23.12.2023
Դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
«Լեռնային Ղարաբաղի հայաթափումից շաբաթներ առաջ նախագահ ընտրված Շահրամանյանի խորհրդականն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել նաև հետագա տարիներին, քանի որ Շահրամանյանի՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնավարման շարունակությանն առնչվող հրամանագիրը փաստացի չեղարկել է Լեռնային Ղարաբաղի և դրա ինստիտուտների լուծարման մասին հրամանագիրը: Մի կողմ թողնենք այս պնդման իրավական ողջ անհեթեթությունը:
Նախ, ըստ որոշ խելքի պուտուկների, ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:
Երկրորդ՝ ՀՀ տարածքում կա մեկ իշխանություն, ՀՀ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված օրինական իշխանությունները: ՀՀ տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները:
Եվ վերջապես դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ»։
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Արցախը լուծարելու հրամանագրից հետո Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էլ է ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող, նախկինում պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղեկալ։