
Սա հուշապատում չէ: Քավ լիցի:
Իրական հուշապատումներ են լուսահոգի Կարպիս Սուրենյանի, Վահագն Դավթյանի, Լեւոն Մկրտչյանի ընտիր նոթերը:
Սա պարզապես մի փոքրիկ խիճ է այն հսկայածավալ, հանճարեղ ու աշխարհահռչակ խճապատկերի, որը 1908 թվականից սկսյալ այնքա՜ն պարզ ու մեզ հարազատ անունով կոչվում է ՈՒԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ...
Եթե ստացվի, որ այս մասնիկը տեղավորվի այդ լայնահուն պաննոյի մի աննշան անկյունումՙ երջանիկ կլինեմ...
***
Սարոյանին կարդալ սիրել եմ դեռ դպրոցական տարիքից: Երեւանի Վերին Զեյթուն թաղամասում էինք ապրում եւ խրուշչովյան քառահարկ շենքի նկուղում ծվարած գրադարանում առաջինը ձեռքս ընկավ «Ժամում վաթսուն մղոն» վիպակը, հետո «Վեսլի Ջեկսոնի արկածները», ապա «Մարդկային կատակերգությունը»ՙ վաղամեռիկ Գրիգոր Քեշիշյանի հրաշալի թարգմանությամբ:
Սա արդեն վերջնականապես ինձ դարձրեց «Սարոյանական»...
Հայերենով այն ժամանակ շատ թարգմանություններ չկային, բայց Մոսկվան հաճախ էր Սարոյանի գործերից տպում, մանավանդ « » հանդեսը:
Ամեն ինչ լրացավ, երբ 1967 թվականին դպրոցի կոլեկտիվ հայտով մեզ տարան Սունդուկյանի անվան թատրոնՙ դիտելու «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը:
Այն իմ կյանքում երկու անմոռաց հուշ թողեցՙ առաջին անգամ դիտեցի հանճարեղ բեմադրությունը, որ հետո տասնյակ անգամներ պիտի լսեի ռադիոյով, մինչեւ ամեն հատիկ բառն անգիր անելս, եւ ապաՙ միակ անգամ բեմում տեսա մեծն Փափազյանին:
Մի տարի հետո նա արդեն չկար...
Իսկ Սարոյանին հանդիպելու երջանկություն ունեցա տարիներ հետո, եւ բավականին հետաքրքրական հանգամանքներում, ինչը կփորձեմ հիմա պատմել...
ԲԼՂՈՒՐ ՓԻԼԱՎԸ
1976 թվականն է, աշուն:
Ուսանում եմ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում:
Գիտական ղեկավարս ակնառու հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (այժմՙ ակադեմիկոս) Սարգիս Հարությունյանն էՙ պայծառ ու պատվական անձնավորություն, մեծագույն գիտնական: Իմ անչափելի սերն ու հարգանքն առ պարոն Հարությունյանն, ի շարս իր բազմաթիվ այլ առավելությունների, ավելանում էր մի շատ կարեւոր հանգամանքով եւս. նա Սարոյանի լավ բարեկամն էր, իրար ճանաչում էին դեռ 60-ականների Սարոյանի այցելության ժամանակից, ու նաեւ երկրացիներ էինՙ երկուսն էլ բիթլիսեցու ժառանգներ:
Վ. Սարոյանի եւ Ս. Հարությունյանի ծանոթությունը հետաքրքրական, տիպիկ սարոյանական ոճով է եղել: Այն տարիներին Սարգիս Հարությունյանն աշխատելիս է եղել իր «Հայ ժողովրդական հանելուկներ» արժեքավոր աշխատության վրա: Սարոյանը հարցնում է Ս. Հարությունյանին, թե ինչո՞վ է զբաղվում: Նա էլ նկարագրում է իր աշխատանքը:
«Հա՜, հանելուկ կշինիս», եզրակացնում է Սարոյանն ու իր թեթեւ ձեռքով «կնքում է» Սարգիս Հարությունյանին... «Մեր հանելուկ Սաքոն» մականունով: Իմ շեֆը միայն երջանիկ էր այդ «կնունքից», ինքն էլ լինելով կատակասեր մարդՙ բարձր էր գնահատել Սարոյանի հումորը:
Այդ օրըՙ հոկտեմբերի երկրորդ կեսին էր, գալիս եմ ինստիտուտ: Ասպիրանտական քննությունների ու դասերի շրջանում այնքան էլ հաճախ չէի լինում ինստիտուտում.
