top of page

Ռուսաստանում սկսվել են հայազգի բիզնեսմենների հալածանքները

«Սոչիի նայող» Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, հետախուզվում է բազմամիլիարդանոց յուրացման գործով և փախել է Հայաստան



07.09.2023


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, թե Ռուսաստանը կարող է հեռանալ Հայաստանից, հիշեցրել է, որ «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»։ Կրեմլը տարբեր առիթներով «հիշեցնում է» այդ հանգամանքը, ընդգծելով հայ համայնքը որպես պատանդ եւ շանտաժի միջոց օգտագործելու իր քաղաքականությունը։

Ըստ ամենայնի, Ռուսաստանն արդեն սկսել է կոնկրետ գործողություններ ձեռնարկել հայազգի գործարարների նկատմամբ։

Գործարարներ Ռուբեն Թաթուլյանն ու Անդրոնիկ Մումջյանը, որոնց տները նախօրեին խուզարկվել էին, Հայաստանում են, հայտնում է Հինգերորդ ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ինչպես հաղորդում է EADaily-ն, իրավապահները օգոստոսի 31-ին խուզարկություններ են իրականացրել գործարարների մոտ։

Ինչպես գրել է Shot տելեգրամ ալիքը, «Սոչիի նայող» Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) հետախուզվում է բազմամիլիարդանոց յուրացման գործով։ Նշվել է նաեւ, որ ինքը՝ գործարարը որն ընդգկված է ԱՄՆ գանձապետարանի՝ օրենքով գողերի ցուցակում, «արդեն փախել է Ռուսաստանից եւ այժմ գտնվում է արտերկրում»։

Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ «Թաթուլյանը Կուբանի խոշորագույն կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավարն էր և տեղի կառուցապատողների հետ միասին խարդախ սխեմաներ է իրականացրել Սոչիում բնակելի համալիրի և առևտրի կենտրոնի կառուցման ժամանակ»։ Լրատվամիջոցներում Թաթուլյանին անվանում էին նաեւ Աբխազիայի «նայող»։ Թաթուլյանը Կրեմլի կողմից աջակցվող «էթնիկ» կրիմինալ բիզնեսի տիպիկ ներկայացուցիչն է, որոնց վստահված է մեկ այլ գործառույթ՝ համայնքները Կրեմլին հնազանդ պահելը։

Ժամանակին, Թաթուլյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պատրվակով «Ռոսկոմնադզորը» ՌԴ տարածքում արգելափակեց հայկական բազմաթիվ կայքեր, որոնք գրում էին Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության իրական նպատակների մասին։

Ռուսաստանի հայ համայնքը ամենաիրավազուրկն է Սփյուռքի այլ համայնքների համեմատ։ Համայնքը ոչ միայն պատանդի վիճակում է, այլեւ յան-ով ավարտվող ազգանունները Մոսկվան օգտագործում է ամենակեղտոտ նպատակներով, բացասական վերաբերմունք առաջացնելով հայերի նկատմամբ։ Ղրիմի կամրջի պայթեցման պատմությունը կապվեց «հայկական հետքին»։ Իր հերթին, պատանդի վիճակում գտնվող հայերը «օրինապաշտ են և հայրենասեր», ինչպես ասել է Պեսկովը, ըստ այդմ՝ չեն բողոքի։

Հիշվում է՝ 2020 թվականի ամառային «բախումից» հետո Մոսկվան իրականացրեց «ծիրանի պատերազմ» օպերացիան։ Ռուսական հատուկ ծառայությունների «տանիքի» տակ ազերբայդժանեցներն արգելում էին հայկական ծիրանով մեքենաների անցումը Ռուսաստան, արգելում վաճառքը, խլում կամ փչացնում ապրանքը։ «Պատասխան գործողություններ» սկսեց հայ համայնքը, սակայն էթնիկ «նայողների» միջոցով Ռուսաստանի ղեկավարությունն անմիջապես «հանդարտեցրեց» կրքերը՝ սպառնալով հայերին։

Ներկայում Ռուսաստանի ղեկավարությունը Հայաստանում ավարտին է հասցնում իր ծրագրերը և հող է նախապատրաստում ռուսաստանցի հայերից բիզնեսն ու կապիտալը խլելու համար։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page