսությունը, որ հատուկ է միայն մահապարտների ճամբարներին, հուշում է այլ՝ հաճելի գալիք: Ինչն է կենցաղային անցուդարձում «լավատեսություն» կոչվողի հիմքը: Ինչն է իրավիճակի բեկման նախադրյալը, եթե ոչ ազգ կա, ոչ էլ երկիր:


Հայոց պատմության թաքցվող փառահեղ 90 տոկոսը


Նախադրյալն այն է, ինչ առավել կատաղի գրոհի է ենթարկվում: Դա պատմությունն է: Այլապես, ազգի հիշողությունը այսպիսի խնամքով չէր ոչնչացվի: Բանն այն է, որ այժմ տեղի ունեցողը ամենեւին նորություն չէ հայոց պատմության համար: Մեկ անգամ չէ, որ մենք անցել ենք անկման եւ վերելքի նման փուլերով: Ավելին՝ նման պարբերականությունը հատուկ է բոլոր ժողովուրդներին եւ, սկզբունքորեն, տարբեր ելք կարող է ունենալ: Մեր առանձնահատկությունն այն է, որ պատմության նույնիսկ «կանոնիկ», երեւացող մասը այժմ ջախջախիչ գրոհի է ենթարկվում ներսից՝ պետական մակարդակով, մինչդեռ հայոց իրական պատմության գերակշիռ մասը, առհասարակ, ավանդաբար թաքցվել է:


Թաքցնողները բոլորն են՝ օտարները («հայը թափառական ցեղ է, որ XIX դարի վերջում քոչով եկել-հայտնվել էր Եվրոպայում եւ Անատոլիայում, ընդ որում որպես երկիր Հայաստանը պատմությանը հայտնի է դարձել միայն 1921 թվականից՝ շնորհիվ Թուրքիայի գթասրտության» ©2019 Էրդողան, Մերիլենդ), սրանց նորագույն «անկադաստր» դրածոները, մարքս-լենինյան «ազգային» ակադեմիան եւ գավառամտության մեհյան Էջմիածինը: Այս պահին այդ ուժերն են գործադրվում հայի վրա թեք խաչ քաշելու համար:


Ո՞րն է թաքցվող պատմական իրողության կորիզը: Հետեւյալն է. միշտ, վստահ կարող ենք ասել՝ միշտ հայկազյան ցեղը գտնվել է հայկական աշխարհակալության եւ հայկական գավառական ինքնամփոփության երկընտրանքի առջեւ: Այդուհանդերձ ցեղը հաջողությամբ իրականացրել է մեզ հայտնի առնվազն երեք հայկական կայսրությունների նախագծեր: Դրանցից ամենամեծը, որին միջնադարի արաբները «Մուլք Արմինիա» էին կոչում, իսկ XIX դարում գերմանացիները «Բյուզանդիա» անվանեցին, հասավ վիթխարի չափերի՝ հիրավի լիակատար աշխարհակալության ու գոյատեւեց կայսրություններին առավելագույնս հասանելի 500 տարին՝ VIII-XIII դարերին: Իտալացիների եւ ֆրանկների հարվածներից 1204 թվականին ընկած հայկական արդեն զառամյալ միլիոնաբնակ Կոնստանդնուպոլսին ժառանգեցին հունական Նիկեան եւ դարձյալ հայկական Տրապիզոնը, որոնք, սակայն, Հայկական կայսրության ընդամենը անկենսունակ հուշեր էին, եւ XVI դարի կեսին օսմանյան փոխակերպման ենթարկվեցին:


Իր պետական գաղափարախոսությամբ նախադեպը չունեցող բազմադավան մինի-իմպերիա էր Հայոց թագավորությունը (Կիլիկիա, XI-XV): Այդ թագավորությունը հայ քաղաքական մտքի, պետականաշեն ավյունի, կայսերական հինավուրց ջիղի, առեւտրական տաղանդի, էսթետիկական ընդգրկման եւ ռազմարվեստի բարձրագույն դրսեւորումն էր: Ամենեւին պատահական չէ, որ օտարների նիզակներից ավելի սուր էին Կիլիկիո Մեծի Տանն ուղղված հենց հայկական «մշտնջենական» գավառամտության, առաջին հերթին «մայր հայրենիքի» եկեղեցու սլաքները:


Օրինաչափ է նաեւ, որ Երվանդունյաց եւ Արշակունյաց շրջանի հսկայածավալ բազմադավան կայսրությունը միայն XIX դարավերջի անգլիական պատմագրության շնորհիվ է, որ այսօրվա հայ իրողության մեջ «հայկական» ածական է վայելում, այլապես կորչելու-գնալու էր իբրեւ «պարսկական», ինչպես քիչ առաջ նկարագրած երկուսը՝ «հունականը» ու «ֆրանսիականը»: Մինչդեռ, հրեաները չեն մոռացել ավելի քան երկու հազար տարի առաջ Երուսաղեմի գլխին իջած հայկական գավազանի ծանրությունը: Ամենեւին չեն մոռացել հայ Տիգրանեսի «սիրասուն» այն կնիքը, որը վերջին պրպտումների համաձայն ասպարեզ բերեց հրեից հակահայ դիմադրության կրողին՝ Հիսուս Նազովրեցու անանուն նախակարապետին:


Մարդկանց մոլորեցնելու թշնամական նարատիվները թելադրում են մոռանալ, չհիշել, խունացած անցյալ համարել ամեն բան, ինչը առնչություն ունի հայ ցեղի պետական հիմքերի հետ: Սահմանագիծը տարվում է ընդհուպ 387 թվական՝ որպես հայոց պատմության օտարի կողմից որոշված ավարտ: Իրողությունը այլ է. դեռեւս մինչեւ կիլիկյան հերոսապատումը, աշխարհակալի եւ գավառականի հայկական բախման առավել վառ դրսեւորումն էր 1071 թվականի Մանազկերտի (Մուշի մերձակայք) ճակատամարտը, որում Կոնստանդնուպոլսի եւ սելջուկ թուրքերի կողմերից բախվեցին հարյուր հազար կազմող հայկական բանակները:


Նույն երկվության ճիրաններում էին գտնվում հարյուր հազարանոց հայկական այն բանակները, որոնք Խաչակրաց արշավանքների ընթացքում հիմնական զինված ուժն էին հանդիսանում միաժամանակ հակամարտող երկու կողմերից՝ լատինականից եւ մահմեդականից: Հռոմեից շրջանից ի վեր օժանդակ համարվող հեծելազորը հայկական այրուձիու շնորհիվ դարձավ շուրջ մեկ հազարամյակ իշխող ռազմատեսակ:


Պակաս փառահեղ եւ, միաժամանակ, հակասական չէ նաեւ ազգի արեւելյան հատվածի՝ պարսկահայերի պետականության վերականգնմանը միտված շարժումը XVI-XVIII դարերին: Հայտնի՞ են հայոց պատմության այս հանգամանքները լայն հանրությանը: Հազարից մեկին թերեւս հայտնի են, այն էլ խիստ մոտավոր եւ դիտավորյալ գլխիվայր շրջած տեսքով: Փոխարենը՝ ավելի հարազատը «որտեղ հացի» ու «եղունգ ունեսի» ոգով ռուս-թուրքական պրոպագանդա տարածող տաքսիստն ու վարսավիրն են, իսկ հայրենիքը՝ ընդամենը նվիրական «հայաթն» է ու, առավելագույն ընդգրկմամբ, դիմացի մայթի հացի խանութը:


Մեզ արածեցնում են աչքերը ամուր կապած եւ այդպես ուղղորդում դեպի սպանդանոց: Բավական է հանել կապանքը աչքերից, եւ հեռանկարը այլ կներկայանա: Հայոց պատմությունը ընթացքի ուժի, կամ բնագիտական լեզվով ասած՝ մոմենտումի հսկայական պաշար ունի, որպեսզի մեկ օրում ավարտվի: Մեզ հենց այդ ուժային պաշարից են փորձում զրկել:

Խաղաղասեր հայ ազգի միֆը


«Դե մեզ միշտ հալածել են, մենք միշտ էլ պարտվել ենք ու տուժՎած կողմ ենք եղել, արդեն 17 դար պետություն չունենք»: Ծանոթ նարատիվ, խոսույթ, ասույթ, բանույթ, ինչպես կամենաք: Կեղծ ժամանակագրությունն ու կեղծ աշխարհագրությունը մի կողմ դրած, ինքնին ենթադրվում է, որ օտարն էր մեզ հալածողը: Մինչդեռ իրականությունն այն է, որ հայը երբ արժանի ախոյան չի ունեցել, ապա հարյուր հազարանոց բանակներ է հանել ցեղակիցը ցեղակցի դիմաց: Այս յուրատեսակ քաղաքացիական պատերազմը տեւել է հարյուրամյակներ շարունակ:


Իրականում, հայը միշտ ամենից կռվազան, արյունարբու, ամենից դաժան զինված կենդանին է եղել, որի մարտի դաշտը ծավալվել է ցամաքում ու ծովերի ալիքներին Ապենինյան թերակզու հյուսիսից ու Բալկաններից մինչեւ Արաբական անապատ:


Հայի անունը մեկ հազարամյակ չէ, որ սարսափ է սփռել շուրջբոլոր: Ահա իրական «միշտը» եւ իրական «նրանք մեզը»: Կեղծ «միշտը» 5 հազարամյակի կտավի վրա մի ակնթարթ է, իսկ «նրանքը» որպես կանոն հենց հայեր են եղել: Խնդիրը միայն ֆիզիակական ինքնաոչնչացումը չէ: Շարունակաբար օտարվել, հատվել է հայ ազգի մեծագույն մասը հույնի, արաբի, սիրիացու, վրացու, մեկ խոսքով՝ այլադավանի, քաղկեդոնականի անվան տակ: Այդպիսինն են հայոց պատմության վերիվայրումները, որ այժմ հանգել են մեծ ենոքավանցու անհեթեթությանը: Հենց անհեթեթությունն է հուշում, որ սա իրականում բեկման կետ է՝ լավ կամ վատ հեռանկարով: Խնդիրը «նիկոլից հետո» շրջանի ճիշտ տնօրինումն է, պատմական փաթերնին վերատիրանալը առանց սխալվելու իրավունքի:


