top of page

Տասը տարի առանց Սոս Սարգսյանի՝ մեծ դերասանի, ով խենթի նման սիրում էր իր երկիրը

  • 26 сент. 2023 г.
  • 2 мин. чтения

26.09.2023



Նա լեգենդ էր արդեն կյանքի օրոք․ հայ ժողովուրդը ոչ միայն սպասում էր նրա դերերին, այլև խոսքին՝ պարզ, իմաստուն, անկեղծ, հասարակ մարդու սրտին հասնող։ Սոս Սարգսյանը ժողովրդական էր, ու այստեղ հարցը ոչ թե կոչումն է, այլ՝ բովանդակությունը։


Հայ կինոյի նահապետը խենթի նման սիրում էր իր երկիրը, ժողովրդին, թատրոնը, հայ մարդուն, ինքն էլ սիրո պակաս չուներ։ Իր հարցազրույցներից մեկում անկեղծանում է․ «Իմ ժողովուրդը սիրում է ինձ, մի քիչ շատ, բայց սիրում է․․․»։ Sputnik Արմենիան Վարպետի ծննդյան օրվա առիթով առանձնացրել է 7 հետաքրքիր փաստ նրա մասին։


1․ Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում։ Իր հարցազրույցներից մեկում կատակում է՝ զավեշտալի է, թե ինչպես ինքը դերասան դարձավ, քանի որ շատ ամաչկոտ է։ Եթե սենյակում 4 մարդ է լինում, ինքն արդեն կաշկանդվում է, բայց այսքանից հետո ճակատագիրն իրեն դերասան դարձրեց։


2․ Պատմում են, որ Սոս Սարգսյանը դեռ մանկուց առանձնանում էր իր տարեկիցներից։ 10 տարեկանում պիես է գրում ու այն բեմադրում տան նկուղում՝ ընկերների հետ։ Դա այն դեպքում, երբ լոռեցի տղան երբեք թատրոնում չէր եղել ու ներկայացում չէր դիտել։


3․Սոս Սարգսյանը նկարահանվել է 4 տասնյակից ավելի հայտնի ու սիրված ֆիլմերում։ Մեծ կինո նրա մուտքը «Նվագախմբի տղաները» ֆիլմը դարձավ։


4․Սոս Սարգսյանը նաև մոտ 1 տասնյակ երկերի հեղինակ է։ Հետաքրքիր մի փաստ են պատմում նրա «Լակոտը» նորավեպի մասին։ Արդեն տպագրական մեքենաներով չէին աշխատում, վարպետն էլ համակարգչով գրեց «Լակոտը», հետո թերևս մոռացավ պահպանել գրածը․ ամբողջը կորավ։ Որքան էլ փորձեցին վերականգնել աշխատանքը, չստացվեց։ Սոս Սարգսյանը նստեց, հիշողությամբ նորից գրեց, բայց համակարգչի հասցրած վիրավորանքը չմոռացավ ու չներեց, ասաց՝ իրեն այն պետք չէ։


5․Սոս Սարգսյանը դեմ էր տուն-թանգարան ունենալուն, ասում էր՝ դերասանի հիշատակը նրա դերերն ու ներկայացումներն են։ «Դու պիտի թողնես աշխարհին այն ամենը, ինչ բերել ես քեզ հետ»,- ասում էր վարպետը։ 1991 թվականին հիմնադրել էր ու ղեկավարում էր Համազգային թատրոնը։ Տուն-թանգարան ունենալու փոխարեն երազում էր թատրոնի շենք ունենալ, չհասցրեց իր երազանքն իրականացած տեսնել։


6․Սոս Սարգսյանն իր երկրի քաղաքացին էր, որը չէր ցանկանում պասիվ կեցվածքով հետևել այն ամենին, ինչ կատարվում է։ 1989-91թթ․ նա եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1990-ական սեպտեմբերին հայազգի քաղաքական մի քանի գործիչներ հացադուլ հայտարարեցին՝ ԽՍՀՄ-ի և ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռելով ղարաբաղյան հարցի ուղղությամբ։ 1990 թվականի սեպտեմբերի 14-ին հացադուլ հայտարարեց նաև Սոս Սարգսյանը։


Ի դեպ, 1991թ. նա մասնակցել է նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահական ընտրություններին` որպես նախագահի թեկնածու, առաջադրվել Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից:


7․Հայ կինոյի Նահապետը կյանքից հեռացավ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։ Արտիստներին ընդունված է ծափահարություններով ճանապարհել։ Սոս Սարգսյանին մեկուկես ժամ ձեռքերի վրա էին տանում Օպերայից Պանթեոն՝ պարզած ձեռքերով. նույնիսկ, երևի անգիտակցաբար, դագաղը ուսերին չէին դրել, թեև այդպես ավելի հեշտ կլիներ։ Պարզապես Սոսը միշտ ամբոխից վեր էր։


Ու մեկուկես ժամ ծափահարությունները չէին դադարում, իսկ դին տեղափոխող մեքենան այդպես էլ պետք չեկավ, այն կորել էր մարդկանց հոսքի մեջ, իսկ վարորդը թողել էր մեքենան ու ոտքով էր գնում։ Սեպտեմբերյան այդ օրը Երևանում երթևեկությունը երկու ժամով կանգ էր առել. Երբ ձեռքերը ծափահարում են, հերթը ղեկին չի հասնում։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page