Բելառուսում նախագահական ընտրությունները նախկին ԽՍՀՄ տարածքի պատմական ընթացքի նոր փուլ են նշանավորում, եւ 1994-ից անընդմեջ նախագահ Լուկաշենկոն այս անգամ պայքարում է ոչ թե ընդդեմ ինչ-որ ընդդիմախոսների, ընդդիմադիրների կամ ընդդիմության դեմ, այլ սովետ չտեսած, սովետով չփչացած եւ չափահաս դարձած բելառուսների սերնդի։
Անկախ այս հակամարտության ելքից, մի-քանի իրողություն կարող ենք արձանագրել որպես փաստ։
Նախ, Բելառուսում մարդիկ պարզապես զզվել են անփոփոխ, անիմաստ, զառամախտային, գաղջ եւ նսեմացուցիչ պետական կարգից, որը սպասարկում է բացառապես մեկ մարդու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Երկրորդը, դուրս գալով ընդդեմ Լուկաշենկոյի, երիտասարդ բելառուսներն ընդհանրապես Ռուսաստանի անունը չեն տալիս, ոչ դրական, ոչ բացասական համատեքստում, այլ միայն եւ բացառապես՝ ազատ եւ անկախ Բելառուս։ Բելառուսում Ռուսաստան չկա, Ռուսաստան գոյություն չունի։
Երրորդը, մարդիկ այլեւս չեն վախենում ոստիկանությունից եւ ոստիկանական զորքերից, որոնք Բելառուսում ավելի մեծաթիվ են, քան Զինված ուժերը։ Իսկ ոստիկանությունն անվերջ ռեսուրս չէ, որի վրա կարող է անվերջ հույս դնել Լուկաշենկոն։
Չորրորդը, համացանցը, լայն իմաստով, մերժել է Լուկաշենկոյին հիմնովին, եւ նա այլ ելք չի գտել, քան ուղղակի «հանգցնել» այն, հույս ունենալով խափանել ցանկացած կազմակերպված ելույթի փորձ։
Հինգերորդը, որքան էլ որ Սվետլանա Տիխանովսկայան համարվում է թիվ մեկ այլընտրանքային թեկնածու, այնուամենայնիվ, նրան դժվար է համարել «փողոցի առաջնորդ», ուստի այն, ինչ մենք տեսնում ենք Մինսկի եւ Բելառուսի այլ քաղաքների փողոցներում՝ բացարձակապես քաղաքացիների ինքնաբուխ, ինքնագործ արձագանքն է եւ գնահատականը Լուկաշենկոյի կառավարմանը եւ անձամբ Լուկաշենկոյին։
Վեցերորդ, անկախ նրանից, կստացվի արդյոք Լուկաշենկոյի մոտ արդեն վեցերորդ անգամ «դառնալ» Բելառուսի նախագահ, կամ ով կլինի Բելառուսի հաջորդ նախագահը՝ նա լինելու է միանգամայն ա՛յլ Բելառուսի նախագահը, որովհետեւ օգոստոսի 9-10 գիշերային բախումների ընթացքում միջին վիճակագրական բելառուսը ձեռք բերեց վստահություն սեփական կարողությունների նկատմամբ, եւ չի՛ հաշտվելու այն մտքի հետ, որ նրան կարող են վերադարձնել նույն վիճակի, որը կար մինչեւ օգոստոսի 9-ը։
Այս ամենին ներքին մեծ լարվածությամբ հետեւում են «եղբայրական» Մոսկվայում, եւ լավ պատկերացնում, որ Մինսկի փողոցն այսօր եթե հաջողի, ապա դա Մոսկվայի, Պետերբուրգի, Նովոսիբիրսկի եւ այլ ռուսական քաղաքների փողոցներն են վաղը, ինչպես ասում են՝ «աջ կամ ձախ շեղումներով», քանզի սովետ չտեսած եւ սովետով չփչացած սերունդը չափահաս է դարձել նաեւ Ռուսաստանում։
Հարցը միայն Բելառուսը չէ, այսօր Բելառուսը դարձել է մի ավելի խորը գործընթացի բաց նյարդը։
Իսկ Ռուսաստանի քաղաքական վերնախավին այս ամենը կարծես հասու չէ, եւ դրա պատճառը ոչ միայն եւ ոչ այնքան նրանց ստացած աթեիստական եւ կռապաշտական դաստիարակության «բեքգրաունդն» է, որքան գրեթե մեկ տասնամյակ տեւող կայսերապաշտական թմբիրը, եւ «հավատը», որ եւս մի փոքր ջանք՝ եւ Ռուսական կայսրությունը կվերականգնվի իր նախկին սահմաններում, առնվազն առանց Բալթիայի։ Եվ այդ «հավատը» վառ էր մնում եւ դեռ որոշ ժամանակ էլ վառ կմնա, քանի Բելառուսը Լուկաշենկոյի «հուսալի» ձեռքերում է։