- Ո՞ւր ես այ բալա՜-, դժգոհեց շեֆս,- մեռա՜ ճամփադ պահելով:
- Կներեք ընկեր Հարությունյան,- սկսեցի արդարանալ ես,- անգլերենի ստուգարքին եմ պատրաստվում:
- ՉԷ՜,- մեղմ տոնով ընդհատեց նա,- ուղղակի Սարոյանն է եկել, գիտեմ շատ ես սիրում, ասացիՙ երեւաս, ուղարկեմ մոտը: Շատ զբաղված է, բայց միգուցե կարողանաս բռնացնել: Կասես, որ իմ ասպիրանտն ես, կարծում եմ, չի մերժի: Կուզե՞ս:
«Կուզե՞՜ս»...Բա, ասա, չես էլ երազի՞- հանդիպել Սարոյանին...
Ու սկսվեց մեր հերթական զրույցը Սարոյանի մասին:
Ս. Հարությունյանն այդ քանի օրն արդեն մի քանի անգամ հանդիպել էր Սարոյանին ու նույնիսկ վկա դարձել մի հետաքրքրական պատմության:
Պատմեմ, ինչպես ղեկավարս է ինձ պատմել.
... Մի քանի օր առաջ հյուրանոցում էի, տեսնեմ Սարոյանը զայրացած է:
- Վիլլի, ի՞նչ եղած է,- հարցրի:
- Well,- սկսեց Սարոյանը,- Առջի օր հոս, ռեսթորան, բուլղուր փիլաֆ ուզեցի:
- Էհ, հետո՞:
- Ապու՛շ են, ընձի կորկոտ բերին:
Հարությունյանն սկսել է հռհռալ:
Սարոյանն ավելի բարկանալովՙ պատմել է եղելությունը:
Ինքը բլղուր շատ էր սիրում եւ շատ էր ուտում, մանավանդ երեկոները («մարսողության օգտակար է- իմ Թագուհի մայրս կըսեր»): Ու հիմա, մտածելով, որ Հայաստանի ամենաառաջնակարգ հյուրանոցում է ապրում, պատվիրում է բլղուրով փլավՙ ուշ երեկոյան:
Չնայած խորհրդային ռեստորանի «բարձրակարգ» սպասարկմանը, այն տարիներին իսկապես տարօրինակ էր ռեստորաններում այդօրինակ ուտեստեղեն գտնել: Սեւ խավիար, թառափ, ընտրագույն ապխտած մսեղեն, խորովածներ, այլ դելեկատեսներՙ խնդրե՜մ, բայց «ախպարական» բլղուր փլա՞վ «պրոտոկոլային «Ինտուրիստ հյուրանոցո՞ւմ»... Կներե՜ք:
Բայց... ուզողը Սարոյանն էր, իսկ աշխատողներն էլ, ախ՜ր, հայեր են, ուզում են մի լավ բան անելՙ մարդու սրտի ուզածը կատարել: Եվ եփում են:
Մատուցողը սենյակ է բերում ափսեով փլավը ու... սկսում է կոմեդիան:
Սարոյանը վեր է առնում ափսեի ծածկոցը, տեսնում է պարունակությունը ու խոժոռ հարցնում մատուցողին.
- Ես ի՞նչ ուզած էի:
- Բլղուր փլավ,- պատասխանում է խեղճացած մատուցողը:
- Հաբա ըսիկ ի՞նչ ի:
- Կորկոտով փլավ:
- Դուն բնիկ ուրդեղացի՞ իս,- Սարոյանի ՄՇՏԱԿԱՆ հարցը, որ տալիս էր բոլոր առաջին անգամ հանդիպածներին:
- Մուսալեռցի:
- Ապու՜շ,- արդեն զայրանալով «որոտում» է Սարոյանը,- մուսալեռցի ըլլալովդ բուլղուրն ու կորկոտը չե՞ս զանազանե՜ր:
Մատուցողը արդեն լրիվ է խեղճանում.
- Կզանազանեմ Վարպետ ջան, շատ լավ կզանազանեմ, բայց ռեստորանում բլղուր չկար, կորկոտ եփեցին:
-Չեմ ուզեր,- նեղացած ասում է Սարոյանը,- ետ տար...
Հաջորդ առավոտ վաղ ծեգին մատուցողը ծեծում է Սարոյանի սենյակի դուռը (Սարոյանը միշտ վաղ էր արթնանում, հյուրանոցում բոլորը դա գիտեին):
Գրողը, բացելով դուռը ու տեսնելով երեկվա «ձախորդ» մատուցողին, հարցնում է.
- Ինչ կուզի՞ս:
- Վարպետ ջան, ձեզի համար ջեբելմուսացու իսկական բլղուր փիլավ եմ բերելՙ սոխառածով-բանով... Կինս է եփել, անուշ արեք,- Ու... Սարոյանին դեմ է անում մի մեծ ալյումինե կաթսաՙ մեջը, երեւի, մի 8-10 հոգու չափաբաժին փլավով...
- Տես, Սաքո, ան է, հոն դրած է, քիչիկ մը կերա, պատվական էր,- իր պատմությունը եզրափակում է Սարոյանը...
...Հարությունյանն էլ իր հերթին պատմությունն ավարտելուց ու մի կուշտ ծիծաղելուց հետո ավելացրեց.
- Էմմային (կինն է-Հ.Թ.) ասացի ինքն էլ եփեց, երեկ մի պստիկ կաթսայով տարա, բայց մուսալեռցու բերածի չափ չէր...
Դեռ չգիտեի, որ այդ «փլավային» պատմություններում շուտով ես էլ «դեր» պիտի ունենայի:
... Փոքր տարիքում երբ լսում կամ կարդում էի «օդը լցված էր Տերյանական շնչով», կամՙ «մթնոլորտը հագեցած էր Չարենցով» ու նման արտահայտություններՙ զարմանում էի ու չէի հասկանում: Բայց երեւի ճիշտ էին նման տողեր գրողները: Ճիշտ նույն զգացումն ունեցա ես Չարենցի փողոցից մինչեւ «Արմենիա» հյուրանոց ընկած ճանապարհին: Ինձ անընդհատ թվում էր, որ բոլորը գիտեն, որ Սարոյանը Երեւանում է, որ հիմա կհանդիպեմ իրեն այ այստեղՙ փողոցում, որ իրապես օդը լցված էր Սարոյանական շնչով...
Հասա հյուրանոց, նստեցի վերելակ ու ահա 5-րդ հարկում եմՙ Սարոյանից մի քանի մետր հեռու:
Բայց... Մենակ ես չէի այդ մի քանի մետր տարածքը հաղթահարելու եկածը: Երիտասարդների մի ստվար խումբ կանգնած զրուցում էր հարկի լայն ճեմասրահում:
Մոտեցա: Մնջախաղի պետական թատրոնի տղաներն էինՙ Արսեն Փոլադովի գլխավորությամբ, եւ որոնց մեջ էր նաեւ իմ երիտասարդ բարեկամըՙ շնորհալի դերասան Լեւոն Հովսեփյանը, որին գիտեի մանկուց:
Լեւոնին հանդիպելն ինձ շատ օգտակար եղավ: Իմացա, որ Սարոյանին հեշտ չէ «բռնացնելը», սակայն հիմա սենյակում է, իրենք երկար ժամանակ սպասում են, քանի որ ասել են, թե հիմա դուրս պիտի գա: Թատրոնը բեմադրել էր Սարոյանի գործերիցՙ եկել էին հրավիրելու դիտմանը:
Խոսում էինք Սարոյանի մասին: Խոսում էին բոլորըՙ արվեստագետներ, սարոյանասերներ:
Ու, բնականաբար, բավականին աղմուկ էր տիրում միջանցքում: Հարկի հերթապահ կինը այլեւս չդիմանալովՙ զայրացած դիմեց մեզ իր ցայտուն շեշտված Գեղարքունիքի ակցենտով.
