ԿԸՀ-ն հրապարակել է Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրության նախնական արդյունքները, որից պարզ է դարձել, որ լինելու է նախագահի ընտրության երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ստացել են ընտրողների ձայների համապատասխանաբար 49,26 եւ 26,4 տոկոսը:
Արցախի ԿԸՀ-ն շատ երկար հաշվեց ընդամենը 76 հազար ձայները: Նախ շատ արագ հրապարակվեցին ինչ որ տվյալներ, հետո Հադրութի ու Շահումյանի տվյալները, որից հետո Արայիկ Հարությունյանի շտաբն ու Ժողովուրդ օրաթերթը շտապեցին հայտարարել, որ Արայիկ Հարությունյանը հաղթում է առաջին փուլով: Հետո սակայն խոսնակը հեռացրեց իր ինչ-որ գրառումներ, չեղարկվեց հրավառությունը, եւ խորհրդավոր դադար հաստատվեց ձայների հաշվարկման գործընթացում: Հետո հրապարակվեցին Արցախի բոլոր շրջանների տվյալները: Մնացել էր Մարտակերտի շրջանը, որի տվյալները հրապարակվեցին ավելի ուշ՝ ժամը 14.00-ի մոտ, որից հետո էլ ԿԸՀ-ն հայտարարեց երկրորդ փուլ: Ի՞նչ է կատարվել այս ընթացքում: Նման մի վիճակ էլ առաջացել էր Արցախի խորհրդարանի նախորդ ընտրությանը, երբ մի քանի օր չէին հրապարակվում ընտրության արդյունքները: Հետո պարզվեց, որ Արցախի իշխանությունը Բակո Սահակյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը վերադասավորում են քվեարկության արդյունքները, հարմարեցնելով իրենց խնդիրներին:
Ի՞նչ է կատարվել այս անգամ: Խնդիրն ընտրությունն առաջին փուլով ավարտե՞լն էր Արայիկ Հարությունյանի օգտին, եւ ի՞նչն է խանգարել: Ընտրարշավի ընթացքում ու քվեարկության օրը Արցախի իրավապահներն ու մասնավորապես ոստիկանությունը գրեթե չարձագանքեցին ընտրակաշառքների ու խախտումների մասին ահազանգերին, չանդրադարձան չկնքված քվեատուփերի, լուսանկարած քվեաթերթիկների վերաբերյալ տեսանյութերին: Զուգահեռ, տեղի էր ունենում ընտրողների շանտաժ, ապակողմնորոշում, կեղծ վախերի ներշնչում ու «ինադ գցելու» գործընթաց կրկին նույն շրջանակների կողմից:
Լավ չէ, որ ընտրությունն անցավ այս մթնոլորտում եւ այս մեթոդներով, առավել եւս պարզ չէ, թե ինչ կլինի երկրորդ փուլից առաջ այս երկու շաբաթվա ընթացքում: Մենք նախորդ հրապարակումներում զգուշացնում էինք, որ այս ամենը հանգեցնելու է Արցախի ընտրությունների առնվազն արժանահավատության խնդրին: Այս շրջանակներն իրենց նեղ անձնական շահերը վեր դասեցին ամեն ինչից, ինչն էլ իր հերթին բացահայտում է նրանց իրական մոտիվացիան:
Արցախի ընտրության շուրջ ստեղծված այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը նախեւառաջ կրում է Արցախի գործող իշխանությունը: