top of page

Փաշինյանի տարերքը

  • 6 июн. 2020 г.
  • 2 мин. чтения

06.06.2020

«Չկա կռիվ, չկա Նիկոլ Փաշինյան», վարչապետին անվստահություն հայտնելու Իմ քայլը խմբակցությանն ուղղած կոչում շաբաթներ առաջ ասում էր Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նրա այդ կոչը գործնականում դարձավ վարչապետի եւ կառավարության հրաժարականի վերաբերյալ ելույթների եւ կոչերի մեկնարկ: Շղթան նախօրեին հասել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նա էլ պահանջեց կառավարության 100 տոկոսի հրաժարական:


Գագիկ Ծառուկյանի կոչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց շատ կոշտ, հիշեցնելով նախկին իշխանության շրջանին առնչվող քրեական գործերի, ընտրակեղծարարության եւ այլնի մասին:


Գագիկ Ծառուկյանի կոչը համենայն դեպս հռետորաբանության շրջանակում խթանեց կառավարող ուժի հեղափոխականությունը: Այլ կերպ ասած, ստեղծվում է իրավիճակ, երբ կա կռիվ, եւ ըստ «սիլոգիզմի», այս դեպքում` Միքայել Մինասյանի սիլոգիզմի, ենթադրվում է, որ կա նաեւ Նիկոլ Փաշինյան:


Կասկածից վեր է, եւ հետհեղափոխական երկամյակը ընդգծեց դա, որ «կռիվը» կամ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի տարերքն է:


Ըստ այդմ, ստացվում է, որ ընդդիմության դիրքերում գտնվող եւ նախկին համակարգը ներկայացնող տարբեր ուժերը շղթայական ռեակցիայով Նիկոլ Փաշինյանին մղում են իր տարերքին, այդ տարերքի դաշտ:


Ինչ որ իմաստով ստացվում է «ալոգիզմ»: Ինչու՞ են Փաշինյանի հակառակորդները նրան մղում մի դաշտ, որտեղ ամենից ուժեղն է կամ առավելագույնս ուժեղ եւ արդյունավետ է: Ո՞րն է շարժառիթը:


Արդյոք կա մի համընդհանուր վտանգ, որն անկախ ներքին տարաձայնություններից եւ հաշիվներից, Հայաստանի համար ունի բավական մեծ ռիսկեր, եւ դրանց դիմագրավելու համար պահանջվում է Փաշինյանի ուժեղացում: Այդ դեպքում իհարկե տրամաբանական չէ՞ նրան ուժեղացնել պարզապես աջակցություն հայտնելով, առավել եւս, որ կա կորոնավիրուսային առիթը:


Առերեւույթ թվում է, թե այդպես է: Բայց, կասկած չկա, որ նրան աջակցությամբ ուժեղացնելու պարագան իրականում ունենալու է հակառակ էֆեկտ եւ խորացնելու է Փաշինյանի ու հեղափոխության այսպես ասած «պայմանավորված» լինելու կասկածը: Իսկ խորացնողներ հաստատ կգտնվեն, նրանք արդեն կան, նրանք պարբերաբար անում են դա:


Ըստ այդմ, նրան ուժեղացնելու եւ դրա միջոցով համընդհանուր վտանգը կանխելու կամ չեզոքացնելու համար մնում է Փաշինյանին տարերքի տիրույթ մղելը, նրա համար գործունեության «կոմֆորտ գոտի» ձեւավորելը:


Դա իհարկե հնարավոր կամ հավանական մի շարժառիթն է:


Մյուսը, եթե չկա ընդհանուր, լայն վտանգ եւ բանն ընդամենը ներքին հաշիվներն են, ըստ երեւույթին կարող է ենթադրել այլ տրամաբանություն: Այսինքն, թվացյալ տարերքի կամ հարմարավետության գոտին Փաշինյանի համար ուժեղ գոտի էր մինչեւ հեղափոխությունը կամ հեղափոխությունից ոչ շատ հետո: Բայց, որքան նա երկար է վարչապետի, պետական թիվ մեկ կառավարչի եւ առաջին դեմքի կարգավիճակում, այնքան այլ, եւ հեղափոխական տարերքից հեռու  է նրա շուրջ ձեւավորվող հանրային ակնկալիքն ու պահանջը, եւ միաժամանակ ներքին ու արտաքին մարտահրավերների բերումով առկա քայլերի պահանջը:


Այդ պարագայում, հեղափոխականությունը թվացյալ տարերքի կամ հարմարավետության գոտի լինելով, խորքային առումով Փաշինյանից կարող է խլել միայն ժամանակ ու էներգիա, խորացնելով խնդիրները: Այդ պարագայում կստացվի, որ մղելով նրան իր տարերքի դաշտ, նրան կարող են «խաբս» տալ, եւ ըստ այդմ հեղափոխական տարերքի դրդող քայլերին ի պատասխան Փաշինյանին գուցե անհրաժեշտ է հեղափոխականությանն ասիմետրիկ վարքագիծ, որը թույլ կտա լուծել թե իր, թե հանրության ու պետության խնդիրները, ոչ թե իր մրցակիցների կամ հակառակորդների:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page