22.06.2020, ԵՐԵՎԱՆ
Գագիկ Ծառուկյանը դատարանի որոշումից հետո, որով մերժվել է նրան կալանավորելու միջնորդությունը, հյուրասիրություն է կազմակերպել ռեստորանում եւ նշել այդ իրադարձությունը: Նա իր հանդեպ գործողությունները որակում է քաղաքական հետապնդում այն բանի համար, որ պահանջել է կառավարության հրաժարականը: Իշխանությունը պնդում է, որ գործը հարուցվել է նախքան նրա այդ պահանջը, նա նախօրոք իմացել է այդ մասին եւ հրաժարական պահանջել, որպեսզի հետո հայտարարի, որ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Մինչ դատարանի որոշումը, ԱԱԾ-ն հրապարակեց մի շարք փաստաթղթեր, որոնց թվում նաեւ ԲՀԿ պատգամավորների երդմնագրերը Գագիկ Ծառուկյանին: Փաստացի, երկրի բարձրագույն մանդատը ստանալիս այդ պատգամավորները երդվել են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ Գագիկ Ծառուկյանին:
ԲՀԿ-ն հիշեցնում է մինի թագավորություն՝ թագավորով ու ճորտերով: Ֆեոդալիզմի ժամանակ ըստ էության ճորտեր էին նաեւ ավատատերերը, որոնք կարող էին զրկվել իրենց կոչումից թագավորին չհպատակվելու համար: ԲՀԿ ավատատերերը՝ պատգամավորները, որոնք առատ նվերներ ու արտոնություններ են ստանում թագավորից, պարտավոր են պաշտպանել նրա շահերը. դա է նրանց միակ խնդիրն ու գործառույթը:
ԲՀԿ-ն գործում է հենց այդ տրամաբանությամբ: Լրագրողները պատմում են, թե ինչ է կատարվում ԲՀԿ-ում, երբ խորհրդարան է ժամանում Գագիկ Ծառուկյանը: Հուզիչ տեսարան էր նաեւ թանկարժեք աքսեսուարներով պատգամավորների բողոքի ակցիան դատարանի շենքի մոտ եւ անմեղ աչուկներով «սուխոյ ատկազները»: Հենց այդտեղ ԲՀԿ կարկառուն պատգամավորներից մեկը՝ Գեւորգ Պետրոսյանը, հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը հավերժ է:
Պե՞տք է արդյոք ԲՀԿ-ն պետությանն ու հանրությանը: Նախորդ ռեժիմի օրոք ԲՀԿ-ն իրականացնում էր քրեական համակարգի բնականոն կենսագործունեության ապահովման գործառույթը, կանգնելով հանրության ու վարչակարգի արանքում եւ իր ռեսուրսներով փակելով հանրության քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական պահանջների ճանապարհը: ԲՀԿ-ն ասում է, որ ներկայիս գործը, որը կապված է ընտրակաշառքների հետ, շինծու է, թեեւ Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչ եւ ինչպես է կատարվել, այդ թվում այն «գորշ զանգվածը», որը կանոնավոր քվեարկում է ԲՀԿ-ի օգտին: Նաիրա Զոհրաբյանն օրինակ խոստովանել է այս մասին: Հենց այս զանգվածն էր «լեգիտիմացնում» ընտրությունները քրեականացված ռեժիմի համար, ինչը հնարավորություն էր տալիս քվեների հաշվարկում գործի դնել հայտնի բանաձեւը:
Ընդ որում, եթե համակարգի մի մասը՝ ՀՀԿ-ն, պարզապես կեղծում ու ոչնչացնում էր ընտրական համակարգը, ԲՀԿ-ն ոչ միայն մասնակցում էր դրան, այլեւ դրան տալիս հանրային լեգիտիմություն: Անգնահատելի ծառայություն համակարգին, իր հերթին՝ նման է մարմինը եւ հոգին սպանելու աստվածաշնչյան հայտնի պատմությանը:
Հեղափոխությունից հետո ԲՀԿ-ն զգաց իր դերակատարության վերջը եւ արագ միացավ հեղափոխությանը, իսկ նոր իշխանության եկող ուժերը ցույց տվեցին, որ իրենք էլ չեն հասկացել, թե ինչ է կատարվել Հայաստանում: Ներկայում ԲՀԿ-ն ու Ծառուկյանը կարող են դառնալ հեղափոխական իշխանությանը հեռացնելու առանցքը, ունենալով վերը նշված ռեսուրսները:
Բայց տվյալ դեպքում սա չէ խնդիրը, այլ ԲՀԿ-ի դերը Հայաստանի կյանքում: ԲՀԿ-ում անշուշտ կան ինտելեկտուալներ, որոնք հասկանում են, որ այս ապաքաղաքական միավորը չի կարող վերափոխվել այլ՝ հանրային-պետական խնդիրներ սպասարկող կառույցի: Խնդիրն առավել խորն է եւ առնչվում է Հայաստանում դարեր ի վեր երկու իրարամերժ ու հակոտնյա երեւույթների՝ պետական ու «համայնքային» գոյության առերեսմանը: ԲՀԿ-ն իր մեջ խտացնում է հենց «համայնքային» արժեհամակարգն ու կենսափիլիսոփայությունը:
Դատարանի որոշումից հետո Գագիկ Ծառուկյանը դեռ շանս ունի կայացնել իր ամենակարեւոր որոշումը՝ իր եւ ԲՀԿ-ի հեռացումը քաղաքական ասպարեզից: ԲՀԿ-ն այլ դեր Հայաստանի քաղաքական կյանքում չի կարող ունենալ, անկախ նրանից՝ ինչ իշխանություն է Հայաստանում:
Comments