Վարդերի հեղափոխություն ՈՒկրաինայում

22.04.2020, ԿԻԵՎ

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին առաջարկել է զբաղեցնել Ուկրաինայի ռեֆորմների հարցով փոխվարչապետի պաշտոնը: Միխայիլ Սահակաշվիլին, դատելով նրա ֆեյսբուքյան գրառումից, փաստացի արդեն իսկ տվել է իր համաձայնությունը: Նա հայտարարել է, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջարկին, հաշվի առնելով ներկայիս բարդ ժամանակաշրջանն ու մարտահրավերը: Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է իր ամբողջ ներուժը ծառայեցնել Ուկրաինան ծանր վիճակից դուրս բերելու, բարեփոխելու գործին, օգտագործելով նաեւ իր միջազգային կապերը եւ հեղինակությունը:

Սահակաշվիլին խոսել է նախագահի թիմի անդամ լինելու, այդ թիմի կազմում բոլոր առողջ ուժերի հետ գործակցելու պատրաստակամության մասին:


Ուկրաինայում հասունանում էր Սահակաշվիլու կառավարական ներգրավման հեռանկար: Ուկրաինական մեդիատիրույթում շրջանառվում էր Սահակաշվիլու վարչապետության գաղափարը: Զելենսկին ընտրեց փոխվարչապետի կարգավիճակը, եւ ամենեւին պետք չէ բացառել այն, որ դա պայմանավորված է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հանգամանքով:


Ուկրաինայի կառավարության կազմում Սահակաշվիլու ընդգրկումը հետաքրքիր է լինելու այդ կառավարության առանցքային դեմքերից մեկի, եթե ոչ ամենաառանցքային դեմքի՝ Արսեն Ավակովի հետ հարաբերության համատեքստում: Հատկապես նկատի ունենալով այն, որ Սահակաշվիլու ռեֆորմիստական առանցքային այցեքարտերից մեկը Վրաստանում եղել է ոստիկանության ռեֆորմը, ինչն ի դեպ նա փորձում էր իր այցեքարտը դարձնել նաեւ Պորոշենկոյի նախագահության մեկնարկին՝ Օդեսայի նահանգապետի պաշտոնում: Ի դեպ, հենց այդ պաշտոնում նա աստիճանաբար բախվեց ներքին գործերի նախարար Ավակովի հետ, նրան ներկայացնելով որպես ամենակառումպացված պաշտոնյաներից մեկը:


Ավակովն Ուկրաինայի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է, որը միակն է, որ պահել է իր տեղը մնախագահ Զելենսկու կառավարությունում: Նրան պահելու խորհուրդը Զելենսկուն հրապարակավ տվել էր հայտնի օլիգարխ Կոլոմոյսկին, որի հովանավորյալ էին համարում Զելենսկուն: Նա հայտարարել էր, որ Ուկրաինայի կայունության համար կարեւոր է Ավակովի աշխատանքը ներքին գործերի նախարարի պաշտոնում: Զելենսկին փաստորեն լսեց այդ խորհուրդը:


Ինչպե՞ս է Ավակովը ընկալելու Միխայիլ Սահակաշվիլիի նշանակումը: Նա այդ քայլը դիտարկելու է իրեն աստիճանաբար թուլացնելու եւ դուրս մղելու Զելենսկու մտադրությա՞մբ, թե՞ հակառակը՝ ակնկալելու է, որ Սահակաշվիլին փոխվարչապետի պաշտոնում կունենա այնպիսի անհաջողություն, ինչպես Օդեսայում, եւ այս անգամ ընդհանրապես դուրս կմնա ներքաղաքական մրցակցությունից:


Պետք չէ բացառել, որ Սահակաշվիլու նշանակումը այդօրինակ հաշվարկ է նաեւ Զելենսկու համար: Անկասկած է, որ Սահակաշվիլին խորքային առումով մրցակից է Զելենսկուն, եւ հնարավոր է, նա մրցակցին բերում է մի դաշտ, որտեղ նրա հաջողությունը կլինի նաեւ իր հաջողությունը, եւ առնվազն այդ մրցակցության առումով իր հաջողությունը կարող է լինել նաեւ Սահակաշվիլու անհաջողությունը: Իհարկե, հնարավոր է, որ Զելենսկին կարող է չունենալ նախագահի պաշտոնը շարունակելու ցանկություն եւ կփորձի Սահակաշվիլուն պատրաստել, որպես ժառանգորդ ու երաշխիք:

Բոլոր դեպքերում, Ուկրաինայում իրավիճակը Սահակաշվիլու նշանակումով ստանում է նոր մասշտաբ, ընդ որում նաեւ ավելի լայն՝ Սահակաշվիլի-Պուտին ինտրիգով:


Հայտնի է նրա հանդեպ Պուտինի անձնական խիստ հակակրանքը: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, թե արդյոք Զելենսկու նշանակումը կարող է ունենալ նաեւ այդ նկատառումը՝ խայթել Պուտինին, հատկապես այն անհաջողությունից հետո, որին Զելենսկին մատնվեց Նորմանդական ֆորմատով Պուտինի հետ բանակցությանը: Ի դեպ, գոնե առերեւույթ Պուտինը նաեւ կարող է լինել Սահակաշվիլուն եւ Ավակովին միավորող հանգամանք, հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը աչքի է ընկել Մոսկվայի հանդեպ կոշտ տրամադրվածությամբ: Ի դեպ, բոլորովին վերջերս Ուկրաինայում ձերբակալել էին Ռուսաստանի անվտանգության ծառայության գործակալի, եւ Ավակովի տեղակալը հայտարարել էր, թե նա ծրագրում էր նաեւ Ավակովի դեմ մահափորձ:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

ԼՐԱԳԻՐ

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան