02.09.2023
Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը ազերբայդժանի մաս ճանաչելու բանավոր հայտարարության» ալիբին դեռ շատ ջուր է քաշելու։ Արցախը ցեղասպանելու եւ Հայաստանի պետականությունը վերացնելու ծրագրերի շուրջ արտաքին կոնսենսուսի կողմերին այդ հայտարարությունը պետք էր միջազգային կարգն ու հիմնարար սկզբունքները շրջանցելու, հայկական իրավունքներն անտեսելու համար։
Միեւնույն ժամանակ, առոչինչ են ինչպես այդ հայտարարությունը, այնպես էլ անհնար՝ այդ հիմքով հայկական իրավունքներն ատեսելու ջանքերը։ ԱՄՆ-ն Երեւանում իր դեսպան Քվինի բերանով Արցախը ցեղասպանելու հանձնառության մասին հայտարարելուց հետո ստիպված էր խոսել ինչ որ փոխզիջումների մասին։ Ռուսաստանն արդեն դրա հնարավորությունն էլ չունի՝ Մոսկվան ներկայում իրականացնում է ցեղասպան ծրագրի հատկապես կեղտոտ օպերատիվ գործողությունները գետնի վրա։
Եվ ահա, ավագ գործընկերներից որոշել է հետ չմնալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա անունից տարածված հայտարարությունը (բնագիրն՝ այստեղ) ընդամենը լավրովյան պլանով եւ Նիկոլի առաջնորդությամբ Բաքվի շահերի ու պահանջների վերաշարադրանք է՝ «եվրոպական արժեքների» փաթեթավորմամբ։
Որոնք են առանցքային կետերը․ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացում եւ Ակնայի ճանապարհի գործարկում, «ԼՂ բնակիչների իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում», ավելի պարզ ասած՝ Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքի մերժում եւ բնիկ մեծամասնության արտաքսումն իր հազարամյա հողից։
Սա այն պարագային, երբ այս տարվա մարտի 15-ին Եվրախորհրդարանի բանաձեւի առաջին կետում ասվում է․
1․ Եվրախորհրդարանն ընդգծում է՝ ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգավորում, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. հրապարակված բանակցային հիմնարար սկզբունքները։
Այսինքն, Եվրոպական խորհրդարանն արձանագրել էր, որ նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական «եռակողմ» թուղթը կարգավորում չէ, եւ միջազգային իրավունքի հիման վրա պետք է քննարկվեն Արցախի ինքնորոշման եւ կարգավիճակի խնդիրները։ Նշենք, որ այս բանաձեւն ընդունվել է այն բանից հետո, երբ Նիկոլն արդեն «բանավոր հայտարարություն էր արել Արցախն ազերբայդժանի կազմում ճանաչելու մասին»։
Շառլ Միշելի բարբաջանքները պետք է դիտարկել Հայաստանի եւ նրա մաս Արցախի վերացմանը լծված Փաշինյան-Ալիեւ դուետի, այդ թվում եվրաբյուրոկրատիան ոտքից գլուխ գնելու նրանց նյութական կարողությունների ծիրում։
Comments