top of page

Տիգրան Նաղդալյանի սպանության առեղծվածը

1 июл. 2023 г.
2 мин. чтения

01.07.2023

Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մոտ տասը, որոնք շատ որոշակի տեղեկություններ ունեին ոճրագործության մասին, այսօր չկան: Ահաբեկչական խմբի պարագլուխ եղբայրներ Նաիրի ու Կարեն Հունանյանների մորը՝ Նատտելա Գալստյանին, 2012-ին գետում խեղդված գտան, 2004-ին ԱԺ շենքում կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը։ Մյուս վկաների մահվան հանգամանքներն էլ խորհրդավոր ու կասկածելի են՝ էլեկտրահարություն, ավտովթար, կաթված բանտում։ Սակայն հատկապես ուշագրավ է Տիգրան Նաղդալյանի սպանության դրվագը։


2002թ. դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում գլխին ստացած հրազենի կրակոցից մահացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Այս լուրը ցնցեց Հայաստանի հասարակությանը, որն ամանորյա պատրաստությունների մեջ էր: Սահմռկեցուցիչ սպանությունը տեղի ունեցավ մի շրջանում, երբ երկիրը թևակոխում էր նախագահական լարված մրցապայքարի հորձանուտ: Ակնհայտ էր, որ Նաղդալյանի սպանությունը քաղաքական էր, և կասկածից վեր էր նաև, որ այն օգտագործվելու էր Ռոբերտ Քոչարյանի կողմից` համակարգի հակառակորդների դեմ հալածանքներ սկսելու համար, մանավանդ, որ Նաղդալյանը համարվում էր հենց Քոչարյանի քարոզչական հրետանին:


Տիգրան Նաղդալյանը, անշուշտ, տաղանդավոր լրագրող էր` ինքնատիպ ձեռագրով, ոճով, կրեատիվ ասելիքով: Մյուս կողմից` այն, ինչ Նաղդալյանն անում էր Քոչարյանի իշխանության տարիներին, դժվար է լրագրություն անվանելը, որովհետև գործ ունեինք «ինֆորմացիոն քիլերության» հետ, որի թիրախը քաղաքական ուժերն ու գործիչներն էին, որոնք Քոչարյանից տարբերվող տեսակետներ ունեին: Հանրայինի եթերը վերածվել էր քաղաքական հաշվեհարդարի հարթակի: Այդ ամենը սրվեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, որովհետև Տիգրան Նաղդալյանն ու նրա շրջապատն առնվազն կասկածվում էին ահաբեկիչներին օժանդակելու մեջ, մանավանդ, որ Հանրայինում մոնտաժվել էր խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունը պատկերող տեսաերիզը: Դա չէր կարող տեղի ունենալ առանց Տիգրան Նաղդալյանի, անգամ` Ռոբերտ Քոչարյանի հրահանգի:


Հատկանշական է, որ Հոկտեմբերի 27-ից հետո Տիգրան Նաղդալյանի խոսքն ավելի սանձարձակ ու ագրեսիվ էր դարձել` որպես թիրախ ունենալով այն ուժերին, որոնք հետամուտ էին ոճրագործության լիարժեք բացահայտմանը: Գուցե Նաղդալյանը նման պատվեր ստացել էր հենց Բաղրամյան 26-ից, որպեսզի հետո մոտիվացվի նրա սպանության պաշտոնական վարկածը: Ավելի ուշ, երբ սպանության պատվիրատու «հայտարարվեց» Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանը, ակնհայտ էր, որ պաշտոնական քարոզչամեքենան շրջանառության մեջ է դնելու վրեժխնդրության մոտիվը: Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ մոտիվն իրական է, ապա Վազգեն Սարգսյանի ընտանիքը կթիրախավորեր ոչ թե Նաղդալյանին, այլ` հանրային գիտակցության մակարդակում Հոկտեմբերի 27-ի կազմակերպման հետ ասոցացվող Ռոբերտ Քոչարյանին:


Իրականում` Տիգրան Նաղդալյանը Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների համար առանցքային վկա էր, բանալի, որի միջոցով հնարավոր էր հասնել ոճրագործության կազմակերպիչներին: «Եթե ես երբևէ որևէ մեկին ասել եմ, պահանջել եմ, առաջարկել կամ ակնարկել եմ սպանել Տիգրան Նաղդալյանին՝ թող իմ տղան էլ Տիգրան Նաղդալյանի ճակատագրին արժանանա»,- այս նախադասությամբ է եզրափակել իր պաշտպանական խոսքը Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը: Վազգեն Սարգսյանի ընտանիքի պատվախնդրությանը ծանոթ յուրաքանչյուր մարդ կարող է հաստատել, որ այս խոսքերը չէին կարող օդի մեջ ասվել:


Հասարակության ճնշող մեծամասնությունը հավատաց Արմենի անկեղծությանը, սակայն դատարանը մնաց անդրդվելի` Արմեն Սարգսյանին դատապարտելով 15 տարվա ազատազրկման: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ սպանությունը կատարած Ջոն Հարությունյանը դատարանում քանիցս պնդել է, որ պատվերը ստացել է ոչ թե Արմեն Սարգսյանից, այլ` Հովհաննես Հարությունյանից (մականունը` Ապեր) ու Գեղամ Շահբազյանից։


Խորապես համոզված ենք, որ Հոկտեմբեր 27-ի և Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն նույն մարդն է: Իրավական պնդումներ չենք անում, արձանագրում ենք միայն, որ Հոկտեմբերի 27-ի միջոցով անսահմանափակ դարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, որն ամեն ինչ արեց Հոկտեմբերի 27-ի հետքերը մաքրելու համար: Տիգրան Նաղդալյանն այդ կարևոր «հետքերից» մեկն էր: Ընդ որում` Նաղդալյանի սպանությունը մեկ կրակոց էր` երկու թիրախով. սպանվեց Հոկտեմբերի 27-ի առանցքային վկան և հալածանքի ենթարկվեց ոճրագործության բացահայտման հիմնական պահանջատերերից մեկը` Վազգեն Սարգսյանի ընտանիքը:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page