top of page

Վերահսկողությունը կորցրած մսաղացը

16.10.2020


Պատերազմի 20-րդ օրը թե մարտական գործողությունների մասնակիցները, թե փորձագետները սկսել են նկատել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարօրինակ վարքագիծը։ Ի տարբերություն պատերազմի առաջին օրերի, երբ մարտի էր նետվում տեխնիկան, հիմա ալիքային հարձակումներով մարտի է գնում հետեւակը։

Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց նետում են մսաղացի մեջ, նշում են հայ զինվորականները, որոնք պաշտպանում են իրենց դիրքերը եւ հարձակվող հակառակորդին մեծ կորուստներ պատճառում։

Ու՞մ են Ալիեւն ու Էրդողանը մահվան ուղարկում։ Կարելի է մի շարք հանգամանքներ նշել։

Առաջինը՝ Ադրբեջանի տեխնիկան կտրուկ նվազել է, որի զգալի մասը խփվել է պատերազմի առաջին օրերին։

Երկրորդ՝ «վերացնում են» են միջազգային վարձկաններին և ահաբեկիչներին: Հնարավոր է՝ Էրդողանը փորձում է այդպես ազատվել հազարավոր ահաբեկիչներից, որոնց նա աճեցրել է Սիրիայում, Լիբիայում, և որոնք Թուրքիայի համար շուտով կարող են գլխացավանք դառնալ։ Միջազգային մամուլում արդեն պատմություններ են հրապարակվում այն մասին, թե ինչպես են վարձկաններին և ահաբեկիչներին ադրբեջանցիները «դեմ տալիս» առաջին գծում:

Երրորդ՝ Ալիևը փորձում է «ազատվել» երիտասարդ, գործունյա քաղաքացիներից, որոնք, Ալիևի համար պատերազմի անբարենպաստ ելքից հետո, կարող են ցուցարար զանգված դառնալ, որպես իրականության ականատեսներ:

Չորրորդ՝ ինչպես ասում են միջազգային փորձագետները, Ռուսաստանի և Իրանի «լոյալությունը» կարող է կապված լինել այն բանի հետ, որ Թուրքիան Մոսկվային և Թեհրանին խոստացել է չթողնել ահաբեկիչներին Ռուսաստանի և Իրանի տարածք։ Չի բացառվում, որ այս խմբավորումները արդեն վերահսկողությունից դուրս են գալիս՝ ահաբեկիչներին արդեն նկատել են Չեչնիայում, Վոլգոգրադում։

Հինգերորդ՝ Ալիևը համառորեն հրաժարվում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների թիվը նշել՝ հայտարարելով, որ դա կանի պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո։ Հայ զինվորականների տվյալներով, դիակները այնքան շատ են, որ դրանց նույնականացումը արդեն խնդիր է դառնում։ Ալիևը փորձում է նոր դիակներով ծածկել հները, որը հետո դժվար կլինի «հաշվել»։

Բայց, ըստ ամենայնի, Ադրբեջանին չի հաջողվի մաքրել ամբողջ ահաբեկչական կեղտը, ուր նրան մղել է Թուրքիան։ «Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կենտրոն դառնալու անփուսափելի միտումը սպառնալիք է ՀԱԿՊ-ի պատասխանատվության տակ գտնվող շրջանների համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Նույնը նա նաև նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զույցում։

Վերջերս ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջան ահաբեկչության սպառնալիքների պատճառով։ Իր հերթին, Հայաստանի ԱԱԾ-ն անհեթեթություն է որակել  ադրբեջանական հատուկ ծառայությունների հաղորդագրությունը, թե իբր Երևանը ահաբեկչություն է պատրաստում Ադրբեջանի խոշոր քաղաքներում՝ մարդկանց մեծաքանակ կուտակումների վայրերում։

«Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների  նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին», նշված է ԱԱԾ հաղորդագրությունում:


ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Լրագրի մեկնաբան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page