- Ես չեմ խասկնա էդա խելառ անդերն ո՞վ ա, որ սաղ օր գալում-հավաքվում եք դռան դեմ, ոնց որ սրբի դուռ ըլնի:
«Ին՞չ,- ներսս ինչ-որ բան ցավաց,- Սարոյանի մասին այսպիսի խոսքե՞ր...»:
- Մորաքույր, սա աշխարհի ամենամեծ հայ գրողն է,- վրա տվի ես:
- Հա՜, հա՜,- ծոր տվեց տիկինը,- չէ մի չէ՜: Որ էդքան մենծ ա, բա խի՞ ա էդմալ խաքնում: Առաջին օրն էկավ մի խատ սիվտակ (սպիտակ) պլաշչ (անձրեւանոց) կար վրենՙ կեղտո՜տ. ...մեր Վարդուշ տարավ վլաց (լվաց), խանեց երկուս ու խիսուն տվեց, ասում ա «Ես քեզի երկու ռուբլի խիսուն կոպեկ դրամ կուդամ...»: Շա՜տ մենծ բան ա, մթա՜մ... Թող խաներ մի 25 մանեթ տար...
«Խեղճ Սարոյան, մտածեցի, ի՞նչ կարծիքներ են ձեւավորվում...»
Այն ժամանակ Խորհրդային պետությունը միշտ արհեստականորեն ԱՄՆ դոլարի համարժեքը պահում էր 1 ռուբլուց ցածր գծի վրաՙ 95,96,98 կոպեկ, կամ նման մի բան: Սեւ շուկայում անշուշտ իրական արժեքը շուրջ 10 անգամ ավելի էր: Մարդն էլ թերեւս մտածել է, որ 2,50-ը 3 դոլարին մոտ մի գումար է անում, ինչն այդ տարիներին մի անձրեւանոց լվալու համար նորմալ գին էր:
- Լավ, բա էլ ին՞չ ա արել, որ դժգոհ ես, մորքուր ջան,- հերթապահին «տաքացնում եմ» ես:
- Տո այ բալա,- շարունակեց նա,- էն մեկել սմենիս (հերթափոխ) իրիգունը զանգեց, թե «բխբխալեն տաք չայ գուզիմ, փիլաֆ գուզիմ»:
«Օհո՜,- մտածեցի,- էլի փլավ»:
-Է՞, տվի՞ր,- հարցնում եմ:
-Դէ՜, չայն կոլբայով սարքի -տվի:
-Բա փլա՞վը,- անհամբեր հարցրի:
-Փլավն ի՞նչ,- շարունակեց,- ռեստորանի տղերքն մի ձեւի հարմարացրել ին, փլավն սարքել, ղրգել, տենաս ին՜չ օյին էր խանե էդ խեղճ աֆիցանտի (մատուցող) գլխին, ասեր էր. ես բլղուր եմ ուզի, դու կորկոտ ես բերի- ետ էր ղրգե: Ճիշտըՙ վախեցանք, ասինք կբողոքա դիրեկտորին: Դե ինտուրիստ (արտասահմանյան զբոսաշրջիկ) ա, համ էլ լյուքսի...
(Սարոյանը բնակվում էր 5-րդ հարկի լյուքս համարում, կարծեմ N503-ն էր թե՞ 505-ը:
Հիմա չեմ հիշում: Գիտեմ, որ երբ 1978-ին դարձյալ եկավ, նույն համարն էր ուզել...):
Երեւի դեռ երկար կտեւեր այս «բողոքի նոտան», եթե միջանցք չելներ Սարոյանը:
ՍԱՐՈՅԱ՜ՆԸ...
Իրար անցանք: Եկավ, մոտեցավ մեզ: Մեզ ասելով Մնջախաղի թատրոնի տղաներին. ես խցկվել էի մեջները...
