top of page

Փաշինյանը կրկին հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը

17 мая 2023 г.
2 мин. чтения

17.05.2023

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ վարչապետը մասնավորապես, նշել է. «Մենք մեր օրինակով ենք տեսել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ:

2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ:


Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել:


2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև սանձազերծված պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ:


Բայց մենք կարողացանք երկրի ժողովրդավարությունը պահպանել: Ավելի ուշ որոշում կայացրեցինք գնալ արտահերթ ընտրությունների՝ հանրային միասնությունը վերգտնելու համար: Եվ երկու օր այն բանից հետո, երբ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իմ և Ազգային ժողովի հրաժարականն ուժի մեջ մտավ, 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Եթե մենք այդ դրվագում շեղվեինք ժողովրդավարությունից, պետականությունը կկորցնեինք, բայց մենք գնացինք ժողովրդավարական ճանապարհով և ունեցանք միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններ, և ձևավորեցինք խաղաղության օրակարգ:


Բայց այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվեց հարձակումների. 2021թ. նոյեմբերին և2022թ. սեպտեմբերին Ադրբեջանը կրկին ներխուժումներ իրականացրեց ՀՀ տարածք:

2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:


Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը:


Բայց Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում: Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page