...1994-ին ես դեռ խմբագրում էի «Վարուժան» գրական-մշակութային ամսաթերթը: Այդ տարվա աշնանը,- սեպտեմբերին, թե հոկտեմբերին էր,- խմբագրություն եկավ մաեստրո Օհան Դուրյանը: «Ասելիք ունեմ: Ոչ ոք չի ուզում տպագրել: Եկել եմ դիմելու քեզ: Տեսնեմՙ դու ինչ կասես»: Օհան Դուրյանի հանդեպ առանձնակի համակրանք եւ հիացում ունեի ուսանողական տարիներից: Մինասի հետ գնում էի իր փորձերին ներկա լինելու: Ես ասացիՙ ինչ էլ լինի նյութը, ես կտպագրեմ: Ինքը լուրջ դժգոհություն ուներ իր հանդեպ եղած վերաբերմունքից: Երկու խոսքով ասաց, որ իշխանությունները իր հետ անազնիվ են վարվել, պարզապես խաբել են:
Պայմանավորվեցինք, որ ինքը կխոսի, կասի իր ասելիքը, եւ զրույցը անպայման լինի ձայնագրությամբ: Այդպես էլ եղավ: Օրը ճշտեցինք, հանդիպեցինք իր տանը, Նորքում: Ես խնդրեցի լուսանկարիչ Պողոս Պողոսյանին ընկերանալ ինձ: Պողոսը այդ օրը տասնյակ ու տասնյակ լուսանկարներ արեց: Մաեստրոն մանրամասնորեն ասաց իր ասելիքը, եւ խոսքը ձայնագրվեց: Հետո այդ ձայներիզը ես բնագրի վերածեցի:
Օհան Դուրյանի խոսքը պետք է տպագրվեր «Վարուժան»ի առաջիկա համարներում, 1995-ի հունվարին կամ փետրվարին: Բայց վրա հասավ 1994-ի դեկտեմբերի 28-ը: Եկան երիտհայերը եւ ոչնչացրին խմբագրությունն ու «Վարուժան»ը, ավտոմատների խզակոթերով խմբագրեցին խմբագրությունն էլ, խմբագրատունն էլ: Եվ նրանց կենդանական վարմունքից սկիզբ առավ այն ավերումն ու գահավեժ անկումը, որ շարունակվում են մինչեւ հիմա: Բարեբախտաբար ձայներիզը եւ արդեն պատրաստի բնագիրը մնացել էին տանը: Մի քանի այլ նյութերի հետ դրանք էլ փրկվեցին:
Անցել է երկու տասնամյակից ավելի ժամանակ: Մեծ արվեստագետի հետ կապված ամեն մի բան, մանավանդ իր խոսքը, այսօր մեզ համար մասունքի պես թանկ է:
Այս միտումով էլ որոշեցի հրատարակելու խնդրանքով «Ազգ»-ին ներկայացնել մաեստրո Օհան Դուրյանի այս ընդարձակ խոսքը, ձայներիզի գրանցումի տառացի ճշգրտությամբ: Կրկնում եմՙ ձայներիզը բարեբախտաբար պահպանվել է:
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ուզում եմ սկսել մի փոքր հեռվից, 25 տարվա մի տհաճ պատմությունից, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի եւ ամեն ինչ հասկանալի լինի: Կուզեի, որ մարդիկ իմանան, թե ինչի համար գնացի եւ ինչի համար եկա:
1969 թվականին Հայաստանը պատրաստվում էր մեծ շուքով նշելու Հովհաննես Թումանյանի ծննդյան հարյուրամյակը: Այդ առթիվ պատրաստվում էր «Անուշ»-ի նոր բեմադրություն, Վարդան Աճեմյանի բեմադրությամբ: Երաժշտական ներկայացման ղեկավարությունը հանձնվեց ինձ, հակառակ որ ես չէի աշխատում օպերային թատրոնում: Ես այդ ժամանակ աշխատում էի Լայպցիգում եւ Երեւանի ֆիլհարմոնիայում: Եվ հունիս ամսին մշակույթի նախարար Կամո Ուդումյանը ինձ կանչեց եւ ասաց, որ ուզում են, որ 100-ամյակի բեմադրությունը ղեկավարեմ ես եւ որ դա ոչ թե իր, այլ կառավարության որոշումն է: Ես ասացի, որ դա շատ նուրբ հարց է, որովհետեւ տարիներ շարունակ «Անուշ»-ը ղեկավարել է դիրիժոր Հակոբ Ոսկանյանը: Հիմա ինչպե՞ս պիտի լինի...
Նախարարն ասաց, որՙ դու այդ հարցերի հետ գործ չունես, դու դրանով մի զբաղվիր, դու միայն մտածիր ներկայացումը ղեկավարելու մասին. մենք քեզ տալիս ենք երեք կազմ: Առաջին կազմումՙ Անուշ - Գոհար Գասպարյան, Սարո - Վահան Միրաքյան եւ Մոսի - Միհրան Երկաթ:
Երկրորդ կազմումՙ Անուշ - Ելենա Վարդանյան, Սարո - Արտաշես Հայրյան եւ Մոսի - Արշավիր Կարապետյան:
Երրորդ կազմումՙ Անուշը կլինի Աննա Նշանյանը, Սարոՙ Տիգրան Լեւոնյան եւ Մոսիՙ Դավիթ Պողոսյան:
Նախարարն ասաց նաեւ, որ իհարկե, երգիչները կգան, կմոտենան, տեղափոխություններ կպահանջեն, դու ասա, որՙ դա իմ գործը չէ, որ սա կառավարության որոշումն է:
Իսկապես, երգիչները մոտեցան ինձ, խնդրեցին փոփոխություններ անել, ես պատասխանեցի, ինչպես նախարարն էր հուշել, եւ կարծեք թե ամեն ինչ հարթ անցավ:
Մենք սկսեցինք աշխատել:
Բայց մի օր ինձ մոտենում է Գոհար Գասպարյանն ու ասում էՙ Օհան, բան չեմ հասկանում, Տիգրան Լեւոնյանը պետք է երգի ինձ հետ, առաջին կազմում: Դու իշխանություններին պետք է դա ասես: Եթե դու ասես, նրանք կընդունեն եւ ամեն ինչ լավ կլինի: Դա՛ է ճիշտը:
Լավ, ասացի, ես կխոսեմ մինիստրի հետ, բայցՙ պայմանով, որ երբ Մոսկվա գնանք Բոլշոյ Տեատրում (1) երգելու, Ելենա Վարդանյանն ու Աննա Նշանյանն էլ գան մի-մի ներկայացում երգելու: Ես այս պայմանը դրի, որովհետեւ ինքն ալ պայման դրած էր, որ Մոսկվա միայն ինքը պիտի գնա:
Ասացիՙ լավ, ես կգնամ, մինիստրին կասեմ:
Մի խոսքով, ես գնացի Ուդումյանի մոտ եւ ասացիՙ այսպես-այսպես-այսպես:
Ուդումյանն ասացՙ Օհան, քեզնից չէի սպասում, Գոհար Գասպարյանը կմնա առաջին կազմում, Տիգրան Լեւոնյանը կմնա երրորդ կազմում, Ելենա Վարդանյանն ու Աննա Նշանյանն էլ կգնան Մոսկվայում երգելու: Դու այս հարցերով մի զբաղվիր:
Ես եկա եւ Գոհար Գասպարյանին պատմեցի, որ մինիստրը չհամաձայնեց: Պետք է ասեմ, որ դրանից հետո մեր հարաբերությունները նկատելիորեն փոխվեցին:
Եվ եկան ներկայացումների օրերը:
1969 թվական, 13 սեպտեմբերի... շաբաթ օր էր, պիտի երգեր առաջին կազմը, 14-ին, կիրակի օրը, կեսօրինՙ երկրորդ կազմը, նույն օրը երեկոյանՙ երրորդ կազմը: Եվ ամսի 19-ին, ուրբաթ օրը, պիտի լիներ հոբելյանական ներկայացումըՙ Անաստաս Միկոյանի ու հանրապետության ղեկավարության ներկայությամբ:
Եկանք, ուրեմն, 13-ի ներկայացմանը: Առաջին գործողության մեջ,- ես առհասարակ առաջին անգամ անգիր էի ղեկավարում ներկայացումը եւ «Անուշ»-ն էլ ղեկավարում էի առաջին անգամ,- մի տեղում Գոհար Գասպարյանը հինգ տակտ պիտի սպասերՙ վերստին երգել սկսելու համար, բայց մի տակտ սպասելուց հետո սկսեց երգել, առանց դիրիժորի մուտքի նշանի: Ուրեմն, ես չորս տակտով ետ ընկա: Մի կերպ, ձգելով, լրացրի-հարթեցի ստեղծված վիճակը: Դրանից հետո սկսեցի անընդհատ մտածել, միտքս ցրվեց, արդյոք ե՞ս էի սխալը: Հետո երաժիշտները ինձ ասացին, որ դա առաջին անգամը չէ, որ երգչուհին ինչ ուզում է, անում է բեմի վրա. իրենք երաժիշտներն արդեն վարժված էին: Ես արդեն անհանգստանում էի, թե ի՞նչ պիտի լինի մինչեւ օպերայի վերջավորությունը, ի՞նչ կարող է լինել ամեն մի րոպե... Շատ լարված, ես անցկացրի ամբողջ ներկայացումը: Հաջորդ օրը երգեցին երկրորդ եւ երրորդ կազմերը: Երկուշաբթի, սեպտեմբերի 15-ին, առավոտ գնացի անմիջապես մինիստրի մոտ եւ ասացի հետեւյալը. ես ուրբաթ օրվա հոբելյանական ներկայացումը չեմ ղեկավարելու, որովհետեւ այսպիսի անախորժ բան պատահեց, հիմա էլ կարող է ամեն բան պատահել, ես ինձ կարող եմ շատ վատ զգալ...
Մինիստրն ասացՙ Օհան, անկարելի բան ես ասում, էդպես չի լինի, ես պետք է Քոչինյանի հետ խոսեմ:
Քոչինյանի հետ խոսելուց հետո, սեպտեմբերի 17-ին, չորեքշաբթի օրը, ինձ կանչում է մինիստրը եւ ասում է, որ կառավարության որոշումը եղավ այն, որ դու պետք է ղեկավարես ներկայացումը, Գոհար Գասպարյանը չի երգելու: Ասում եմՙ ինչպե՞ս կլինի, դա մեծ խնդիր է դառնալու:
Ասացՙ այդպես է որոշել ղեկավարությունը:
Մնաց երկու օր մինչեւ ներկայացումը:
Ուրբաթ, ճիշտ ներկայացման օրը, առավոտյան ժամը 11-ի մոտերը, ինձ կանչում են կառավարության տուն, ինչպես ասում էինՙ Ցեկա, Ռոբերտ Խաչատրյանի մոտ: Ինձ հետ կանչում են նաեւ օպերային թատրոնի տնօրենինՙ Գեւորգ Արմենյանին:
Ռոբերտ Խաչատրյանն ինձ ասում է, որՙ Օհան, «Անուշ»-ի այս հոբելյանական ներկայացումը մեր բոլորի մտահոգությունն է, շատ եմ խնդրում, որ դու ղեկավարես, Գոհարը երգի, եւ որ երկուսով հանդես գաք, ժողովուրդը ձեզ սիրում եւ ճանաչում է...
Ասացիՙ ներեցեք, եթե ներկայացման ժամանակ ինձ մի բան պատահի, դուք կարո՞ղ եք ինձ օգնել: Ես չեմ ղեկավարի, թող Գոհար Գասպարյանը երգի: Ես ոչ մի դեպքում չեմ ղեկավարի:
Հետո Ռոբերտ Խաչատրյանը դիմում է Գեւորգ Արմենյանին, թեՙ դու ի՞նչ ես կարծում: Նա էլ ասում է, որ ճշմարտությունն այն է, որ Գոհար Գասպարյանը չորս տակտ առաջ անցավ: Դա անժխտելի փաստ է:
Պետք էր տեսնել, թե ինչ արեց Ռոբերտ Խաչատրյանը խեղճ Արմենյանի գլխին: Դու էդ ի՞նչ տեսակ կոմունիստ ես, որ, ասում է, այս իրավիճակում Օհան Դուրյանի կողմն ես բռնում, եւ այլն:
Ես Ռոբերտ Խաչատրյանին ասացի. Ռոբերտ Գրաչովիչ, դուք ձեր քաղաքականությունն արեք, ես չեմ խառնվում ձեր քաղաքական գործերին, երաժշտությունը գոնե թողեք մեզ, որ ես իմ գլխով անեմ:
Ինձ ասում էՙ դու մինչեւ հիմա չգիտե՞ս, որ քո գլուխը քեզ չի պատկանում, կուսակցությանն է պատկանում:
Ես ըսիՙ երեւակայեք, ես չգիտեի...
Հետո վեր կացավ, գնաց կողքի սենյակը, Քոչինյանի մոտ, հետո դուրս եկավ այնտեղից եւ ասաց. Օհան, դու կղեկավարես, Գոհար Գասպարյանը չի երգի:
Գնացի տուն, պատրաստվելու ներկայացմանը: Նորից նայեցի պարտիտուրը, հետո ֆրակս հագած գնացի թատրոն, ներկայացումից առաջ երգչախմբի հետ վերանայեցի որոշ տեղեր: Այդ ժամանակ մեկը դուռը խփեց եւ ասաց, որ մինիստր Ուդումյանը կանչում է ձեզ, գնացի: Մինիստրն ինձի ասում է, որ Միկոյանը, Քոչինյանը եւ ամբողջ ղեկավարությունը սպասում են, որ դուք երկուսդ միասին ելույթ ունենաք: Ես պնդեցի իմ որոշումը, ասելով, որ եթե ներկայացման ժամանակ ինձ մի բան պատահի, ձեզանից ոչ մեկը չի կարող իմ կյանքին երաշխավորություն տալ: Ես ձեզ քանի անգամ արդեն ասել եմ, Կամո Բաբիեւիչ, որ թող Գոհար Գասպարյանը երգի, ես չեմ ղեկավարի:
Ինչեւէ:
Սկսեցի ներկայացումը, բավական վատ տրամադրությամբ: Ներկայացումից առաջ նույնիսկ մտա բեմՙ ստուգելու համար, թե վրանի մեջ ո՞վ է նստել: Վստահ չէի, թե Գոհար Գասպարյանը չի: Ներկայացումից հետո արտիստները Վարդան Աճեմյանին եւ ինձ ձեռքերի վրա բարձրացրին: Հետո ինձ հրավիրեցին Անաստաս Միկոյանի մոտ մի գավաթ շամպայն խմելու: Միկոյանն ինձ ասաց. «Հազար տարի ապրես, Օհան, բայց դու պետք է մեզ լսես»:
Հետո մենք պիտի գնայինք Մոսկվա: Կառավարությունը հանձնարարեց երաժշտագետներին, որ մամուլում արձագանքեն հոբելյանական ներկայացմանը: «Սովետական Հայաստան» թերթից էլ եկան ինձ խնդրելու, որ գրեմ այդ ներկայացման մասին, արտահայտեմ իմ վերաբերմունքը: Դժբախտաբար, երաժշտագետներից ոչ ոք չէր համարձակվում գրելու իսկությունը:
Ես հանձն առա գրելու այդ հոդվածը, խոսեցի երեք կազմերի մասին էլ, ասացի, ինչ որ մտածում էի, եւ հոդվածը տպագրվեց: (2)
Եվ երբ արդեն պիտի գնայինք Մոսկվա, կառավարությունը հանձնարարեց երաժշտագետներին, որ հավաքվեն ու քննարկեն իմ հոդվածը, եւ եթե ես որեւէ բան ճիշտ չեմ ասել, պատասխանեն ինձ:
Պատասխան, իհարկե, չեղավ, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ, ի վերջո, ես ճիշտ էի:
Հիմա արդեն ինքնաթիռ նստած` գնում ենք Մոսկվա, նստած ենք վերջին սրահում, ամբողջ կառավարությունն է ինքնաթիռումՙ Քոչինյանը, Նագուշ Հարությունյանը, Բաղդասարյանը... Բոլորը: Ես ալ նստած էի Քոչինյանի կնոջ կողքը: Քոչինյանի կինը ինձ ասում էՙ ինչքան կցանկանայինք, որ երկուսով միասին երեւայիք ներկայացման մեջ: Ես ասում եմ, որՙ լավ կլիներ, բայց դժբախտաբար ես չեմ կարող, որովհետեւ եթե ես ներկայացման ժամանակ վատանամ, մեռնեմ, ինձ ոչ ոք չի կարող օգնել... Քոչինյանը մի կարգ առաջ էր նստած եւ, ըստ երեւույթին, լսում էր մեր խոսակցությունը, տեղից վեր կացավ, մատը վրաս թափ տալով ասաց.
- Հլա կտեսնես:
Այդպես էլ գնացինք Մոսկվա:
Ներկայացումը ես ղեկավարեցի, նյարդերս չափազանց լարված էին: Ավարտից առաջ, արդեն չդիմանալով վիթխարի լարմանը, ես կորցրի գիտակցությունս եւ վայր ընկա: Քոչինյանը, որ նստած էր առաջին շարքում, տեղից վեր կացավ եւ եկավ դեպի ինձ.
- Ի՞նչ եղավ քեզ, Օհան,- ասաց:
Ես պետք է գնայի Լայպցիգՙ շարունակելու այնտեղի իմ աշխատանքը. Լայպցիգի օպերային թատրոնի եւ նշանավոր «Գեւանդհաուս» նվագախմբի հետ պետք է մեկնեինք Հարավսլավիա հյուրախաղերիՙ համերգով եւ օպերայով: Դրեզդենի «Շտատս-կապելլե»-ի նվագախմբի հետ պետք է գնայի Շվեդիա, Նորվեգիա եւ Ֆինլանդիա: Իշխանությունը դեմ եղավ, եւ ինձ թույլ չտվեցին գնալու այս հյուրախաղերին: Հետոՙ ես մի կարճ ժամկետով պետք է գնայի Բեյրութՙ մորս տեսնելու: Բեյրութ գնացի, մորս տեսա, բայց հյուրախաղերի մեկնելու արգելքը մնում էր: Եվ այդ արգելքն էլ դրդեց, որ ես Բեյրութից փախչեմ գնամ Ամերիկա: Հայաստանի իշխանությունը ինձ գրեթե մեկ տարի հետապնդեց Ամերիկայում: Հետո Ամերիկայում ինձ գտավ Էդվարդ Միրզոյանը, Հայաստանի իշխանությունները Միրզոյանի միջոցով խնդրեցին, որ ես վերադառնամ Հայաստանՙ առաջին հերթին ղեկավարելու Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակին նվիրված հանդիսությունը, որին պետք է ներկա գտնվեր Բրեժնեւը: Միրզոյանի միջոցով ինձ խոստացան, երաշխավորություն տվեցին, որ այլեւս իմ գործունեության համար որեւէ արգելք չի լինելու, որ ես ազատորեն կարող եմ մեկնել ամեն տեղ հյուրախաղերի:
Ես հավատացի, եկա եւ ղեկավարեցի այդ տոնակատարությունը: Ամերիկայում եղած ժամանակ պայմանագիր ունեի Փարիզում համերգներ ղեկավարելու: Հիմա էլ ուզեցին դա խանգարել, հակառակ որ երաշխավորություն էին տվել ինձ արգելք չհանդիսանալու: Վերջիվերջո Միրզոյանին հաջողվեց համոզել Երեւանին եւ Մոսկվային, որ հարգեն իրենց խոստումը: Ի վերջո, ինձ զիջեցինՙ թույլ տվեցին մեկնել Փարիզ, բայց պայմանով, որ Միրզոյանը ինձ հետ գա Փարիզ եւ ինձ այնտեղից հետ բերի: Ես, իհարկե, հետ եկա: Ամերիկա եղած ժամանակս Վարուժան Գոճյանի (3) հետ պայմանավորվել էինք, որ ես 73-ին գնամ Ամերիկաՙ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում «Անուշ»-ի համերգային կատարումները ղեկավարելու: Դա էլ թույլ չտվեցին ինձ: Դրանից հետոՙ արդեն ես հրաժարվեցի ռադիոյում եւ օպերայում իմ աշխատանքներից եւ խնդրեցի ինձ թույլ տալ վերջնականապես մեկնելու Հայաստանից:
74-ի, մոտավորապես, փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին Մոսկվան որոշում է ընդունում Ռոստրոպովիչին երկու տարով թույլ տալ գնալ արտասահման: Սրանից քաջալերվելով, Երեւանն ալ թույլ տվեց ինձ երկու տարով գնալ արտասահման: Ես ուզում էի լրիվ գնալ, բայց ինձ թույլ չէին տալիս:
Արդեն արտասահմանում էի, գտնվում էի Վիեննայում, վեց ամիս անց գնացի դեսպանատուն եւ խնդրեցի երկարաձգել իմ անձնագրի ժամկետը: Ինձ ասում ենՙ պետք է Մոսկվա հարցնենք, մշակույթի նախարարությանը: Մոտ 10 ամիս սպասեցի, ամեն օրՙ այսօր-վաղը, այսօր-վաղը, տեսաՙ ինձ հետ մուկն ու կատու են խաղում, իսկ Ավստրիայում իմ մնալու ժամանակըՙ 6 ամիսը, վաղուց անցել է, սովետական դեսպանատունն էլ ինձ քթից բռնած խաղացնում է: Ես այլ ելք չունեի, ինձ մնում էր քաղաքական ապաստան խնդրելը: Եվ ես քաղաքական ապաստան խնդրեցի, մի բան, որ հաջորդ օրն իսկ հաղորդվեց հեռուստատեսությամբ, տպագրվեց թերթերում, հայտարարվեց հրապարակավ: Նույն օրն իսկ ինձ նամակով կանչեցին սովետական դեսպանատուն, թե եկեք, ձեր թղթերն եկան... Ես այլեւս հետդարձի տեղ չունեի:
Երկու տարի հետո, այդտեղ դժվարությամբ ապրելով, ոչ մի եկամուտ չունենալով, միայն մի փոքրիկ գումար ունեի հոգեպահուստ, որ պահել էի մինչեւ Հայաստան գալս, բարեկամների օգնությամբ գոյատեւելով, արդեն 77 թվին, Ավստրիայի այն ժամանակվա վարչապետըՙ Բրունո Քրայսկին, ներկա լինելով իմ մի համերգին, որոշում է ինձ տալ ավստրիական հպատակություն, ինձ ասելով թեՙ Ավստրիայի համար պատիվ է ձեզ նման հպատակ ունենալը: Դրանով վերջ դրվեց իմ փախստական-անապահով վիճակին ու իմ հոգեկան տվայտանքներին:
Այդպես էլ մնացի արտասահմանում: 74-ից մինչեւ 91 թվականը ավելի քան 50 նվագախմբեր ղեկավարելով ելույթներ ունեցա Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրսՙ Բեռլին, Վիեննա, Փարիզ, Ամստերդամ, Հռոմ, Միլան, Նիս, Բրյուսել, Քեյփթաուն, Յոհաննեսբուրգ... որ մեկը թվեմ... Այդպես մինչեւ 91 թվականը:
91 թվականի հունիս ամսին ես նամակ եմ ստանում մշակույթի նախարար Պերճ Զեյթունցյանից: Դա հրավեր էրՙ ելույթներ ունենալու: Եվ ես ուրախությամբ ընդունեցի այդ հրավերը եւ եկա:
Հայաստանում ես Պերճ Զեյթունցյանի հետ պայմանագիր ստորագրեցի, որով ստանձնում էի Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պարտականությունները:
Իմ այս խոսքով ես ուզում եմ, որ ամեն հայ իմանա իսկական ճշմարտությունը: Բանն այսպես եղավ:
Հայաստան գալու վերջնական որոշումը ընդունելուց առաջ, 1991 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 12-ին ես հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ: Ես չեմ խոսել իմ աշխատանքի մասին: Ես նախագահին հարցրել եմՙ Դուք իբրեւ Հայաստանի առաջին անձը եւ մեր հանրապետության նախագահը, կցանկանա՞ք, որ ես Ֆրանսիայից տեղափոխվեմ Հայաստանՙ աշխատելու եւ ապրելու: Իհարկե, ասաց նախագահը:
Դրանից հետո ես պնդեցի, որ ինձ համար պայմաններ ստեղծվեն օպերային թատրոնի երաժշտական ու կատարողական մակարդակը բարձրացնելու համար: Պետք է ասեմ, որ այս բանի հետ էլ նախագահը համաձայն եղավ: Ես, իհարկե, դա կարող էի անել առանց հարցնելու էլ, բայց ես չէի կարող գնալ նման քայլի, առանց իմ հանրապետության նախագահի վստահեցման:
Ճիշտն ասած, պետք է ասեմ, որ բնակարանիս մասին ալ խոսեցինք, ծառայողական: Եղավ, ասաց: Եվ անհրաժեշտ հրահանգները տվեց: Պետք է ասեմ, որ երեք տարի տեւեց: Ես պետք է բնակարան ստանայի, բայց մինչեւ օրս չեմ ստացել: Թեեւ երկու անգամ հայտարարվել է, թե ինձ բնակարան են հատկացրել: Մի անգամ հայտարարվեց քաղաքագլուխ Համբարձում Գալստյանի ժամանակ, մյուս անգամՙ Վահագն Խաչատրյանի ժամանակ:
Հիմա, օգոստոսի 31-ին 94 թվականիՙ օրդերս վերջապես ստացա: Այսինքն, երեք տարի հետո:
Ասեմ, որ նախագահի հետ հանդիպումից երկու օր հետո ես մեկնեցի Ֆրանսիա, ծախեցի տուն ու տեղս, կնոջս հանեցի աշխատանքից, ծախսեր արեցի Հայաստան տեղափոխվելու համար, այստեղ ալ տուն գնեցի, ահագին աշխատանք արեցի գնածս տնակը քիչ թե շատ հարմար բնակարան դարձնելու համար: Սրանք մեծ ծախսեր եղան ինծի համար... Եկա հայրենիքՙ ծառայելու եւ նվիրվելու: Երեք տարի աշխատեցի օպերային թատրոնում եւ իմ աշխատավարձը տվեցի թատրոնի երաժիշտներին եւ բանվորներին: Կինս ալ իր հերթին էր նվիրված մեր հայրենիքի այսօրվա վիճակը բարելավելու գործին. նա ավելի քան հինգ հազար մարդու համար օգնություն է կազմակերպելՙ ապահովելով նրանց հագուստով, դեղորայքով, սնունդով, դրամով եւ այլն: Եվ ցավով պիտի ասեմ, որ այս բոլորի վարձատրությունն այն է, որ ես այսօր իմ հայրենիքում գտնվում եմ այս վիճակի մեջՙ օտարված իմ գործից ու աշխատանքից, մատնված, քիչ է ասել թեՙ անուշադրության ու անտարբերության: Եվ ես ոչ մեկից ու ոչ ոքից, ով էլ որ նա լինի, գործ չեմ խնդրել ու չեմ խնդրելու: Եթե ուզում են, իրենք պիտի խնդրեն:
Հիմա դառնամ իմ բուն խոսքին:
Արդեն քանի մը ամիս հետո օպերային թատրոնում պարոն Տիգրան Լեւոնյանի հետ խոսում էինք, դա կլիներ 92-ի առաջին ամիսներին, փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին, խոսում էինք այն մասին, որ մեր աշխատանքային կարգը ճիշտ է, պետք է աշխատենք արեւմտյան եղանակներով, որ դահլիճը պետք է միշտ լիքը լինի, մեզ պետք չեն դատարկ դահլիճներ: Պետք չէ ներկայացում խաղալ դատարկ դահլիճում: Սա սխալ, մերժելի, դատապարտելի բան է: Այդպես աշխատել չի կարելի: Մի օպերա բեմադրում են, մի քանի ներկայացում գնում է, հետո այդ օպերան հանում են, ուրիշն են բեմադրում: Եվ միշտՙ լիքը դահլիճում: Այսպես են աշխատում արտասահմանում, ամեն տեղ: Եվ թատրոնի տնօրենությունն ինքն է որոշում, թե ո՞ր ներկայացումը քանի՞ անգամ պետք է ներկայացվի: Եվ ամեն ինչ անում են, որ երգիչները երգեն լիքը, լեփ-լեցուն դահլիճի առաջ... Սա շատ կարեւոր բան է, շատ կարեւորՙ ներկայացման որակի ու մակարդակի, երգիչների գործի ու աշխատանքի, եւ վերջապես ժողովրդի համար: Օպերային, եւ ընդհանրապես թատերական արվեստի համար սա շատ կարեւոր է ամեն իմաստով:
Պետք է օտար երգիչներ հրավիրել, որ նրանք երգեն մեր բեմերում: Եվ մեր երգիչներն ալ պետք է անպայման գնան արտասահմանՙ երգելու նրանց բեմերում: Սա բարձրացնում է երգչի պատասխանատվությունըՙ մասնագիտական ու ստեղծագործական առումով:
Այս ամենը պարոն Տիգրան Լեւոնյանին այնքան էլ հաճելի չթվաց: Եվ նա սկսեց երգիչներին լարել-տրամադրել իմ դեմ: Նրանք հավաքվել եւ ինձ մի նամակ էին հղել, թեՙ եկեք հրաժարվեք գլխավոր դիրիժորի պարտականություններից, մնացեք միայն իբրեւ պատվավոր դիրիժոր: Ես հանդիպեցի երգիչների հետ, բացատրեցի, թե ինչպես եմ պատկերացնում օպերային երգչի աշխատանքը եւ ինչ մտահղացումներ պետք է իրագործել մեր միասնական աշխատանքի որակն ու մակարդակը բարձրացնելու համար, եւ մարդիկ ինձ հասկացան:
Իմ մտքերն ու գաղափարները փաստորեն ճիշտ չէին ներկայացվել երգիչներին: Նրանք, օրինակ, կարծում էին, թե ով, ասենք, Արշակ Երկրորդ է երգում, ներկայացումը հանվելուց հետո այլեւս պիտի մնա անգործ: Օպերայում եղած-չեղածը մի քանի ներկայացում էՙ «Արշակ Երկրորդ», «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա», «Անուշ», «Տրուբադուր» եւ էլի մեկ-երկու ներկայացում: Եվ եթե այս բոլորը մեկ կողմ դրվի, ի՞նչ պիտի անեն երգիչները: Եվ այս բանը նրանց համար, իհարկե, տհաճ էր: Բայց երբ ես բացատրեցի, մարդիկ հասկացան ինձ: Ոչ մեկի համար հաճելի չէ դատարկ դահլիճի առջեւ երգել: Այո, ես ասել եմ, որ դրսից երգիչներ պետք է հրավիրվեն, բայց ես նաեւ ասել եմ, որ դա լինի այն պայմանով, որ մեր երգիչներն ալ գնան ուրիշ բեմերում երգելու:
Երգիչների հետ իմ զրույցից հետո մթնոլորտը լավացավ, կարծեք թե ամեն ինչ հարթվեց եւ իր տեղն ընկավ: Մեր միջեւ ոչ մի հակասություն չմնաց եւ կարծեք թե ամեն ինչ վերջացավ:
Ես ամեն ինչ պատմեցի մինիստրին, թեՙ այսպես-այսպես-այսպես: Սա 92 թվականի սկզբներին էր: Եվ խնդրեցի մինիստրից, որ օպերային թատրոնի համար կանոնակարգ մշակվի, թե օպերայի տնօրենը ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, գլխավոր դիրիժորը ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի... Հա,- ասաց մինիստրը,- պիտի անենք, պիտի անենք, կանենք, կանենք... Այսպես ձգվեց երկու տարի... Եկավ նոր նախարարՙ Հակոբ Մովսեսը: Եվ նորից ամեն ինչ մնաց նույնը:
94-ի սեպտեմբերի 1-ին լրանում էր իմ պայմանագրի ժամկետը: Եվ 94-ի հունվար-փետրվար ամիսներին տնօրենը սկսեց մտածել, թե ինչպես անեմ, որ Օհան Դուրյանը նեղանա ու վիրավորվի ու թողնի-հեռանա: Նա շատ լավ գիտի, որ նման իրավիճակներում ես իմ իրավունքի հետեւողական պաշտպանը չեմ, նման դեպքերում ես գերադասում եմ ներփակվել ինքս իմ մեջ եւ մի կողմ քաշվել:
Այս ամենի մեջ, նախ, «Անուշ»-ի քսանհինգ տարվա վաղեմությամբ պատմությունը կա, եւ հետո, թատրոնում իմ հեղինակության եւ աշխատակազմիՙ իմ հանդեպ ունեցած հարգանքի խնդիրը կա: Անհամեստություն չհամարվի, իմ հեղինակությունը թատրոնում եւ աշխատակազմի մեջ այնքան բարձր է, որ դա արդեն ինքնին դուր չի գալիս տնօրենին: Թեեւ, ասեմ, որ տնօրենն ինքը մինիստրի ներկայությամբ վկայել է. «Թատրոնում բոլորն ալ Օհան Դուրյանին սիրում եւ հարգում են»:
Այսպես է, որ տնօրենի համար անհրաժեշտ է դառնում Օհան Դուրյանից ազատվելը: Է, այս եղանակը չհաջողվեց, մյուսը փորձենք: Է, ինչ անենք, որ Օհան Դուրյանին համբերությունից հանենք: Եվ սկսեց երգիչներ ընդունելՙ առանց իմ կարծիքը հարցնելու կամ իմ վերաբերմունքը հաշվի առնելու: Նա դրա իրավունքը չունի: Ինձ հետ կնքված պայմանագրում այդ մասին գրված էՙ «փոխադարձ համաձայնությամբ»:
Օպերային թատրոնի 60-ամյակն են նշում, միջոցառումների ծրագիր են մշակումՙ առանց գլխավոր դիրիժորի: Թատրոնում ամեն մի հավաքարար գիտեր, թե ինչ են ձեռնարկում կամ ինչ են ուզում անել, բացի գլխավոր դիրիժորից:
Կամերային նվագախումբ են կազմակերպումՙ նորից առանց գլխավոր դիրիժորի, երաժիշտներ են ընդունումՙ առանց ինձ մի բառ ասելու:
Կողմնակի համերգներ են ծրագրվում, ծրագրեր են կազմումՙ առանց գլխավոր դիրիժորի:
Այս բոլորը արվում է այն բանի համար, որ կոլեկտիվի մոտ հարգանքը եւ համակրանքը իմ անձի հանդեպ պակասի: Եվ բացահայտ արհամարհալից վերաբերմունք կա իմ անձի հանդեպ, ասելու համար, թե Օհան Դուրյանը այստեղ ընդամենը դիրիժոր է, մինչդեռ տեր ու տնօրենը ես եմ այստեղ, միայն ես: Արդեն օպերային թատրոնի 60-ամյակի հանդիսության ժամանակ մարդը պարզորեն բացահայտեց իր վերաբերմունքը, ասելով, թեՙ Օհան Դուրյանն ալ է մեզ մոտ աշխատում, բայց մեր թատրոնի գլխավոր ու միակ դիրիժորը եղել է ու կմնա Միքայել Թավրիզյանը: Ես եմ գլխավոր դիրիժորըՙ նա հատկապես ընդգծում է, թե այսօր էլ Թավրիզյանն է գլխավոր դիրիժորը:
Ես այս ամենի մասին արդեն քանի անգամ ասել եմ մինիստրին, բայց մինիստրը մատը մատին չի խփել, ոչինչ չի արել այս վիճակը հարթելու համար: Ես հա գնում-գալիս եմ, ինձ ասում էՙ այսօր-վաղը, այսօր-վաղը... Այդպես էլ ոչինչ չարվեց:
92-ի 24 հուլիսին համերգ ղեկավարեցի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ օպերային թատրոնում,- ասեմ, ծրագիրն ալ ասեմՙ Շուբերտՙ «9-րդ սիմֆոնիա», Վագների «Իզոլդայի մահը»ՙ Արաքս Մանսուրյանի հետ, եւ իմ «Կոմիտասյան»-ը: Այդ համերգը հայտարարվեց իբրեւ նախօրյակ իմ հոբելյանի, որ պետք է տեղի ունենար սեպտեմբեր 92 թվականին: Այդպես հայտարարվել էր: Իմ համերգները միշտ լիքն են լինում, բայց այդ օրը դահլիճը կիսով չափ դատարկ էր: Բազմաթիվ երաժիշտներ մոտեցան ինձ եւ ասացին, թեՙ մոտեցել ենք տոմսարկղին, մեզ ասել են, թե տոմսերը սպառված են: Վստահորեն ինչ-որ մեկը նման հրահանգ է տվել կամ կազմակերպել է դա: Այդ էլ պատմեցի մինիստրին, բայցՙ նորից քար անտարբերություն:
Օպերային թատրոնում միահեծան տերուտնօրեն դառնալու համար պարոն Տիգրան Լեւոնյանը դիմում էր այնպիսի քայլերի, որոնց որակումը թողնում եմ ընթերցողին. նա արտիստներին առանձին-առանձին կանչում է իր աշխատասենյակը եւ թուղթ է ստորագրել տալիս, թե տվյալ արտիստը չի ուզում աշխատել Օհան Դուրյանի հետ:
94 թվականի մարտի 8-ին ինձ զանգահարում է Տատյանա Նիկոլաեւնան, նա պլանավորում էր օպերային թատրոնի աշխատանքները, եւ ասում է, որ Գեղարվեստական խորհրդի նիստ կա: Ներկա եմ լինում, տեսնում եմ, որ սա Գեղարվեստական խորհրդի նիստ չէ, այլ ամբողջ կոլեկտիվի ժողով: Նստած է էնտեղ պարոն տնօրենը, որ որոշել է ժողովի քննարկման նյութ դարձնել Օհան Դուրյանի հարցը: Թե ինչ հանցանք եմ գործել, չգիտեմ: Այնտեղ հայտարարում են, թե Օհան Դուրյանի հյուրանոցային սենյակի համար վճարում են այնքան, որքան երեւի թատրոնի ամբողջ բյուջեն է: Է, ես ի՞նչ մեղավոր եմ, իմ պայմանագրի մեջ հատուկ կետ կա ինձ բնակարանով ապահովելու մասին: Պայմանագիր-մայմանագիր, իհարկե, չի հիշվում, ես տեսա, որ որոշել են ինձ հետ հաշվեհարդար տեսնել...
Եվ ես որոշեցի մամուլի ասուլիս հրավիրել:
Մամուլի ասուլիս եղավ, ես ասացի ամեն ինչը, եւ ոչ մի բան չժխտեց իմ ասածներից պարոն Տիգրան Լեւոնյանը: Մամուլի ասուլիսը եղավ նախարարությունում, նախարարն ալ ներկա էր:
Տիգրան Լեւոնյանն ասում էր, որ ես ճնշում եմ դիրիժորներին, օրինակՙ Ջալալովին, բայց տեղնուտեղը մոռանում է, որ ինքը եկավ ասելու, թե Ջալալովը չի կարող «Պոլիուտո»-ն (4) («Պողիկտոս».- խմբ.) չափ տալ, որ ինքն ուզում է, որ «Արշակ Երկրորդ»-ում ես չափ տամ Յուրի Դավթյանի տեղը... Եվ այսքանից հետո դեռ ասում է, որ ես ճնշում եմ դիրիժորներին: Տիգրան Լեւոնյանը պնդում էր, որ Ջալալովը չի կարող չափ տալ:
Մի խոսքով, իմ պայմանագրի ժամկետն ավարտվեց, ես փաստորեն մնացի անգործ Հայաստանում: Իհարկե, կա ռադիոյի օրկեստրում իմ աշխատանքը, բայց դա էլ աշխատանք չէ այն իմաստով, որ երրորդ տարին էՙ լույս չկա, աշխատանքի պայմաններ չկան, փորձերի հնարավորություն չկա: Ձմեռվա ամիսները մատնվում ենք բացարձակ անգործության: Այնպես որ, օրկեստրը չի կարողանում աշխատել: Վիճակը այսպիսին է:
Այս ամենը, իհարկե, այսպես չէր լինի, եթե մի փոքր այլ լինեին նախարարության եւ մանավանդ նախարարի վերաբերմունքը:
Ես գիտեմ, որ նախարարն իմ հասցեին ասել է «ախպար» ու «ախպարական» (ոչինչ, ինչպես այստեղ են ասումՙ իր մեղքը իր վիզը), բայց հարգելի նախարարը թող չմոռնա, որ մասնագետները «Պողիկտոս»-ի բեմադրությունը համեմատեցին իտալական լավագույն բեմադրությունների հետ:
Նախարարությունը քար լռություն պահպանեց եւ բացարձակ անտարբերություն դրսեւորեց: Առայսօր ես նախարարությունից որեւէ արձագանք չեմ ստացել:
Ինձ մնում էր դիմել վերջին հուսահատ քայլին: Եվ դիմեցի:
Ես երեք անգամ դիմել եմ նախագահինՙ ունկնդրություն խնդրելով: Որեւէ պատասխանի կամ արձագանքի չեմ արժանացել: Չորրորդ անգամ դիմել եմ մամուլի ասուլիսի միջոցով, նորիցՙ նույն լռությունը: Մի շաբաթ առաջ էլ հեռագիր հղեցի Հանրապետության նախագահինՙ նորից ունկնդրություն հայցելով: Նորից նույն լռությունը: Չգիտեմ, ինչ մտածեմ:
Ուզում եմ հիշել մի վերջին միջադեպ էլ. Թումանյանի սիրտը Դսեղ տանելու օրերին, ավելի ճիշտ նախորդ օրը, ինձ զանգահարում է ռադիոյի իմ օրկեստրի տնօրենը եւ ինձ հայտնում է, որ ներքին գործոց նախարարըՙ Սիրադեղյանը ինձ հրավիրում է ներկա լինելու եւ մասնակցելու Դսեղում տեղի ունենալիք արարողություններին: Այդ օրը հանդիպելու էինք նախագահական ապարանքի մոտ եւ այդտեղից մեծ քարավանով մեկնելու էինք Դսեղ: Ներկա էին Հանրապետության նախագահը, Արարքցյանը, Գագիկ Հարությունյանը, մշակույթի նախարարը, ճանաչված մարդիկ, մտավորականներ, հյուրեր... Գնացինք, արարողությանը ներկա եղանք: Վերադարձին կանգ պիտի առնեինք մի ճաշարանումՙ հաց ուտելու: Այդտեղ ես չէի ուզում իջնել մեքենայից: Ինձ հետ միասին մեքենայում էին Մանսուրյանն ու իր կինը, նկարիչ Հակոբյանը... Նրանք իջան, ես հրաժարվեցի, պատճառաբանելով, որ ես եկել եմ Թումանյանի արարողությանը մասնակցելու միայն եւ ճաշից հրաժարվում եմ: Չէի ուզում իջնել: Վերջիվերջո, երբ իրենք նստել էին, Հակոբ Մովսեսը եկավ ինձ ասելու, թե նախագահը խնդրում է, որ դուք գաք: Ես ինքզինքս պետական մարդ զգալով եւ իմ նախագահին հարգելովՙ գնացի:
Նախագահը ճիշտ դիմացս նստած էր: Սոս Սարգսյան, Հրանտ Մաթեւոսյան... Հակոբ Մովսեսն ալ կողքս նստած էր: Հաց կերանք, իմ կենացն ալ խմեցին (Հրանտ Մաթեւոսյանը առաջարկեց), ուրիշ կենացներ եղան...
Ես, իհարկե, ինձ թույլ չտվեցի առիթը օգտագործելու նախագահին մոտենալու եւ իմ դիմումների մասին հարցնելու:
Կողքս նստած Հակոբ Մովսեսին միայն ասացի. «Ես արտասահմանում պատիվ-հարգանք ունեի, օտարների մոտ, թեեւ դժվարություններ ալ ունեի, ի վերջո, օտար էի այնտեղ: Բայց որ ես կգամ Հայաստան եւ ինքնզինքս իմ երկրի մեջ օտար կզգամ, որ իմ թեւերս կկոտրեն այստեղ, երբեք չէի սպասում»: Ասիՙ պարոն Հակոբ, պատասխան մի տաք դրան, պատասխան պետք չէ:
«Հա,- ասաց նախարարը,- ճիշտ է, մաեստրո, մենք Ձեզ նեղացրել ենք: Հետո կխոսենք...»: Դեռ էն խոսելն է, պիտի խոսենք... Այսքանը...
Այս է իսկությունը եւ այսպես է այսօր իմ դրությունը:
Ես Հայաստան եմ եկել իմ հայրենիքի ու իմ ժողովրդի համար: Եվ երբեք այլեւս չեմ հեռանալու Հայաստանից, ինչ էլ որ լինի: Եվ եթե կոմունիստների իշխանության օրոք ստիպված եղա հեռանալու Հայաստանից, ապա հիմա չէի ուզենա փոքրիկ իշխանավորների ու մանր շահատակությունների տեր մարդկանց, ապիկար ու ապաշնորհ անձերի խարդավանքների, նենգությունների ու դավերի զոհը դառնալ: Հայաստանից հեռանալը այսօր ինձ համարՙ գժության, խենթության հասցնելու պես բան բան մըն է: Եթե այդ է ուզում կառավարությունը, եթե ուզում է իրոք ինձ գժության հասցնել, կարող է անել դա:
Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ իմ մեքենայով ձեր տունը գնացինք, ձեր բակում բանվորները աշխատում էին, այն պարզ գործավորների խոսքը. «Վա՜յ, մեր Օհան Դուրյանը»:
Ես միայն եւ միայն այդ «մերի» համար եկա: Եվ ես նրանց հետ եմ այլեւս, իմ ժողովրդի ու իմ հայրենիքի հետ... Մնացյալը ոչինչ չարժե:
コメント