Մինչդեռ, Սովետը մեռել է, դեռ երեսուն տարի առաջ, բայց դեռ թաղած չէ, եւ այդ թունավոր լեշը դեռ շատ ուղեղներ է թունավորելու, մինչեւ չթաղեն։ Այդ թաղումը մասամբ կատարվեց Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Մոլդովայում, սակայն «մայր-թաղումը» դեռ սպասում է իր իրականացմանը Ռուսաստանում։
Սակայն, Ռուսաստանի ղեկավարները Չարիքի կայսրության փլուզումը համարեցին եւ այժմ եւս համարում են «20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ», ըստ այդմ, նպատակ ունենալով նոր «ինտեգրման» ճանապարհով վերացնել այդ «աղետի» հետեւանքները, այն է՝ բոլոր հնարավորություններով վերացնել հետխորհրդային պետությունների ազատությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը, «ազդեցություն» բանեցնել, միլիարդներ ծախսել թունավոր ապատեղեկատվության եւ տեղեկատվական դիվերսիաների վրա։ Սակայն, այս ամենի թիկունքում զուգահեռ տեղի է ունենում էրոզիա եւ փտախտ, որը եւս տարածվում է Ռուսաստանից դուրս՝ հանուն «նոր սովետի», որը, փաստորեն, մեռած է՝ դեռ չծնված։
Սովետի երեսուն տարի առաջվա անփառունակ վախճանից հետո այսքան չարիքն ուղղակի հուշում է մի բան.20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական աղետը ոչ թե ԽՍՀՄ փլուզումն էր, ինչպես պնդում է պարոն Պուտինը, այլ ԽՍՀՄ տեսքով ռուսական կայսրության վերակենդանացման արյունոտ փորձը եւ փորձանքը միաժամանակ։
Սեւրի պայմանագրից ուղիղ մեկ դար անց գոնե մեզ, հայերիս համար, ակնհայտ է, թե ով եւ ինչպես թաղեց այն, ինչպես ծնվեց իր մետաստազ «Ադրբեջանը», ինչպես ծնվեց մյուս մետաստազ քեմալական Թուրքիան, ինչպես մեկ օրում քոչվորի փափախները հանեցին եւ բուդյոնովկա հագան եւ «Մաքսիմ» գնդացիրներով զինվեցին հորդաները, ինչպես ռուս-թուրքական «եղբայրությունը» թաղեց վերածնված Հայոց Պետականությունը՝ հանուն «համաշխարհային հեղափոխության»։ Իսկ մեր սերունդն ականատես է, թե հանուն «նոր սովետի» գաղափարի ինչպես է զինվել եւ գազազել նրանց «սիրելի» Ադրբեջանը եւ այդ ո՞ւմ տված թեւերով է կիսագրագետ Էրդողանն իր ֆաշիստական ռեժիմով պատրաստվում նոր «օսմանյան թռիչքի»։
Այս ամենը լրացուցիչ պատճառ է, որ մենք քաջություն, վճռականություն եւ հաջողություն ցանկանանք բելառուս ժողովրդին՝ իր ազատությունը վերանվաճելու ճանապարհին, սովետի լեշը վերջնականապես թաղելու ճանապարհին։
Ի վերջո, չմոռանանք, որ մինչ 1920 թվականը, դեռ 1918-ին, կայսրությունը վերականգնող բոլշեւիկներն արդեն հասցրել էին նվաճել թե Բելառուսը, թե Ուկրաինան, եւ ընդամենը երկու տարի պահանջվեց, որպեսզի հերթը հասնի Հայաստանին եւ Վրաստանին։
Այսօր Բելառուսում, ինչպես 2013-14-ին Ուկրաինայում՝ պայքարում են նաեւ մե՛ր ազատության եւ անկախության համար։ Մենք մեր մաս սովետը թաղել ենք, իսկ «նոր սովետն» այստեղ չի գա, քանի չի կլանել Բելառուսին եւ Ուկրաինային։ Եվ ուրեմն, փա՜ռք ազատ եւ անկախ Բելառուսին, Աստված պահպանի բելառուս ժողովրդին։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Հ.Գ. Ես չե՛մ շնորհավորում Լուկաշենկոյին, պաշտոնական Երեւանի շնորհավորանքներում մասնաբաժնից հրաժարվում եմ։ Իսկ շնորհավորում եմ Բելառուսի ազատատենչ քաղաքացիներին՝ վախի, ապաթիայի, հուսալքության դեմ տարած փայլուն հաղթանակի համար, որը բացում է ճանապարհ դեպի ամենակարեւոր հաղթանակը։
«Առավոտ» օրաթերթ 11.08.2020