
…Եվ միայն խաչիդ գամերը,
Այս կյանքի տառապանքները,
Միայն այդ չի վաճառվում:
Մնացածը վաճառվում է…և բոլորն են վաճառվում…
Արթուր Մեսչյան
Այսօր հայ երգահան, երգիչ և ճարտարապետ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է: ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ»-ի հիմնադիրը ծնվել է 1949-ի մարտի 3-ին՝ Երևանում:
1960-ին Արթուր Մեսչյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Առաքյալներ» խումբը, որը միախառնելով հայ հոգևոր երաժշտությունը ռոքի հետ, մեծ տպավորություն է թողել ունկնդիրների վրա: «Առաքյալների» հաջողությունն էլ ավելի է ամրապնդել «The Insane Asylum» ներկայացումը, որը պատմության մեջ մտել է որպես առաջին հայկական ռոք-օպերա: Իսկ 1984-ից արդեն Մեսչյանը սկսել է իր առանձին երաժշտական ուղղին: Մեսչյանի երաժշտական ստեղծագործությունների մեջ մեծ ազդեցություն է ունենուն նրա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում աշխատելը:
Յոթ տարեկանում ընդունվել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սովորել է դաշնամուր և ջութակ: Մանուկ հասակից սիրել է երաժշտությունն ու նկարչությունը, երգել է տարբեր լեզուներով:
Դպրոցական տարիքից երաժշտություն է գրել: 16 տարեկան հասակում, Արթուր Մեսչյանը գրել է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը: Նրա սիրված երգերից են՝ «Ահա և վերջ», «Աշխարհի ցավով», «Օրեր», «Բարով մնաք», «Ես փոխում եմ սլաքները», «Զարմանում եմ ես», «Խուլ հառաչանքի», «Միայն այն», «Որովհետև սիրել եմ» և այլ ստեղծագործություններ:
Մեսչյանը նախագծել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Կառավարության ընդունելությունների տունը և Մատենադարանի նոր թևը (Մատենադարանի շինարարությունը վերսկսեց 2007-ին):
2011 թ. Մեսչյանը պարգևատրվել էր «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով, իսկ 2012 թ.՝ Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով:
2018-ին Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: