05.08.2023
ՌԴ ԱԳՆ հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ Փաշինյանի կողմից Ղարաբաղն այսպես կոչված ազերբայդժանի մաս ճանաչելը «փոխեց այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև փոխվել է տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դրությունը», նախանշում է Արցախում Պուտին-Փաշինյան-Ալիեւ ոճրի ավարտական փուլի մեկնարկը՝ հայերի զինաթափում եւ ջարդերի սպառնալիքով դուրսմղումը 2000-ամյա մայր հողից։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը նիկոլ-ռոբասերժ տանդեմի, 99 տոկոսով օտար ուղղորդմամբ ֆինանսավորվող մամուլի եւ քաղաքագիտության կողմից մեկնաբանվեց ավանդական նողկալի ռազբորկաների ծիրում, գիտակցաբար լռության մատնելով այդ հայտարարության էությունը.
Հակիրճ՝ Մոսկվան միջանցքը հանձնում է Բաքվի իրավազորությանը, այսինքն չի ճանաչում դրա արտատարածքային կարգավիճակը, հրաժարվում է 2020 նոյեմբերի 9-ին ՀՀ եւ ԱՀ հանդեպ ստանձնած երաշխավորի իր պարտավորություններից։ Այս պարագային ռուսական զորակազմն այլեւս խաղաղապահ չէ, այլ օկուպացիոն զորք, որի միակ գործառույթը Բաքվի հետ համաձայնեցված՝ հայկական ուժային կառույցների զսպումն է թե իբրեւ միջանցքի հանդեպ հայկական իրավազորությունը (2020 նոյեմբեր 9-ի փաստաթուղթ) իրականացնելու, թե «ինտեգրման» քողի տակ հայերի զինաթափման ու արտաքսման հակազդեցության միջոցի։
2020 թվականի հրադադարի թղթով ամրագրված ռուսական պարտավորություններից ՌԴ հրաժարման արդարացումները հիմնավոր չեն, քանի որ չկան սահմանադրական կարգով ստորագրված փաստաթղթեր՝ Ղարաբաղը հարեւան երկրի մաս ճանաչելու եւ եռակողմ թղթերը չեղարկելու մասին։ Դա արվում է «բանավոր» ռեժիմով, ինչը նշանակում է, որ Մոսկվան ու Բաքուն դուրս են գալիս մինչ այդ էլ ձեւական պարտավորությունների շրջանակից Նիկոլի բանավոր հայտարարության ալիբիով։ Միեւնույն ժամանակ, ՀՀ-ին շարունակում է պարտադրվել «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ համալիրի խստիվ կատարումը», ինչը նշանակում է Մեղրին եւ ՀՀ այլ շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական օկուպացիոն ստորաբաժանումները։ Հայկական տարածքների օտարումը եւ բնակչության արտաքսումը կատարվելու է նույն մեխանիզմով։
Մոսկվայի հայտարարությունները նշանակում են, որ Մոսկվան իր սեւ գործը շատ ավելի շուտ է կատարելու, չնայած հայերի հույսերին, թե ռուսները մնալու են մինչեւ 2025 թ։ Հատկապես այն հայերի, ովքեր բարբաջում էին ռուսների «փրկչության» ներքո 5 տարի ունենալու եւ հզորանալու մասին։ Ռուսաստանը ոչ մի նոր բան չի անում՝ 1916-ի Վանի ստորությունից սկսած՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստանի մեծ մասը, Նախիջեւան, Արցախ, հաջորդիվ՝ ՀՀ մնացած շրջաններ։
Նիկոլի մեծագույն ոճրագործությունը հայկական իրավունքների գիտակցված, հետեւողական ուրացումն ու ոչնչացումն է հնարավոր ու անհնար բոլոր ատյաններում։ Նրա շնորհած ալիբիի վրա է հիմնված Արցախը ցեղասպանելու եւ Հայաստանի պետականության վերացման արտաքին կոնսենսուսը՝ «միջազգային հանրության խորը մտահոգությունների» քողով։
Իրավիճակը շրջելու հնարավորությունները կան, Նիկոլի բանավոր հայտարարությունները կամ նույնիսկ ստորագրելիք թղթերն առոչինչ են։ Իրավիճակը շրջելու հիմքը հայկական իրավունքներն են, որոնք ոչ մի տեղ չեն կորել։ Իրավիճակի եւ դրա պատճառահետեւանքային կապերի ճիշտ ընկալումը հուշում է ելքը։