21.07.2023
ՆԱՏՕ վեհաժողովի օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանը մի շարք «հակառուսական» հայտարարություններ ու քայլեր արեց։ Նա նաեւ հայտարարեց, որ եթե Ռուսաստանը դուրս գա ցորենի գործարքից, թուրքական ռազմանավերը կապահովեն հացահատիկի սեւծովյան միջանցքը ուկրաինական ցորենով բեռնված նավերի համար։
Ռուսաստանը պաշտոնապես դուրս եկավ գործարքից, սպառնալով, որ սեւծովյան միջանցքը գործարկելու դեպքում նավերը վտանգի տակ կհայտնվեն։ ԱՄՆ-ն ավելի վաղ հրաժարվել էր ապահովել միջանցքի անվտանգությունը։ Թուրքիան առայժմ նոր հայտարարություն չի արել, միաժամանակ հայտնվում է, որ Անկարան կմերժի Կիեւին, եթե նա դիմի կոնվոյի հարցով։
Նկատելի է, որ Էրդողանն առայժմ խաղացնում է Պուտինին Սեւ ծովում, «հույս հայտնելով», որ Ռուսաստանը կվերադառնա գործարքին։ Միեւնույն ժամանակ, առանց Ռուսաստան գործարքը թուրքական նավատորմին հնարավորություն կտա աշխուժանալ Ղրիմի շրջակա ակվատորիայում՝ հեռու գնացող նպատակներով։ Թուրքիայի առջեւ մեծ է գայթակղությունը ներգրավվել Ղրիմի շուրջ «խաղաղ» անցուդարձին։
ՆԱՏՕ Վիլնյուսի վեհաժողովի շրջանակում Էրդողանը խոսել էր նաեւ Հարավային Կովկասի խնդիրներից եւ հայտարարել, որ շրջանի կայունությունը եւ անվտանգությունը պետք է բխի Թուրքիայի շահերից, իսկ ռուս խաղաղապահները պետք է լքեն Արցախը 2025 թ․։ Սեւ ծով-Արցախ, եւ առհասարակ Հայաստանի կապի ակնարկն ավելի քան ակնհայտ է։
Այսօր Էրդողանի հայտարարությանը արձագանքել է ՌԴ ԱԳՆ խոսնակը․ «Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, և հենց այդ փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հենց այս փաստաթղթում հստակ ուրվագծվում են և՛ զորակազմի՝ տարածաշրջանում գտնվելու ժամկետները, և՛ հերթական 5-ամյա ժամկետով դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը»։
ՌԴ ԱԳՆ հայտնի հայտարարության մեջ խոսվում էր այն մասին, որ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը իբր ազերբայդժանի մաս ճանաչելը փոխել է ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության, այլեւ ռուսական զորակազմի տեղակայման պայմանները։ Հիմա ՌԴ ԱԳՆ փաստացի հակառակն է պնդում՝ պայմանները չեն փոխվել՝ կան եւ մնում են հակահայ։ Կրեմլը այսպիսով ռուս-թուրքական բազարի նժարի վրա է պահում Արցախը։
Իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանին․
«Արցախը Ղրիմի հարցով սակարկելու միջոց է իբրեւ «սպառման ենթակա հայկական ռեսուրս» 1856 եւ 1921 թվականներին հանձնված Կարսի օրինակով։ Որոշ ռուս փորձագետներ պնդում են, որ Կարսը վերջին անգամ հանձնվեց Ղրիմից փախած վրանգելականների սպիտակ բանակը Քեմալի կողմից անգլիական օգնությամբ Կ․Պոլսից նորից Ղրիմ չտեղափոխելու դիմաց», ասել է Պավել Դալլաքյանը։