top of page

Ցնցող Դավիթը

23.04.2019, ԵՐԵՎԱՆ

Կես դարից ավել է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել Սասունցի Դավիթը։ Էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որը երկար ժամանակ ստեղծում էր քանդակագործ Երվանդ Քոչարը։ Անսանձ, Վարպետի հոգին զավթած, 1939 թվականից մինչև 1959 թվականը Քոչարին հանգիստ չտվող մի կերպար…


ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ 1959-ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ին, ՈՉ ՄԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՉԷՐ ՊԱՏԱՀԵԼ:


Բացման հանդիսավոր, պաշտոնական մասն ավարտվեց, սպիտակ ծածկոցը ցած քաշվեց արձանի վրայից և նրա շուրջը խռնված հոծ բազմությունը, տեսնելով Դավթին թռիչքի պահին, մի պահ հիացած մնաց, և հետո պոռթկաց ծափահարությունը: Ասել, թե դա ծափահարություն էր, քիչ կլինի: Բոլոր ներկաներին համակել էր խանդավառ մի տրամադրություն: Ծափերին միացան ոգևորված բացականչություններ:

Արձանն իբրև արժեք գնահատելու համար ժամանակ չպահանջվեց: Ամենքը հասկացան, որ դա գեղարվեստական հոյակապ կոթող է, որ ինչքան էլ գովես՝ քիչ կլինի: Ժողովուրդն իրեն տեսավ արձանի մեջ: Նրան մի պահ թվաց, թե դա մի արձանագործի ձեռքի աշխատանք չէ, այլ հավաքական ստեղծագործություն: Եվ չէր սխալվում, եթե ասվածը բառացի չհասկանանք:

Ոգևորության ալիքն ահագնացավ, երբ ասպարեզ եկան աշնակցիներն ու սկսեցին իրենց մարտաշունչ պարը: Ես մի փոքր հեռու էի կանգնած Քոչարից: Հուզված էր, գիտեր, թե ինչ արժեք է ստեղծել: Գիտեր, որ ժողովրդի սրտովն է իր տարիների աշխատանքը, բայց, ըստ երևույթին, չէր սպասում այդպիսի խանդավառության: Այն մարդը, որի միտքը միշտ զգաստ էր գործում, հիմա կանգնած էր շփոթ հուզմունքով:

Ժամերն անցնում էին, իսկ ժողովուրդը չէր հանդարտվում: Եվ տեղի ունեցավ անսպասելին: Արձանի չորս կողմը սեղաններ բացվեցին, կարպետներ փռվեցին և դրանց վրա հայտնվեցին գինի ու օղի, հաց ու պանիր, կանաչի ու երշիկ: Ժողովրդական հյուրասիրություն էր: Նախաձեռնողները մոտենում էին հեռու կանգնած մտավորականներին, խնդրում բաժակ բարձրացնել, մի խոսք ասել, միանալ իրենց ուրախությանը: Քոչարն անընդհատ շրջապատման մեջ էր: Փաթաթվում էին, համբուրում, ծունկի գալիս:

«Տեսնո՞ւմ ես ինչ է կատարվում: Միտքդ պահիր այս բոլորը, – ասաց ինձ Քոչարը, երբ մոտեցա իրեն: – Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է: Դու լավ գիտես, թե ինչեր եմ քաշել, և հանկարծ … Չեմ կարծում, թե մի ուրիշ քանդակագործ այս բախտին արժանացած լինի աշխարհում: Գիտես, չէ՞, ինչու եմ ասում: Դավիթն իմն էր մինչև հիմա, էլ իմը չէ, ժողովրդի՛նն է: Արվեստի իսկական բախտը սա է»:

Ռուբեն Զարյան «Հուշապատում»

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page