Հագին «հիշյալ» սպիտակ անձրեւանոցն էր, գլխին սեւ մորթե գլխարկ, առնական, երկար սպիտակած «ֆիդայու» բեղերով, սեւ թավ ունքերովՙ իսկը մշեցի:
Թերեւս գիտեր տղաների գալու մասին: Արսեն Փոլադովը պաշտոնապես հրավիրեց ներկայացման դիտումին.
- OK, կուքամ,- ասաց: Ձայնը բամբ էր ու զորեղ:
- Իմ ո՞ր մեկ խաղս է,- հետաքրքվեց:
«Խաղ,- մտածեցի,- ոչ թե պիես. անգլերեն play-ի թարգմանությունն է»:
- «Սովյալները»,- պատասխանեց Արսենը:
- Չըմ հասկնար,- տարակուսեց Սարոյանը:
- «Քաղցածները»,- կողքից ասաց ինչ-որ մեկը:
- Նորէն չըմ հասկնար,- դժգոհեց Սարոյանը,- հայերե՜ն ըսէք, դե հասկնամ:
- «The hungries»,-անգլերենով ասաց մեկ ուրիշը:
- Հա՜,- ծոր տվեց Սարոյանը,- «ԱՆՈԹԻՆԵ՜Ր»... Հիմա հասկցա:
Ամեն ինչ հարթվեցՙ ԻՐ հայերենն էր:
Պայմանավորվեցին հանդիպման մասին:
Հանկարծ շրջվեց դեպի տղաներից մեկը, որ բարձրորակ լուսանկարչական խցիկը պահած անհամբեր սպասում էր լուսանկարելու Վարպետին.
- Ադ մըշինը (machine) կռնաս աշխատցնի՞լ,- կես լուրջ կես կատակ հարցրեց:
(Ինչքա՜ն մարդիկ կան, որ որեւէ գործիք ունեն ԶՈՒՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ...)
- Իհարկե, Վարպետ,- վստահ պատասխանեց տղան:
- Կուզի՞ս ընձի պատկերի քաշե՞լ:
- Այո,- պատասխանեց լուսանկարիչը:
-Էհ՜, ուրեմն քաշե,- ասաց Սարոյանն ու... սկսեց աստիճաններից վար իջնել:
Բոլորս խառնվեցինք, աշխատում էինք Սարոյանին մոտիկ լինել ու «անմահանալ»...
Բախտս բերեց, քանի որ ես խմբից մի փոքր հեռու էի կանգնելՙ աստիճանների վրա առաջիններից մեկը հայտնվեցի ու ապարատը շրխկաց...
Մի երկու օր հետո Լեւոնը զանգահարեց.
- Հովիկ, մեծ «մաղարիչ» պատրաստի: Սարոյանի հետ նկար ունես, արի վերցրու:
Ոչ թե գնացիՙ սլացա...
Ու հիմա արդեն քանի օր է նկարն ու «Մարդկային կատակերգության» իմ նշումներով օրինակը թեւատակիս մաշում եմ «Արմենիայի» դռները:
Շա՜տ դժվար է Սարոյանին բռնելը...
Խորհրդային Ինտուրիստ հյուրանոց էՙ խիստ ուշադիր բարապաններով, որոնց սեւեռուն հայացքներն արդեն ճանաչում են քեզ ու խոժոռ հարցնում.
- Ո՞ւր ես գնում, երիտասարդ:
- Սարոյանի հետ նկար ունեմՙ ուզում եմ մակագրի:
Ու միշտ միեւնույն կարճ պատասխանըՙ
«Ստեղ չի, դուրս ա էկել, ուշ կգա»:
Որտեղի՞ց գիտեք, որ ուշ կգա, ո՞վ է ասել, գուցե եւ վերեւու՞մ է...
Բայց չես կարող վիճել: «Սիրելի Լեոնիդ Իլյիչի» ժամանակաշրջանն էր...
29 Հոկտեմբերի, 1976 թվական...
Համարձակությունը գործի կեսն էՙ մտածեցի ու առավոտյան վաղ գնացի հյուրանոց:
Հինգերորդ հարկի միջանցքի բազմոցներին նստած մարդիկ կան: Բախտս բերեց: Գրողներ են, երեք հոգով սպասում են Սարոյանին:
Ռազմիկ Դավոյանն էր, տաղանդաշատ ու մոդեռն բանաստեղծ, որ մեր սերնդի սիրելի հեղինակներից էր: Բացի այդ ես Ռազմիկի հետ մտերմացել էի, երբ նախքան համալսարան ընդունվելս Գրողների տանը ցրիչ էի աշխատում:
Իր տաղանդավոր լինելու հետ դյուզն-ինչ գոռոզության նշույլ չուներ ու ինչքա՜ն-ինչքա՜ն անգամներ մեղմ ու համբերատար տոնով գրական դասեր է տվել գրասեր պատանուս:
Երկրորդը հանրաճանաչ դրամատուրգ Արամաշոտ Պապայանն էր, որին դարձյալ Գրողների տնից էի ճանաչում, բացի այդ էլ իր կրտսեր որդինՙ Արամը համալսարանական իմ լավագույն ընկերներից էր: Ա. Պապայանն էլ իմ շեֆի նման Սարոյանի երկրացին էր ու լավ ընկերը: Երրորդին հիմա չեմ հիշում, ու կարեւոր էլ չէ:
Էհ, հազիվ երկու սրտացավ մարդ էի գտել, սկսեցի «դարդերս» պատմել, նկարս (հպարտությու՜նս) ցույց տվի:
- Լավ ժամանակ չես եկել, Հով ջան,- անհույս ասաց Ռազմիկը,- Վիլլին էսօր գնում է, բոլորովին ժամանակ չի ունենա:
Հուսահատվում էի:
- Ոչինչ, մի նեղվի, Ճուտո ջան (գրողների տան բոլոր ցրիչներին Սաղաթել Հարությունյանից սկսած «ճուտո» էին կոչումՙ անկախ նրանց ֆիզիկական տվյալներից- Հ.Թ.),- մխիթարեց Ա. Պապայանը:- Նստի: Հիմա ու հիմա ոչ մեկին չի ընդունում, աշխատում ա, ժամը 11-ից հետո կերեւա:
Բոլորը գիտեին, որ Սարոյանը երբ էլ որ քնելու լիներ, առավոտյան վաղ ոտքի էր ու մինչեւ ժամը 11-ը չխչխկացնելով իր հին գրամեքենան (որ աշխարհով մեկ հետը ման էր տալիս), ստեղծագործում էր:
Սենյակի դռանը մոտենալիս կարելի էր լսել այդ չխկչխկոցը, որից ծնվել էին 100-ից ավելի վեպերը, վիպակները, պիեսներն ու հուշագրությունները:
Չեմ հիշում ինչքան սպասեցինք, մինչեւ Սարոյանը ելավ սենյակից: Գրողների հետ կարճ զրույց ունեցավ, հետո նկատեց ինձ.
- Ի՞նչ կուզես:
Ես դասն անգիր արած աշակերտի պես ասացի, որ Հարությունյանի ասպիրանտն եմ, եկել եմ իր երաշխավորությամբ ու էլի նման բաներ: Այդ ընթացքում աչքին ընկավ մեր նկարն ու գիրքը: Վերցրեց նկարը, նայեց ու ասաց.
- Ըսիկ ես եմ, ըսիկ ալ դուն ես: Կուզես օր վրան գրի՞մ:
-Այո, Վարպետ, խնդրում եմ, գիրքն էլ մակագրեք:
Ձեռքն առավ գիրքը, սկսեց թերթել.
- Ըսիկ իմ գիրքս է, ինչու՞ վրան գծած իս:
- Հետաքրքրական մտքերն եմ ընդգծել,- պատասխանեցի:
- Է՞, էրկու գույն կա հոս:
- Այո Վարպետ, հետաքրքրական մտքերը սեւ մատիտով եմ նշել, շատ հետաքրքրականներըՙ կարմիրով:
Մի տեսակ վրաս նայեց ու դարձավ Ռազմիկ Դավոյանին.
