top of page

Ռուսներն իրոք հեռանում են Հայաստանից. ինչ է մեզ սպասվում

06.08.2023

Հայ-ռուսական «փոխհրաձգության» տեսարաններին ու լեզվակռվին Կրեմլը երեկ միացրեց նաեւ իր խոսնակին, դրան ավելի սոլիդ տեսք հաղորդելու եւ հայ հանրության մեջ վերջին կասկածները ցրելու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ, պատասխանելով ՌԴ ԱԳՆ խոսնակի բարբաջանքներին, իր վերջին հայտարարության մեջ թվարկել էր 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր ՌԴ ոճրագործություններն Արցախում եւ ՀՀ այլ շրջաններում։ Իր հերթին, Փաշինյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի գործողություններից տպավորություն ունի, որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից։


Ինչ է ասում Կրեմլի խոսնակը․ «Ռուսաստանը Հարավային Կովկասի անբաժանելի, անքակտելի մասն է, հետևաբար ոչ մի տեղ չի կարող հեռանալ։ Ռուսաստանը Հայաստանից չի կարող հեռանալ»։


«Ի վերջո չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և նրանց մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության բացարձակապես օրինակելի ու հայրենասիրական տրամադրություններով քաղաքացիներ են»։

Պեսկովը շատ կարևոր է համարել հավատարմությունը եռակողմ հայտարարություններին։ «Հաջողության գրավականը հավատարմությունն է այդ համաձայնությունների դրույթներին։ Իհարկե, դրանից հետո նոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք փոխել են իրավիճակը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը, ավելին, Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի դերը»։


«Պետք չէ մոռանալ Ռուսաստանի ներդրումը ինտեգրացիոն գործընթացներում, որին մասնակցում է նաև Հայաստանը, դրանք, ի դեպ, մեծ մասամբ նպաստել են, որ անցած տարի զարգացման տեմպերով Հայաստանը ԱՊՀ-ում չեմպիոն է դարձել»։


Նկատենք, որ ոչ Կրեմլը, ոչ ՌԴ ԱԳՆ չենք հերքում ՀՀ ԱԳՆ մեղադրանքները, եւ հերքելու բան էլ չկա՝ ամեն ինչ մակերեսին է։ Բացի այդ, ռուսական կողմը երբեւէ Բաքվին չի մեղադրել եռակողմ թղթերի դրույթները խախտելու համար, չխոսելով արդեն այդ խախտումների հետեւանքները վերացնելու մասին։


Կրեմլի խոսնակը «նրբանկատորեն» հղում չի անում Փաշինյանի բանավոր հայտարարությանը, ինչպես ՌԴ ԱԳՆ-ն։ Սակայն նա խոսում է «իրավիճակի փոփոխության» մասին՝ որպես կայացած, անշրջելի իրողություն։ Այդ դեպքում եռակողմ հայտարարությունների դրույթներին հավատարմության կոչը նշանակում է, որ «իրավիճակի փոփոխության» պատրվակով Մոսկվան ու Բաքուն հրաժարվում են այդ թղթերով իրենց ֆորմալ պարտավորություններից, եւ դրանք գործում են միակողմանի՝ Հայաստանի պարագային։ Այսինքն՝ Հայաստանն իրավունքներ չունի, բայց պարտավորությունները մնում են։ Ավելի պարզ ասած՝ հանձնեք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի մնացած տարածքները։


Այս ֆոնին, խոսնակի հայտարարությունը՝ «Ռուսաստանը Հայաստանից չի կարող հեռանալ», նշանակում է, որ Մոսկվան հաստատակամ է ավարտին հասցնել Արցախը Բաքվին «ինտեգրելու» եւ ՀՀ պետականությունը վերացնելու ծրագրերը։ «Ռուսաստանը չի պատրաստվում ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը, ավելին, Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի դերը» հայտարարությունը նշանակում է, որ ՌԴ-ն դուրս է գալիս պարտավորություններից եւ շարունակելու է գետնի վրա «նոր իրողությունների» իրագործման օպերատիվ գործողությունները՝ երաշխավորելով Հայաստանի պետականության վերացման անխափան ընթացքը Նիկոլի բարձր առաջնորդությամբ։

Պատահական չէ, որ Բաքուն երեկ ռազմական կուտակումներ է սկսել Արցախի եւ ՀՀ այլ շրջանների ուղղությամբ, Կրեմլի խոսնակն իր հերթին բացահայտ շանտաժի է դիմում ռուսահայ համայնքով եւ տնտեսական ավերածությունների սպառնալիքով։


Այս ամենն անհնար կլիներ առանց Փաշինյանի «բանավոր հայտարարության» եւ նրա կողմից հայկական իրավունքների ուրացման։ Պուտին-Փաշինյան-Ալիեւ ոճրագործ եռյակի ծրագրերի «լեգիտիմացման» միակ տարբերակը դա էր, քանի որ նույնիսկ եռակողմ թղթերով ու 1991-ի հռչակագրով հայկական իրավունքները պահպանված են, առնվազն՝ Արցախը եւ Բերձորի 10 կմ լայնության միջանցքը չեն պատկանում ազերբայդժանին։ Մոսկվա-Երեւան նողկալի լեզվակռիվն ու փոխադարձ մեղադրանքներն այս իրողությունները քողարկելու, ինչպես նաեւ վճռորոշ իրադարձություններից առաջ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու նպատակ ունեն։


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page