top of page

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել $585 000-ով՝ առանց վարկային միջոցների

19 авг. 2022 г.
2 мин. чтения

19.08.2022

2020-ի ապրիլին, երբ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13%-ը, վերջինս սկսել է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում։


Այսպես՝ եթե 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքվել էր պետգնման 3 պայմանագիր (ընդհանուր գինը՝ մոտ 12 մլն դրամ), իսկ 2019-ից մինչև 2020-ի ապրիլ՝ ընդամենը 1 պայմանագիր (431 հազ․ դրամ), ապա պաշտոնյա հանդիսացող Բագրատ Բադալյանի սեփականատեր դառնալուց հետո՝ 2020-ի ապրիլից, պետգնումների մրցույթներում «Ճաննախագիծ ինստիտուտը» շահել է շուրջ 40 անգամ, իսկ կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքն անցել է 1 մլրդ դրամի շեմը։


Բագրատ Բադալյանը բարձրաստիճան պաշտոնյա է դարձել 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո։ 2018-2019 թթ․ եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թթ․՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թթ․՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է։


Գրել էինք նաև, որ 2021 թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բագրատ Բադալյանն ու կինը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանը, այդ տարվա մայիսին համատեղ սեփականության իրավունքով տուն են գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։


«Հետքը» որոշ մանրամասներ է պարզել այս գույքի վերաբերյալ։


Այսպես՝ Բադալյան և Ագանիսյան ամուսինները գույքը ձեռք են բերել Վաշինգտոն նահանգում գրանցված «Lennar Northwest Inc.»-ից, որն ամերիկյան «Lennar Corporation» հայտնի տնաշինական ընկերության ստորաբաժանումներից է։


Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին (հենց այս ամսաթիվն են Բադալյանն ու կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Ընդ որում՝ Բադալյանն իր հայտարարագրում տունը ներկայացրել է «դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած գույքի» տողով, իսկ կինն այն նշել է որպես «անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված»։


Մեր ձեռքի տակ գտնվող ամերիկյան փաստաթղթի համաձայն՝ գույքը գտնվում է Մերիսվիլի հյուսիսարևելյան հատվածի 39-րդ փողոցում (8428 39th St NE, Marysville), որտեղ, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները, շինաշխատանքներն սկսվել են 2019-ի հուլիսին (մինչ այդ այստեղ փոքր անտառ է եղել), իսկ արդեն 2021-ի հունիսին տեսանելի են 39-րդ փողոցի բոլոր նորակառույցները։


Բագրատ Բադալյանի տան հողամասի ընդհանուր մակերեսը 607 քմ է, իսկ բուն առանձնատան մակերեսն առայժմ հանրայնացված չէ։ Նույնը վերաբերում է մյուս տվյալներին՝ սենյակների քանակ և տեսակ, տան հարկերի քանակ, ավտոտնակի, լողավազանի առկայություն և այլն։


Փաստաթղթում որևէ տվյալ չկա այս գույքի ձեռքբերման համար վերցված վարկի մասին, ինչից կարող ենք հետևություն անել, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ամերիկյան առանձնատունը ձեռք է բերել կանխիկ (ոչ ապառիկ) միջոցներով։

Դատելով Բադալյանի 2021 թ․ հայտարարագրում նշված դրամական միջոցների ու եկամուտների ծավալներից՝ 585 հազ․ դոլարով տուն ձեռք բերելն առանձնապես խնդիր չէ բիզնեսի սեփականատեր այս պաշտոնյայի համար։


Նկատենք, որ Խաղաղ օվկիանոսի մաս կազմող Փյուջեթ ծոցի ափին գտնվող Մերիսվիլ քաղաքը հիմնադրվել է 1872 թ․, ներկայում բնակչության թիվը 69.000 է։


Ավելի վաղ մամուլը գրում էր այն մասին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պետական խոշոր գնումների հաղթող է:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page