- Ռազմիկ, կճանչնա՞ս աս տղան:
- Կճանչնամ Վիլլի,- ասաց Ռազմիկը,- մեր Գրողների տան նախկին ցրիչն է:
Ջա՜ն, Ռազմիկ, խփեց ուղիղ «տասանոցին»:
Սարոյանը միանգամից պայծառացավ.
- Դուն ցրվի՞չ էղած իս:
- Այո, Վարպետ,- ասացի,- մինչեւ համալսարան գնալս:
- Ես ալ ցրվիչ էղած իմ, աս գիրք իմ մասին է: Bike (հեծանիվ) ունի՞ս,- մանկացել էր Սարոյանը:
- Ոչ, Վարպետ, չունեմ:
- Բնիկ ուրդեղացի՞ իս,- իր ավանդական հարցը հիմա ինձ ուղղեց:
- Հորս կողմեն տիգրանակերտցի ենքՙ Դիարբեքիր, մորս կողմենՙ իզմիրցի:
- Պատվական տղա կերեւիս, քալե էրթանք սենյակս,- ու ... իր զորեղ ձեռքը դնելով ուսիս տարավ իր հետ:
Գրողները եւս եկան սենյակ ու սկսեցին օգնել Սարոյանին իրերը հավաքելու: Սենյակում Սոդոմգոմոր էր:
- Ըսիր հանելուկ Սաքոյին աշկե՞րտն ես,- հարցրեց: «Աշկերտ»ՙ ի՞նչ անսովոր բնորոշեց:- Է՜, դու՞ն ալ հանելուկ կշինե՞ս:
- Ոչ, Վարպետ,- ասացի,- ես առածներով եմ զբաղվում:
- Չըմ հասկնար:
- Proverbs,- թարգմանեցի ես:
- Օ՜, հիմա հասկցա:
Դարձավ դեպի գրասեղանը, որի վրա հազար ու մի բան կար լցված, փնտրտեց ու գտավ:
Փոստային մի բացիկ էր, վրանՙ Արարատը.
- Ասօր ետեւ գրե քու անուն ու երկրորդ անուն (ազգանունը.- Հ.Թ.),- հետո ավելացրեց մեղմ, մի քիչ տխուր ձայնով,- անգլերեն գրե, հայերեն չըմ կռնար կարդալ:
Երջանկացած գրեցի ու բացիկը վերադարձրի: Իմ անունը Արարատ լեռան նկարի մյուս երեսի՜ն, Սարոյանի մոտ:
- Տու՛ր պատկերդ:
Ու մակագրեց վրան.
«For Hovik Takookian
Sincerely
William Saroyan
October 29 1976»
Ապա գիրքը վերցրեց, դարձյալ թերթեց ու մակագրեց.
«For Hovik Takookian
Much success in all things
Sincererly
William Saroyan
October 29 1976»
- OK!,- ասաց: Հասկացա, որ հանդիպումն ավարտվեց:
Շնորհակալություն հայտնելով ուզեցի դուրս գալ, սակայն Սարոյանը հանկարծ ինչ- որ բան հիշելով ասաց.
- Կեցի՛ր, քըզի օր բան մի տամ Սաքոյին կտանի՞ս: Ես այսօր կէրթամ, ժամանակ չունիմ:
- Իհարկե, Վարպետ,- հպարտանալով ասացի:
Սարոյանից հանձնարարություն էի ստանում...
Սեղանիկից վերցրեց մի փոքրիկ ալյումինե կաթսայիկ:
Իսկույն գլխի ընկա, որ սա տիկին Էմմայի եփած բլղուր փլավի ամանն է:
Սեղանին, կաթսայի կողքին մի հսկա կարմիր խնձոր կար ու նույն չափի էլ մի լոլիկ, որ երեւի գյուղերից մեկում նվեր էր ստացել:
Վերցրեց ամեն մեկը իր հսկա ձեռքերի ափերի մեջ, կշեռքի նման վեր ու վար արեց, ու հարցն ընդհանուր բոլորին ուղղելովՙ ասաց.
