top of page

Վայոց ձորի Վարդանի քարի պատմությունը, որին նայելիս քարաժայռը թվում է տղամարդու վիթխարի մի գլուխ

  • YO
  • 23 авг. 2023 г.
  • 1 мин. чтения

23.08.2023

«Վայոց ձորում է քարեղեն այդ հրաշքը, որին Վարդանի քար են ասում:


Եվ իրոք, երբ նայում ես այդ կետից, թվում է սպարապետի կիսադեմն է. արծվաքիթը, մորուքը, նշանավոր սաղավարտը:


Անդնդախոր ձորում, հսկայական ժայռերի մեջ թվում է տեսնում ես վիթխարի արձանի գլուխը, իսկ մարմինը հողի մեջ է: Կարող ես մտածել, թե արձանը դրված է եղել լեռան գլխին, մի օր տապալվել-ձորն է ընկել և, լավ որոնելու դեպքում, կարելի է գտնել նաև մարմնի մնացած մասերը:


Առասպելը վկայում է, որ Ավարայրի ճակատամարտից հետո, երբ ընկան հազարավոր հայ քաջորդիներ, և ընկավ Վարդան Մամիկոնյան սպարապետը, ժողովուրդը լացուկոծով լցրեց անդնդախոր այս ձորը (գուցե դրանի՞ց էլ ծնվեց անունը՝ Վայոց ձոր):


Ժողովուրդը չէր ուզում հավատալ իր անվեհեր զավակի մահին և բնությունից, Աստծուց աղերսում էր՝ վերադարձնել նրան:


… Եվ մի առավոտ մարդիկ տեսան Վարդանի քարեղեն կիսադեմը:


Ուշադիր, երկար նայելիս կարող ես նույնիսկ տեսնել նրա ճակատի կնճիռները, հայացքի մեջ հոգս և միտք նկատել:


Ձորի այդ հատվածում մի իսկական քարաժխոր է, և միայն կիսադեմն է շրջապատված կանաչ օազիսով. ապշեցուցիչ է:


Ինձ թվում է՝ մարմինը հողի և գետի մեջ սուզված հանգստանում է, արդեն հազար հինգ հարյուր տարի հանգստանում է զորավարը՝ արթուն հայացքը սևեռած հայոց աշխարհին:


Ինձ թվում է՝ ուրախություն կա նրա հայացքի մեջ, որովհետև զորավարը տեսնում է՝ ապրում է և կա իր ժողովուրդը:


Եգիպտական սֆինքսները, փարավոնների վիթխարի արձանները մարդիկ են ստեղծել, Վարդանի դիմաքանդակը բնության գործն է և, այո, ժողովրդի: Ժողովրդի հազարամյա սերն է ծնել քարեղեն այս տեսիլքը:


Գնացեք Վայոց ձոր, կանգ առեք Արփա գետի ափին և բարևեք Վարդան զորավարին»:


Վարդգես Պետրոսյան, «Հայկական էսքիզներ»-ից

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page