top of page

Վերահսկողությունը կորցրած վիրուսը

12 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ

«Նախկինում եթե մենք ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, օրինակ մեկ մեծ արտադրամասի 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10  տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրներից։ Հետևաբար, վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից», Ազգային ժողովում ասել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


Նախարարն ասել էր, պետք է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունները, որոնք արել են մինչև հիմա՝ թեստավորել,  հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել. «Այդ գործողությունը մենք պետք է անենք մոտավորապես այնքան, քանի դեռ ուժ ունենք։ Երբ կլինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք։ Մեկուսացումն այլևս չենք անի, որվհետև անիմաստ կլինի, տարածումը շատ-շատ մեծ կլինի։ Եվ այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումները հանելը, խստացնելը, փոխելը և ոչ թե պարզապես թվերի։ Մեր խնդիրն է՝ մահերի թիվն ու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով՝ գնալ առաջ», ասել էր նա:


Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը վերջին օրերին նվազել էին, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «զգուշավոր լավատեսություն» էր հայտնել այդ կապակցությամբ: Սակայն վերջին երկու օրերին թվերը կրկին աճեցին, ավելին՝ առողջապահության նախարարի հայտարարությունները փաստում են, որ խնդիրը թվերը չեն, այլ վարակի տարածման օրինաչափությունները:


Ընդ որում, այս պարագայում ոչ միայն թվերն են հարաբերական, այլեւ համեմատություններն այլ երկրների հետ: Ներկայում կորոնավիրուսով վարակի ու մահերի թվով առաջին տեղերում են աշխարհի ամենազարգացած երկրները՝ ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, որոնք նաեւ զարգացած առողջապահական համակարգեր ու ավելի մեծ ռեսուրսներ ունեն: Հարաբերական են նաեւ այն մեթոդները, որոնք կիրառվում են վիրուսի դեմ պայքարում, թեեւ դրանք այդքան էլ շատ չեն՝ մեկուսացում, հիգիենա, տեղաշարժի վերահսկողություն եւ այլն: Վիրուսը նոր է, մասնագետները նրա հատկանիշներն ու տարածման սխեմաներն ուսումնասիրում են հընթացս, չկան պատրաստի դեղամիջոցներ բառի բուն եւ անուղղակի իմաստով:


Ներկայում կիրառվող միջոցներն ուղղված են վիրուսի տարածումը հնարավորինս դանդաղեցնելուն, նվազագույն կառավարելիություն ապահովելուն: Մասնագետները խոսում են, որ նոր վիրուսը պետք է վարակի աշխարհի բնակչության մոտ 60 տոկոսը, ադապտացվի մարդու օրգանիզմին, իր հերթին՝ մարդը ադապտացվի վիրուսին, ինչպես օրինակ գրիպի վիրուսների պարագայում: Ընդ որում, մեծամասնությունը չի էլ զգալու, որ իրենք վարակվել են, եթե թեստավորում չանցնեն: Հայտարարվում է նաեւ, որ դեղամիջոցներն ու պատվաստանյութը մեկ տարուց շուտ չեն հայտնաբերվի: Ավելին, խոսվում է նաեւ այն մասին, որ սա ընդամենն առաջին ալիքն է, երկրորդը լինելու է առավել մասշտաբային ու հետեւանքներով ավելի ծանր, եւ դեռ հայտնի չէ որն է ավելի «լավ»՝ առաջին փուլով անցնելը, թե երկրորդին «հետաձգելը»:


Հենց այս առումով է հարաբերական համեմատություններ անցկացնելը: Կառավարությանն ուղղված քննադատություններն ու առաջարկները լայն դիապազոն ունեն՝ Տեր-Պետրոսյանի ասած չգնահատված հանճարներից ու սադրիչներից մինչեւ սրտացավ խմբեր: Դրանք սակայն ներկայիս պայմաններում խոշոր հաշվով նման են այն պնդմանը, թե կոճապղպեղը օգնում է վիրուսը հաղթահարելուն:


Հայաստանի կառավարությունը, ինչպես աշխարհի բոլոր կառավարությունները, կանգնած է երկընտրանքի առջեւ՝ շարունակե՞լ սահմանափակումները, որը կհանգեցնի սոցիալ-տնտեսական աղետի՝ ոչ պակաս հետեւանքներով, թե բաց թողնել վարակը, որն, ըստ էության, արագացրել է ամեն ինչ՝ մահերից մինչեւ սոցիալ-տնտեսական ու քաղաքական որոշումներ:


Արսեն Թորոսյանը տվել է այս իրավիճակի իրատեսական գնահատական: Կառավարությունը մտադիր է 30 օրով երկարաձգել սահմանափակումները, միաժամանակ թույլ տալ տնտեսական գործունեությունը մի շարք ոլորտներում: Փորձ է արվում գտնել ինչ որ միջին լուծում, որը թերեւս ամենաօպտիմալն է ներկայում, եւ նկատելի է, որ մյուս երկրների կառավարությունները նույնպես մտադիր են առաջիկա օրերին գնալ այս ճանապարհով:


Կորոնավիրուսը ներկայում կառավարում է աշխարհը, ինչը երեւում է նաեւ աշխարհի կառավարությունների «ներդաշնակ» որոշումներից:


Commenti


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page