- Ըսիկ դնի՞մ or ( թե՞) ըսիկ դնիմ,- մեկ լոլիկը ու մեկ խնձորը բարձրացնելով-իջեցնելով եւ իսկույն, առանց որեւէ կարծիք լսելու ավելացրեց,- ըսի՛կ կդնիմ,- ու ցույց տվեց հսկա լոլիկը:- Ըսիկ Սաքոյին աղվոր surprise (անակնկալ) մը կըլլա...
Ու սկսեց լիաթոք ծիծաղել հոմերական քրքիջով: Մենք էլ ծիծաղեցինք:
Ինձ համար շատ զարմանալի ու միաժամանակ այնքա՜ն հարազատ էր այդ պահը: Ինչքա՜ն հայկական էր «ամերիկացի գրող» Սարոյանը: Մանկությունից եկած սովորությունով գիտերՙ ամանը դատարկ ետ չեն ուղարկի:
Հիշեցի, որ մայրս էլ է միշտ այդպես անումՙ ամանի մեջ ինչ-որ բան կդներ ու նոր միայն կվերադարձներ:
Բայց Սարոյանի արածը հանճարեղ, զուտ Սարոյանական կատակ էր նաեւ:
Դարձավ Ա. Պապայանին.
- Արամ, ընձիկ լրագիր մը տուր:
Լրագիր ոչ թե paper կամ newspaper:
Հետո էլ համեստանում ես, Վարպետ, թե հայերենդ լավ չէ՜...
Լոլիկը միջին խնամքով փաթաթված կաթսայիկը ձեռքս տվեց ու խստորեն պատվիրեց.
- Իրեն բան մի չըսես, թող բանա, տեսնա:
Խե՞նթ եմ, ի՜նչ եմ, որ ասեմ: Բա ես ինձ կզրկե՞մ այդ պահին Սարգիս Հարությունյանի ռեակցիան տեսնելու հաճույքից:
Ռազմիկը աչք-ունքով հասկացրեց, որ գնալուս պահն է:
Բարի ճանապարհ մաղթեցի ու դուրս եկա:
Երեւանի ամենաերջանիկ տղան էի:
Չէ՜, ին՞չ Երեւան- աշխարհի ամենաերջանիկը...
Հաջորդ օրը եկա ինստիտուտ, «ավարս»ՙ նկարն ու գիրքը հետս:
Կաթսայիկն իր պատվավոր տեղում է:
Սարոյանի հետ մեր հանդիպման մասին մանրամասն պատմելուց հետո, իբրեւ թե հենց այնպես, իմիջիայլոց, ասացի.
- Ընկեր Հարությունյան, Սարոյանը ձեզ ինչ-որ բան է ուղարկել, ասաց, որ դուք գիտեք:
Ու իրեն մեկնեցի լրագրի մեջ փաթաթված կաթսան: Բացեց:
- Հա՜, էս էն պատմական բլղուր փլավինն է: Ո՞նց էլ չի մոռացել,- ասաց ու մի կողմ դրեց:
Էհ, լա՜վ,- մտածում եմ,- էս մի էտապը ստացվեց, իսկ ի՞նչ անեմ, որ կաթսայի բերանը բացի...
- Կարծե՜մ մեջն ինչ-որ բան է դրել,- խորամանկում եմ ես:
Սարգիս Հարությունյանը վեր առավ կափարիչը, ու հոմերական քրքիջը բռնեց ողջ առանձնասենյակը...
... Այդ լոլիկը բավական ժամանակ մնաց Սարգիս Հարությունյանի գրասեղանին...
Ու նույնիսկ հիմա, 36 տարի անց, դեռ ականջներիս մեջ է, թե ինչպես էին երկու հանճարեղ մշեցիներ հռհռում նույն կատակի վրաՙ Էրկրից եկած իրենց բարի, հզոր, առնական, վարակիչ ու անմահ ծիծաղով...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՔՈՒԿՅԱՆ