12 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները:
Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածների մեջ էլ շտապօգնության մեքենայի վարորդն է, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրի հարևանութամբ գտնվող մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և Ford-ը պետք է զիջեր նրան: Անգամ այդ պայմաններում շտապօգնության ավտոմեքենան կարմիրի տակով չի անցել: Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունը ճշտում է:
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Comentarios