Փաշինյանի ադրբեջանական Արցախը

17.04.2022

Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները


Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։


Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…


ԱՅՆ ԲԱՆԻՑ ՀԵՏՈ, ԵՐԲ ԿՈՂՄԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ձեռք բերեցին սահմանագծման մեկնարկի և մինչև ապրիլի վերջ համապատասխան հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ, այն հարցի պատասխանը, թե արդյոք իշխող վարչախումբը համաձայնել է Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Կասկածների նշույլներն էլ փարատեց ապրիլի 13-ին Փաշինյանի ելույթը խորհրդարանի ամբիոնից. ռեժիմի պարագլուխը չբացառեց, որ Ադրբեջանը կփորձի խաղաղ բանակցություններն արագ մտցնել փակուղի՝ նոր ագրեսիայի սանձազերծման համար ձեռքերն արձակելու նպատակով։


Մի՞թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի ենթադրում, որ Արցախի ճակատագիրն արդեն վճռված է։ Մի՞թե Փաշինյանը բաց տեքստով չհայտարարեց, որ «2016-ից Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը»։ Մի՞թե Բրյուսել կատարած այցից հետո նա չհայտարարեց Հայաստանի վերահսկողության տակ գտնվող «ադրբեջանական» տարածքների մասին։ Ռեժիմին ծախված վայ-քաղաքագետները, դեմքին կարևոր արտահայտություն տված՝ փքելով այտերը, այս օրերին խոսում են այն մասին, թե սահմանազատման գործընթացը կբացառի ռազմական միջադեպերը սահմանի վրա և Հայաստանի բռնազավթված տարածքներում։ Այդ պարոնայք, հավանաբար, կարծում են, թե մենք պետք է սահմանազատում անցկացնենք Դանիայի կամ Նորվեգիայի հետ։ Իսկ թե ինչ կլինի այդժամ Արցախում, մեզ արդեն չի՞ վերաբերում։ Վերջին անգամ ադրբեջանցիները կրակ են բացել ապրիլի 12-ին…


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե չի մեկնում Արցախ՝ Ադրբեջանին չհրահրելու համար։ Դե, իհարկե, Բալի կղզի ճամփորդելը շատ ավելի հաճելի է... ԱԺ ամբիոնից Փաշինյանի հիշյալ ելույթը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անվանել է «խոստովանական ցուցմունք այն մասին, որ իշխանությունը ոչինչ երաշխավորել չի կարող»:


Փաշինյանը հրապարակավ խոստովանեց իր անկարողությունը, բայց միաժամանակ հրաժարական չտվեց, այլ նախընտրեց, ավանդույթի համաձայն, ամեն ինչում մեղադրել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Որպես շեղող հնարք՝ այս օրերին ողջ թափով շահագործվում է այն ծեծված արտահայտությունը, թե սահմանագծումն ու սահմանազատումը տևական գործընթաց է, իբր՝ հույս կա, որ հընթացս կհստակեցվի Արցախի կարգավիճակը, ու այլևայլ դատարկախոսություն պարապ ականջի համար, իբրև թե հնարավորություն կա, որ խոսք կգնա անկախության մասին։ Բրյուսելում Արցախի թեմայով Փաշինյանի լռությունն արդարացնելու փորձը՝ այն պատճառաբանությամբ, թե ԵՄ մայրաքաղաքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, տխմարագույն զառանցանք է. մենք Ադրբեջանի հետ այլ հարաբերություններ չունենք, բացի Արցախի խնդրից, եթե իրերին նայենք իրական քաղաքականության տեսանկյունից։


ՆՈՒՅՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԴԻՏԵԼԻՍ ՆԿԱՏԵԼԻ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ պաշտոնական Բաքվի փորձերը։ Ալիևը տեսնում է Փաշինյանի ռեժիմի խարխլվածությունը և նրա դավաճանական ծրագրերին ցուցաբերվող դիմադրության շարժման ակտիվացումը Հայաստանի ներսում։ Կանխամտածված լռության է մատնվում այն հանգամանքը, որ Փաշինյանի ռեժիմն ընդունել է Բաքվի բոլոր 5 առաջարկները (նախապայմանները), իսկ Բաքուն, իր հերթին, մերժել է ռեժիմի լրացումներն այդ նախապայմաններին։ Չնայած դրան, Փաշինյանը քայլեր է ձեռնարկում խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ՝ ի վնաս Արցախի անվտանգության, հնչեցնելով հերթական սուտն այն մասին, թե ինքը հիմք է ընդունում Արցախի ոչ թե կարգավիճակը, այլ անվտանգությունը։ Կարելի է կարծել, թե Ադրբեջանի կազմում Արցախը կարող է անվտանգություն ունենալ։ Իր դավաճանությունը Փաշինյանը փորձում է վերագրել ժողովրդին, որը, իր խոսքերով, 44-օրյա պատերազմից հետո իրեն օժտել է հակամարտության խաղաղ կարգավորման մանդատով։


Ավելի վաղ Փաշինյանը հղում էր կատարում Մինսկի խմբին, որպեսզի համանախագահները բանակցություններ նախաձեռնեն խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ, թեև Մինսկի ձևաչափը չունի նման մանդատ, այլ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ:


