Փաշինյանի նորանոր զիջումները

20.04.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը իրականություն դառնա, Հայաստանը տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր կունենա. այս մասին հայտնում է «Ազատությունը»՝ հղում կատարելով կառավարության ղեկավարի աշխատակազմին:


Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, տրվել է կարճ պատասխան. «Այո»։


ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. արդեն իսկ «տարածքային ամբողջականության խնդիր» ձևակերպումը տվյալ համատեքստում պարզապես արտառոց է թվում։ Ակներև է Հայաստանի ինքնիշխան տարածքը թուրք-ադրբեջանական հաղորդակցական նախագծի կարիքներին ծառայեցնելու բացահայտ ցանկությունը։ Այնպես որ դա ամենևին էլ խնդիր չէ, դա ակնհայտ տարածքային նկրտում է։ Եվ կառավարության ղեկավարի աշխատակազմը պետք է բարձրաձայն հայտարարեր այդ մասին, այլ ոչ թե սահմանափակվեր պետության շահերի տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունեցող հարցին միավանկ պատասխան տալով։ Թեև, դատելով ամենից, Հայաստանի ներկայիս վարչապետի ներկայիս աշխատակազմն ընդհանրապես չի հանդգնում ասել այն ամենը, ինչը կարող է այնքան էլ դուր չգալ Բաքվին և Անկարային։


Իրականում արդեն ակնհայտ է, որ Երևանի նշաձողն իջնում է ոչ միայն Արցախի կարգավիճակի հարցում։ Այն Արցախի, որը դեռևս մի քանի տարի առաջ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում հռչակեց Հայաստան։ Փաստորեն, դա (նշաձողը) իջել է նաև բուն Հայաստանի հարցում։ Ընդամենը 10 ամիս առաջ Փաշինյանը վստահորեն պնդում էր, թե Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու որևէ միջանցքի վերաբերող հարցեր, բայց հիմա խոսքն այն մասին է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է երկրի տարածքային ամբողջականության խնդիրներ ստեղծել։ «Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք»,-համոզում էր Փաշինյանը հայ հասարակայնությանը անցած տարվա հունիսին՝ աբսուրդ անվանելով Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները Հայաստանի կողմից իր տարածքով միջանցք տրամադրելու մասին:


Ահա ինչ էր նաև ասում այդ առնչությամբ Փաշինյանն այն ժամանակ. «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ՝ ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար։ Այդ հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ՝ մասնավորապես գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելու մասով»։ Ահա այս նշաձողի վրա էր Երևանի դիրքորոշումը 10 ամիս առաջ։ Իսկ հիմա... «Զանգեզուրի միջանցքը կարող է ստեղծել տարածքային ամբողջականության խնդիրներ»։


Արցախի իշխանություններն առավել քան միանշանակ հայտարարեցին, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը բացարձակապես ընդունելի չէ։ Ըստ էության, Փաշինյանին՝ իր թիմով ու իր նշաձողով հանդերձ, Ստեփանակերտը մերժեց։ Իսկ ի՞նչ անի Սյունիքը։ Ի՞նչ անի ընդհանրապես Հայաստանը, որի շահերի և կարգավիճակի նշաձողը Փաշինյանը մեթոդաբար իջեցնում է։ Ոչ այնքան վաղուց նա (Փաշինյանը) առաջարկեց դեղատոմսը. զինվել ամուր նյարդերով։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող իրական խնդիրներին, ապա դրանցից գլխավորը գործող իշխանությունն է։


Արա Մելիքսեթյան

ԳԱ

լլլլ.jpg