«Հայի խաղաղասիրությունը», այսպիսով, ներմուծված եւ դրսից շարունակաբար սնուցվող նարատիվ է: Բավական է ասել, որ երբ 1930-ական թվականներին ԽՍՀՄ ժողովուրդներին «բաժանվում» էին ազգային էպոսներ, հայերի համար ընտրվեց եղածներից ամենաանատամն ու անբովանդակը՝ Սասունցի Դավիթը:


Խալիֆայության չափազանցված հարկերի դեմ հայ ֆեոդալական վերնախավի դժգոհությունը նկարագրող պատում է ընդամենը: Սա՝ պետականազուրկ ազգային փոքրամասնության կարգավիճակով, մշտապես պաշարված ամրոցում գտնվելու ճակատագրի պատվաստում է եւ անցյալից դեպի ապագա տանող ազգային իղձերի յուրահատուկ կոլոտիկ նշաձողի սահմանում. «տեղից մի բան չեք, ի՞նչ եք երազում»: Սա հաղթական կայսրությունների փառահեղ պատմության ժխտումն է:


Ով է իրականում կայսերական ազգը


Որպես թշնամական պատվաստման հետեւանք, եթե հայ մարդուն ասես, թե նա երկրագնդի ազգերի կայսերական տեսակին է պատկանում, կենթադրի, որ խոսքը օտար կայսրին հպատակվելու մասին է: Ոչ, ընդհակառակը: Ապացույցը կարելի է ստանալ, եթե նույնիսկ պատմությունը մի կողմ դնենք: Այժմ ՀՀ տարածքը վերածվել է վիթխարի հասարակագիտական էքսպրեսս-փորձադաշտի: Հազարավոր օտար եկվորների միահամուռ կարծիքով, հայերը ճնշող մեծամասնությամբ ընդգծված հանգիստ, բարյացակամ, ձեռքները բաց, օտարատյացության նշույլ անգամ չունեցող ազգ են: Նկատենք, որ ՀՀ հայերը իշխող, 98 տոկոսանոց հանրույթ են եւ օտարին հարմարվելու բնավ կարիք չունեն: Երեւույթը բոլորովին այլ արմատ ունի:


Բազմազգ ու բազմադավան օտարին տիրելու, նրանց հանդեպ կայսերական քաղաքականություն իրականացնելու հազարամյակները դաջված են հայ մարդու մտածելակերպի մեջ: Անկախ նրանից՝ գիտակցում ենք մեր կայսերական ազգ լինելը, թե ոչ: 2022 թվականի փետրվարի 24-ից ՀՀ տարածքում իրականացվող եզակի բնական փորձարկումը վստահելի ապացույց է տալիս: Մեր ֆոնին թուրքերը կոմպլեքսավորված, կեղծ կայսերական, ճղճիմ էթնոս են եւ դեռ առերեսվելու են անվանապես հայանալու անհրաժեշտությանը: Նույնը վերաբերում է ռուսալեզուներին՝ հատկապես պետերբուրգյան կեղծ կայսերական հատվածին, որը լրացուցիչ բարդութավորված է նաեւ իր հրեականությամբ: Նրանք հայանալու են մեր կայսերական տաքուկ գրկում՝ Տիգրանեսը վկա:


Թուրքերն ու ռուսները ընդամենը «ջարդի կայսրություններ» փորձեցին կառուցել: Երկուսն էլ, հակառակ հայերի անխոնջ ջանքերին, այնպես էլ ընդունակ չեղան քաղաքակրթություն կերտել: Այդպես էլ լքելու են պատմության ասպարեզը՝ ջարդարարի խարանները ճակատին: Հայի գործուն մասնակցությամբ, անշուշտ, ոչ X ժամի սպասումով: Այսինքն, իրողության հստակ պատկերացումն ինքնին արդեն գործողության կարեւոր մաս է, դա պիտի գիտակցվի:


Եթե դառնանք ռազմավարությանը, ապա Թուրքիայի ու Ռուսաստանի ճակատագիրը պետք է տնօրինվի: Այս պարտականությունից մեզ ոչ ոք չի ազատել: 1919 թվականի Էրզրումի սխալը չպիտի կրկնվի: Այն ժամանակ երկու ցեղերի լինել-չլինելը կախված էր հայի մազից, բայց իրողության թերի գնահատման հետեւանքով տեղի ունեցավ ճիշտ հակառակը (Regnum, Տարասով): Տնօրինվի ի՞նչ հիմունքով: Արդեն միայն մեկ հիմունքով՝ հայ ցեղին պատկանելությամբ: Պատահական չէ, որ հայի ինքնանույնացման հենց վիթխարի աշխարագրական ու պատմա-ժամանակագրական ընդգրկումի դեմ է ուղղված թշնամու հիմնական հարվածը («հայը կովկասյան ցեղ է» ©2018, Փաշինյան):


Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page