Համանախագահների ձևաչափի վերաբերյալ կան հիմնավոր մտավախություններ. ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հաստատել են իրենց մասնակցությունը, սակայն դժվար թե նրանք ինչ-որ բան քննարկեն ռուս համանախագահի հետ։ Մինչ պաշտոնապես ձգձգվում է անորոշությունը, ֆրանսիացի համանախագահի Երևան կատարած այցը հիրավի ցնցող եզրակացությունների հանգեցրեց առանձին քաղաքագետների։ Ռեժիմին ծառայող պարոնայք անմիջապես հայտարարեցին, թե Եվրոպայի հովանու ներքո մեր գործերը կընթանան հալած յուղի պես։ Ամեն ինչ պարզ է (մեջբերում եմ առանց չակերտների, բայց բուն տեքստով). Ուկրաինայում Պուտինի բռնապետական ռեժիմի պարտությունից հետո կոլեկտիվ Արևմուտքը կզբաղվի Թուրքիայով և Ադրբեջանով, որտեղ նույնպես բռնապետական ռեժիմներ են, իսկ արդյունքում կշահի Հայաստանը։ Հովսեփ Խուրշուդյանն այդպես էլ հայտարարեց, թե հենց այդ սցենարն է բխում Ուկրաինայի ներկայիս իրադարձություններից։


Նման քաղաքագիտական հերետիկոսություն ռեժիմի քարոզչամեքենան այս օրերին տիրաժավորում է առանց դադարի։ Իսկ բացի այդ, սույն քարոզչամեքենան վերջին օրերին ակտիվորեն քննարկում է ռուսական զենքի թեման՝ անփոփոխ պնդումով, թե հայկական բանակի բարեփոխումը պահանջում է վճռական հրաժարում ռուսական սպառազինությունից, որն, իբր, ապացուցել է իր ոչ պիտանի լինելը Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիստականացման հատուկ գործողության ընթացքում…


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունն իրեն պահում է Թուրքիայի գործակալի պես, մինչդեռ իր դառը փորձից դասեր առած Վրաստանը հրաժարվեց ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում:


Ռազմական ճնշման տակ


2022 թվականը նշանավորվեց Սյունիքի Ներքին Հանդի մերձակայքում ադրբեջանական զավթիչների առաջխաղացմամբ ևս 1 կիլոմետրով, ինչը համառորեն թաքցվում էր ՊՆ-ի կողմից, թշնամին խորացել է նաև Վարդենիսի մերձակա տարծքում: Իր ելույթում Փաշինյանը Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներխուժումն անվանեց իշխանության բացթողում։ Մայիսի 12-ին մեկ տարի կլրանա սողացող բռնազավթման օրից։


ԸՆԴ ՈՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵՑ ԹՈԹԱՓԵԼ ՄԵՂՔՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ և սլաքները տեղափոխել ՀԱՊԿ-ի վրա։ Սողացող բռնազավթումը շարունակվում է, ադրբեջանցիները խորանում են երկրի տարածքում զենքը ձեռքին, նման պայմաններում սահմանազատում հնարավոր չէ ի սկզբանե։ Նման գործընթացները չեն իրականացվում ռազմական ճնշման տակ, այլապես այդ գործընթացը կարելի է հավասարեցնել տարածքների զինված զավթման՝ սահմանների հստակեցման ցուցանակի տակ։


Գրեթե ոչ ոք կասկած չունի, որ հայկական կողմը սահմանազատման հանձնաժողով կգործուղի ոչ թե մասնագետների, այլ Փաշինյանի հնազանդ կամակատարների, որոնք կգործեն ադրբեջանցիների հրահանգով, եթե, իհարկե, ռուսները չորոշեն իրենց ձեռքն ու սեփական վերահսկողության տակ վերցնել գործընթացը, ինչը դժվար թե փրկի Հայաստանին տարածքային կորուստներից։


Ալիևի և Փաշինյանի միջև «կոնսենսուս մինուս Արցախ» գործարքը կայացել է, և արդեն կարևոր չէ, թե ով է հանդես եկել դրա կնքահոր դերում. Եվրոպան, Ռուսաստանը, թե Թուրքիան։ Կարևորն այն է, որ գործընթացները շարժվում են նախանշված ուղղությամբ, բայց հայ հասարակության մի մասը նախընտրում է ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում։ Իսկ ապրիլի 13-ին առանձնակի սրտացավ քաղաքացիները նույնիսկ կարեկցանքով համակվեցին Նիկոլի նկատմամբ. չէ՞ որ կապիտուլյանտն այնքա՜ն խղճալի էր խոսում խորհրդարանի ամբիոնից այն մասին, որ միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում»։


Նախքան 2018-ի գարնանն իշխանության զավթումը այդ հանրությունը ճնշում էր գործադրում Ալիևի վրա, որպեսզի նա ճանաչի Արցախը։ Զգո՞ւմ եք տարբերությունը։ Ապրիլի 13-ի ելույթը լսել են բոլորը, ուստի սահմանափակվեմ ներկայացված հղումներով, քանզի դրանք էլ բավական են միանշանակ եզրահանգման համար. նման ելույթներից հետո հրաժարակա՛ն են տալիս։ Եթե ինքդ ես խոստովանում, որ ոչինչ չես կարող անել, ապա բարեհաճիր հեռանալ բանակցությունների սեղանից։ Ասենք, դու վաղուց արդեն ոչ թե սեղանի շուրջ ես, այլ սեղանի վրա։ Հայաստանը պետք է շտապ կարգով փոխի բանակցողին…


Մարինա Մկրտչյան

ԳԱ

լլլլ.jpg